Թռուցիկ հայացք մեր պատմության սպիտակ էջերի վրայով

Քաղաքական վերլուծաբանների գնահատումներով, որը նաև կյանքն ինքն է փաստում, հայ
ժողովուրդը հայտնվել է երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից դուրս
վիճակում, որպես քաղաքական գործոն նվազ դերակատարություն ունի կամ չունի
ընդհանրապես, նախընտրում է տրտնջալով հարմարվելը կամ փախուստը, և իշխանությունները
նրա կարծիքը բոլորովին հաշվի չեն առնում:

Այս իրողության բացատրությունը հայ քաղաքական միտքը ներկայացնում է այսպես` նախորդ
իշխանությունները ջարդեցին ժողովրդի մոտ հավատը, իսկ ներկա իշխանությունները
շարունակում են նրանց սև գործը:

Նման բացատրության կողմնակիցները որպես հաշվանքի սկիզբ ընդունում են 1988-91
թվականները և որպես ելակետային պայման ամրագրում հետևյալը. Երրորդ հանրապետության
սկզբին հայ ժողովուրդը կազմակերպված էր, պետական շահը գիտակցող, արժանապատվության
զգացում ունեցող և այլն: Ավելի քան սպասելի է, որ նման «ստարտային» վիճակ ունենալու
դեպքում վերջին 15 տարիներին երկրում տեղի ունեցածի միակ բացատրությունը «Չար
իշխանությունների» թեզը կարող է լինել:

Մի կողմ թողնելով այն հարցը, որ նման հատկանիշներն արյան մեջ կրող հանրությանը
դժվար կլիներ այնպիսի դյուրությամբ ձևախեղել, ինչպես եղավ մեզանում, թռուցիկ մի
էքսկուրս կատարենք մեր իսկ պատմության վրայով, ինչը կօգնի հասկանալ, թե իրականում
բարոյա-կամային ինչ հատկանիշներ ուներ մեր հանրությունը արցախյան շարժումից առաջ:
Այդ էքսկուրսի կարիքը կա հատկապես այն պատճառով, որ նախաքրիստոնեական մեր
պատմությունը գրեթե ջնջված է, քրիստոնեական շրջանի պատմությունը գրված է առավել քան
կողմնակալորեն, խորհրդային փուլում ամեն ինչ էլ ավելի նենգափոխվեց, և 10-12 հազար
տարվա պատմություն ունեցող հայ ժողովուրդը ընդամենը մի քանի տարի է, որ
հնարավորություն ունի անաչառորեն քննել սեփական պատմությունը:

Մի՞թե այսպես է եղել հավերժ

«Հայերն այսպիսին եղել են, այսպիսին էլ կլինեն ապագայում»,- նման հոռետեսական
եզրահանգման կարելի է այսօր հանդիպել ամեն քայլափոխի: Ի դեպ, «այսպիսին» ասելով`
այդ եզրահանգման կողմնակիցները նկատի ունեն ժողովրդի բացառապես բացասական
հատկանիշները: Եվ առաջին հայացքից կարծես թե նրանք ճիշտ են, քանի որ տեսանելի
հիշողության մեջ /Երկրորդ և Երրորդ հանրապետություններ/ իսկապես մենք ունեցել ենք
թափթփված հասարակական հարաբերություններ, չկարգավորված հասարակական կյանք, ոչ
արդյունավետ իշխանական համակարգ, որոնք միասին կաշկանդել են հասարակության
զարգացումը:

Վերոբերյալ եզրահանգումն առավել հոռետեսական հնչեղություն կունենա, եթե հավելենք
նաև Առաջին հանրապետության տարիներին մեր ժողովրդի դրսևորած վարքը:

Մեզանում առկա է Առաջին հանրապետության որոշակի սրբացում, և շատերի մոտ այն
քնարական պատկերացումն է իշխում, թե այն տարիներին երկրի ներքին կյանքը եղել է
խստագույնս կարգավորված, արդարություն է եղել և ազնվություն: Մինչդեռ
իրականությունն այլ է եղել: Բերենք մի քանի օրինակներ:

«Օր-օրի աճող հանցավորությունն ընդունում է վիթխարի չափեր և վերաճելով՝ ստանում է
հրեշավոր բնույթ: Երկրում ավերածությունները մեծացնում են հանցավորությունը, իսկ
հանցավորությունը մեծացնում է ավերածությունը: Այս երկու երևույթները, մեկը մյուսին
նպաստելով, մեր կյանքը դարձնում են անտանելի»,- ութսունվեց տարի առաջ արձանագրել է
Երևանի օկրուգային դատախազը:

«Պետք է անմիջապես հեռացնել Նոր Բայազետի ողջ վարչակազմին, որի համատարած
հանցավորությունը երևում է Արտակարգ Հանձնաժողովի կողմից կատարված քննությունից»,-
Ներքին գործերի նախարարին գրել է Զինվորական նախարարը: Ուշադրություն դարձրեք` ողջ
վարչակազմին: «Իշխանությունները չեն պաշտպանում աշխատավոր գյուղացիության շահերը:
Նրանք հովանավորում են թալանչիներին: Եվ սպանվելու սարսափը մարդկանց ստիպում է
լռել»,- սա արդեն Քարվանսարա գավառի մասին է:

Դատաստանական պալատի Դատախազն արձանագրել
է. »Ծանր փորձությունների պահին, երբ
Հայրենիքը իրեն փրկելու համար պահանջում է բոլոր ստեղծագործ ուժերի լարում..., որոշ
չարամիտ պաշտոնեական անձինք սկսել են թույլ տալ հանցավոր անփութություն ու
իշխանազանցություն և ճակատագրի կողմից նվիրված ազատությունը ու ժողովրդի կողմից
ցուցաբերած վստահությունը դարձրել են իրենց անձնական բարեկեցության բավարարման
աղբյուր և իրենց պաշտոնեական դիրքը օգտագործում են իրենց ստոր շահադիտական ու
հակապետական նպատակներին հասնելու համար»:

«Պետական հայացք, պետական աշխարհայեցողություն մենք չունենք»,- նկատել է Կարսի
նահանգապետը»:

«Այն կաշառքները, սոսկալի ծեծն ու ճնշումը, մարդկանց վախեցնելը երբեք չենք մոռանա
մենք, մենք այս դրությանը չենք եղած, այսքան կաշառք չենք տված»,- պատժիչ ջոկատի
անօրինականությունների վերաբերյալ Ալեքսանդրապոլի հասարակության ներկայացուցիչների
բողոքից:

Այս օրինակներից հետո ակամա հարց է առաջանում. «Մի՞թե հայերն իսկապես այսպիսին եղել
են և այսպիսին էլ կլինեն ապագայում»:

Որ հայերն այսպիսին չեն եղել միշտ, փաստում են օտար հնագույն աղբյուրներն ու մեր
պատմությունից մեզ հասած կցկտուր տեղեկությունները:

Ըստ այդ աղբյուրների` շուրջ երեք-երկուսուկես հազար տարի առաջ հայերը ապրել են
ընդհանուրի օգտին ծառայող բարոյական բարձր և ոգեղեն օրենքներով, խորշել են
նյութապաշտությունից, եղել են առնական, նրանց համար կարևորը ողջ կյանքի ընթացքում
անբիծ ապրելն է եղել, կյանքի նկատմամբ սերը, սակայն և արհամարհանքը մահվան
նկատմամբ: Երկրում եղել է արդարություն, անգամ համայնքների ղեկավարները եղել են
ընտրովի, և նրանց հետ շփված օտարներն իրենց վավերագրերում բարի նախանձով նշել են,
թե հայերն ապրում են աստվածային օրենքներով: Այդ ժամանակներից սկսած մինչև մ.թ.
7-9-րդ դարեր օտար արքունիքներում տարածված էր «Քաջ է ինչպես հայը» համեմատությունը:

Եվ ի՞նչ պատահեց մեզ

Իսկապես, ի՞նչ պատահեց մեզ:

Պատահեց հետևյալը;

Նախ, քրիստոնեության տարածման ընթացքում տեղի ունեցան ներքին ընդհարումներ, որի
արդյունքում հազարամյակների ընթացքում ձևավորված ընտրախավը գրեթե ոչնչացավ: Միայն
Տարոնի նվաճման համար, իսկ Զենոբ Գլակի, ոչնչացվեց վեց հազար հոգուց բաղկացած
ընդդիմադիր բանակը:

Ապա տարաձայնություններ առաջացան բուն քրիստոնեության ներսում: Մանիքեականները
մերժում էին քրիստոնեության բացասական վերաբերմունքը մարդու աշխարհիկ կյանքի
նկատմամբ և, երկինքը աստվածների համար բավարար համարելով, պահանջում էին երկրի վրա
վերականգնել մարդու իրավունքը, նրան դարձնել դրա տերը և այն ծառայեցնել իր իսկական
տիրոջ կարիքներին: Բորբորիտները հանդես էին գալիս որպես կամքի ազատության
կողմնակիցներ, հակադրվելով քրիստոնեական ճակատագրապաշտությանն ու մերժելով եկեղեցու
ղեկավար դերը մարդկանց կյանքի կազմակերպման գործում:

Իշխող դավանանքին հակադրվող բոլոր այս շարժումների հետևորդները 4-5-րդ դարերում
դաժանորեն ոչնչացվեցին:

Ժողովրդավարական գաղափարների տեսանկյունից առաջադիմական բնույթ կրող այդ
ուսմունքների օրինաչափ զարգացման արդյունքը հանդիսացան պավլիկյանները: Նրանք մարդու
ակտիվ գործունեության սկզբունքի կողմնակիցներ էին, և ձգտում էին երկրի վրա
իրականացնել այն, ինչ եկեղեցին խոստանում էր երկնքում՝ արդարություն և
հավասարություն: Մարդու իրավունքի, նրա ազատագրության հարցը գլխավորն էր նրանց
համար: Մարդուն նյութի գերությունից ազատել, վերջ տալ ամեն տեսակ
ավելորդապաշտություններին, երկրի վրա հավասարություն ստեղծել՝ այս էր պավլիկյանների
նպատակը: Նրանք հույսը չդրին ինչ-որ մեսիայի գալստյան վրա, այլ զենքը ձեռքներին
դուրս եկան երկրի կառավարիչների դեմ՝ սարսափ տարածելով անգամ բյուզանդական կայսրերի
վրա: Յոթերորդ դարի կեսերին պավլիկյանները Փոքր Հայքում հիմնեցին խոշոր քաղաք, ապա
մի շարք ռազմական հաջողություններ տանելով՝ ստեղծեցին իրենց մինիպետությունը, ուր
հաստատեցին արդարություն և հավասարություն:

Հայ կառավարիչների հորդորով բյուզանդական կայսրերը, արաբ ոստիկանները ավելի քան
երկու հարյուր տարի նրանց խարանեցին, այրեցին խարույկների վրա, սպանեցին զենքը
ձեռքին:

Շատ չանցած սկիզբ առավ մի նոր, հզոր շարժում՝ թոնդրակյանությունը: Այս շարժման
որդեգրած դրույթները եղել են անչափ մարդկային և ընդունելի, ու այս անգամ արդեն
շարժմանը հարեցին նաև ազնվականներ ու բարձրաստիճան հոգևորականներ: Հայ
կառավարիչները կրկին դիմեցին բյուզանդական կայսրության օգնությանը, և արդյունքը
եղավ այն, որ ևս երկու հարյուր տարի ամենադաժան միջոցներով ոչնչացվեցին իրենց
իրավունքների համար մարտնչելու ընդունակ հայերը: Իսկ ով կարող էր, հեռացավ երկրից:

Չգոյության հազար տարի

Այս ամենի հետևանքով հայ ժողովուրդը ենթարկվեց որակական էական փոփոխությունների, և
երբ 11-րդ դարում քոչվոր ցեղերի ընդամենը քսան հազարանոց բանակը հայտնվեց
Հայաստանում, երկրում բնակվող մարդկային բազմամիլիոն բազմությունն այլևս զրկված էր
արտաքին վտանգը դիմակայելու ունակությունից: Իսկ մոնղոլների հասցրած հարվածից հետո,
երբ սեփական անդորրն ապահելու նպատակով քոչվորները մորթեցին ազնվականական վերջին
տների արական սեռի բոլոր ներկայացուցիչներին՝ հայ ժողովուրդը դադարեց պատմություն
ունենալ: Սկսվեց ստրկության վեցդարյա, զարհուրելի շրջանը, որի ընթացքում հայ էթնոսը
ենթարկվեց ահավոր նվաստացումների, դարձավ ամենավատթար պայմաններին հարմարվող:

Հոմո սովետիկուս

Խորհրդային ռեժիմն իր անվտանգ գոյությամբ մտահոգված՝ յոթանասուն տարում ձևավորեց
մարդու մի տեսակ, որը գիտությանը հայտնի է հոմո սովետիկուս անվամբ: Դա իրավիճակին
հարմարվելուն վարժեցված, անըմբոստ, զգուշավոր, սեփական պատյանի մեջ պարփակված,
իշխանական համակարգի առջև ստրկացված, երկկենցաղ /յուրայիններին մեջ՝ այլ,
հասարակության մեջ՝ իրեն բոլորովին այլ կերպ դրսևորող/ մարդն էր, որի գիտակցության
մեջ դաջված էր «ինձանից ոչինչ կախված չէ, ես ոչինչ փոխել չեմ կարող»՝ հասարակական
կյանքի կարգավորման գործում իրեն ոչ մի դեր չվերապահող թեզը:

Ահա այսպիսի պատմություն ուներ Երրորդ Հանրապետության հռչակումից առաջ մեր
հանրությունը: Ճիշտ է, արցախյան շարժման տարիներին որոշակի դրական տեղաշարժեր տեղի
ունեցան ժողովրդի թե' հանրային գիտակցության, թե' վարքի մեջ, սակայն, ինչպես
հետագան ցույց տվեց, դա բավարար չեղավ անցյալի ծանր բեռը թոթափելու համար:

Իսկ ի՞նչ անել

Այն, որ ժողովրդավարական համակարգը ամենաարդյունավետն է և երաշխավորում է
հասարակության արագ զարգացում` անվիճելի է: Երանելի այդ նպատակին տարբեր
ժողովուրդներ հասել են յուրովի: Մեզանում նկատվող տեղապտույտը, ոմանց կարծիքով`
նահանջը, մեր կարծիքով գլխավորապես պայմանավորված է քաղաքական ուժերի կողմից
սեփական ժողովրդի` պատմականորեն ձևավորված հատկանիշների չիմացությամբ: Սա է
պատճառը, որ թե իշխանությունները, թե ընդդիմությունը անզոր են իրականացնել իրենց
հայտարարած ծրագրերը:

Քաղաքացիական հասարակություն ստեղծելու ուղղությամբ արդյունավետ քայլեր անելու
համար անհրաժեշտ է լրջորեն ուսումնասիրել հանրության անցյալը, պարզել այդ անցյալով
պայմանավորված նրա հոգեբանությունն ու կամային հատկանիշները, և դրանցից ելնելով`
առաջադրել իրատեսական ու տվյալ իրավիճակում իրականանալի ծրագրեր: