ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայերի՝ 1915թ. հալածանքների եվ կոտորածների վերհիշում
Ստորև ներկայացնում ենք անցյալ տարվա հունիսին հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը, որի հայերեն տեքստը գերմաներենից թարգմանել է Աշոտ Հայրունին
Հայերի՝ 1915թ. հալածանքների եվ կոտորածների վերհիշում:
Գերմանիան պարտավոր է նպաստել թուրքերի եվ հայերի միջեվ հաշտության հաստատմանը
Բունդեսթագը որոշում է.
Գերմանական Բունդեսթագը խոնարհվում է բռնության, սպանդի եւ հալածանքների զոհերի
հիշատակի առջեւ, որոնց ենթարկվել է հայ ժողովուրդը Առաջին համաշխարհային պատերազմից
առաջ եւ դրա ընթացքում: Բունդեսթագը ցավում է Օսմանյան կայսրության երիտթուրքական
կառավարության արարքների համար, որոնք հանգեցրել են Անատոլիայի հայերի գրեթե
ամբողջական բնաջնջմանը, ցավում է նաեւ Գերմանական կայսրության անփառունակ
դերակատարման համար, որը, չնայած հայերի կազմակերպված հալածանքների եւ բնաջնջման
վերաբերյալ բազմակողմանի տեղեկություններին, նույնիսկ չի փորձել կասեցնել
ոճրագործությունները: Գերմանական Բունդեսթագն այդ վերհիշումով իր հարգանքի տուրքն է
մատուցում այն բոլոր գերմանացիներին եւ թուրքերին, որոնք դժվարին հանգամանքներում
եւ հակառակ իրենց այն ժամանակվա կառավարության դիմադրության, խոսքով եւ գործով
նվիրվել են հայ կանանց, տղամարդկանց եւ երեխաների փրկությանը: Առանձնապես դոկտոր
Յոհաննես Լեփսիուսի գործը, որը եռանդուն եւ ազդու կերպով պայքարել է հայ ժողովրդի
գոյատեւման համար, պետք է մոռացումից դուրս բերվի եւ հայ, գերմանացի ու թուրք
ժողովուրդների միջեւ հարաբերությունների բարելավման իմաստով խնամվի ու պահպանվի:
Գերմանական Բունդեսթագը իր սեփական տեւական փորձառությամբ գիտի, թե յուրաքանչյուր
ժողովրդի համար որքան դժվար է մերձենալ սեփական անցյալի մութ էջերին: Նա, սակայն,
խորապես համոզված է, որ պատմության ազնիվ քննությունն անհրաժեշտ է եւ հանդիսանում է
հաշտության կարեւորագույն հիմքը: Դա հատկապես կարեւորվում է հիշողության՝ եվրոպական
մշակույթի շրջանակներում, որի կարեւոր բաղկացուցիչ մասը տվյալ ազգի պատմության մութ
էջերի բաց քննությունն է: Այս տեսանկյունից գերմանական Բունդեսթագը ցավում է, որ
այսօր Թուրքիայում դեռ շարունակ անհնար է ընդգրկուն քննարկում ծավալել Օսմանյան
կայսրությունում այն ժամանակ կատարված իրադարձությունների վերաբերյալ, եւ այն
գիտնականներն ու գրողները, որոնք կամենում են զբաղվել թուրքական պատմության այդ
հատվածով, մատնված են քրեական-իրավական հետապնդման եւ հասարակական պարսավանքի:
Գերմանական Բունդեսթագն անշուշտ տեսնում է նաեւ առաջին դրական նախանշաններն այն
բանի, որ Թուրքիան հիշողության՝ հիշատակված եվրոպական մշակույթի իմաստով հարաճուն
զբաղվում է այդ թեմատիկայով: Դրա օրինակներն են..
- Թուրքական ազգային մեծ ժողովը առաջին անգամ Թուրքիայի հայկական ծագում ունեցող քաղաքացիներին հրավիրել է հայերի հանդեպ իրագործված
ոճրագործությունների եւ թուրք-հայկական հարաբերությունների վերաբերյալ
քննարկումներ կատարելու:
- իեննայում տեղի ունեցավ թուրք եւ հայ կանանց երկխոսություն: -Թուրք եւ հայ
պատմաբանների միջեւ առաջին շփումները նշանավորեցին փաստաթղթերի
փոխանակման սկիզբը:
- Վարչապետ Էրդողանը հայ Մեսրոպ պատրիարքի հետ միասին Ստամբուլում
կատարեց Թուրքիայի առաջին հայկական թանգարանի բացումը եւ
հրապարակայնորեն առաջարկեց ստեղծել թուրք եւ հայ պատմաբանների
երկկողմ հանձնաժողով:
Այս տեսանկյունից, սակայն, Գերմանական Բունդեսթագին դարձյալ խորը մտահոգություն է
պատճառում այն հանգամանքը, որ միջազգային հեղինակություն ունեցող թուրք
գիտնականների՝ հայերին վերաբերող գիտաժողովը, որը պետք է տեղի ունենար 2005թ.
մայիսի 25-27-ը Ստամբուլում, թուրքական արդարադատության նախարարի կողմից արգելվեց,
եւ այդ թուրք գիտնականների՝ թուրքական կառավարության տեսակետներից շեղվող
դիրքորոշումները պարսավանքի ենթարկվեցին որպես «դաշույնի հարված թուրք ազգի
թիկունքին»:
Թուրք եւ հայ պատմաբանների համատեղ հանձնաժողովի վերաբերյալ վարչապետ Էրդողանի
առաջարկը միայն այն դեպքում կարող է հաջողություն ունենալ, եթե տեղափոխվի ազատ եւ
հրապարակային գիտական քննարկման հարթության վրա: Գերմանիան նույնպես, որը նպաստել է
հայ ժողովրդի հանդեպ ոճրագործությունների իրականացմանը, պարտավոր է սեփական
պատասխանատվությանը դեմ հանդիման կանգնել: Դա միաժամանակ թելադրում է թուրքերին` եւ
հայերին աջակցել՝ անցյալի փոսերից անդին հաշտության եւ փոխըմբռնման ուղիներ
որոնելու: Վաղուց է, ինչ առաջին հերթին Գերմանիայի երկու մեծ եկեղեցիները հանդես են
եկել Թուրքիայից եկած հայերի ինտեգրացման համար: Այստեղ առաջացած հայկական
համայնքները հանդիպման ու վերհիշումի հնարավորություններ են ընձեռում: Հենց
Գերմանիայում ապրող՝ Թուրքիայից եկած մուսուլմանների մեծ թվի առնչությամբ կարեւոր
առաջադրանք է պատմությունը ստույգ ներկայացնելն ու դրանով հաշտեցմանը նպաստելը: Այդ
պատմական իրադարձությունների քննարկումը, սակայն, անմիջական նշանակություն ունի
նաեւ ներկայի համար: Այսօր Թուրքիայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության
հարաբերությունների կարգավորումը առանձնահատուկ կարեւորություն ունի ողջ
տարածաշրջանի ապագայի համար: Հույժ անհրաժեշտ է ԵԱՀԿ-ի սկզբունքների հիման վրա
երկու կողմերում վստահություն սերմանող միջոցառումներ իրագործել: Թուրքիայի կողմից
սահմանի բացումն, օրինակ, կարող էր Հայաստանի մեկուսացմանը վերջ դնել եւ նպաստել
դիվանագիտական հարաբերությունների սկզբնավորմանը: Գերմանիային`
գերմանաթուրքահայկական հարաբերություններում նրա ունեցած պատմական դերի հիման վրա
այսօր առանձնահատուկ պարտավորություն է վիճակվել Եվրոպական միության՝ հարեւանային
նախաձեռնությունների շրջանակներում: Նպատակը պետք է լինի միաժամանակ աջակցել
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ իրադրության նորմալացման ու բարելավման
հնարավորության ստեղծմանը եւ այդպիսով ներդրում ունենալ Կովկասյան տարածաշրջանի
կայունացման հարցում:
Հիշողության պահպանման հարցում կարեւոր նպաստ կարող են ունենալ դաշնային
երկրամասերը: Կրթության քաղաքականության առաջադրանքն է` նպաստել այն բանին, որ
հայերի հալածանքների եւ բնաջնջման լուսաբանումը որպես 20-րդ դարիի էթնիկական
կոնֆլիկտների եւ բնաջնջման լուսաբանումը որպես 20-րդ դարի էթնիկական կոնֆլիկտների
պատմության լուսաբանման մի բաղկացուցիչ մասը, նաեւ Գերմանիայում իրականացվի:
Գերմանական Բունդեսթագը Դաշնային Կառավարությանը Կոչ Է Անում.
-
Աջակցել, որ թուրքերի եւ հայերի միջեւ պատմական մեղքի լուսաբանման, հաշտության եւ
ներման միջոցով համաձայնություն կայանա: - Հանդես գալ հանուն այն բանի, որ Թուրքիայի պառլամենտը, կառավարությունն
ու հասարակությունը պատմության մեջ եւ ներկայումս հայ ժողովրդի հանդեպ
իրենց ունեցած դերակատարումն անվերապահորեն պարզաբանեն:
- Հանդես գալ պատմաբանների մի հանձնաժողովի ձեւավորման համար, որին
բացի թուրք եւ հայ գիտնականներից, պետք է նաեւ միջազգային փորձագետներ
մասնակցեն:
- Հանդես գալ այն բանի համար, որ ոչ միայն Օսմանյան կայսրության՝ այդ հարցին
վերաբերող փաստաթղթերը, այլեւ Գերմանիայի կողմից գերմանական ԱԳՆ-ի
արխիվից Թուրքիային հանձնված պատճենները հանրությանը
հրապարակայնորեն մատչելի դարձվեն:
- Հանդես գալ Ստամբուլում պլանավորված, սակայն պետական ճնշման ներքո
հետաձգված գիտաժողովի փաստական իրականացման համար:
- Հանդես գալ Թուրքիայում մտքի ազատության թույլատրման համար,
մասնավորապես նաեւ այն հարցերում, որոնք վերաբերում են հայերի
ճակատագրին:
- Միաժամանակ աջակցել, որ Թուրքիան եւ Հայաստանը իրենց միջպետական
հարաբերությունները նորմալացնեն:
Հիմնավորում.
90 տարի առաջ, 1915թ. ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրությունը ղեկավարող
երիտթուրքական կուսակցության կողմից Ստամբուլի հայ քաղաքական եւ մշակութային էլիտան
ձերբակալվեց, ուղարկվեց երկրի խորքը եւ մեծ մասամբ սպանդի ենթարկվեց: Այդ օրը
ամբողջ աշխարհում գտնվող հայերի համար դարձավ Օսմանյան կայսրության հայ հպատակների
հալածանքների եւ կոտորածների հիշման օր, որոնք տեղի էին ունենում դեռ 19-րդ
հարյուրամյակի վերջին, սակայն ավելի ուժգին իրականացվեցին հետագայում, Առաջին
աշխարհամարտի ժամանակ: Օսմանյան բանակ զորակոչված հայ զինվորները Օսմանյան
կայսրության՝ պատերազմի մեջ մտնելու սկզբնաշրջանում տեղափոխվեցին աշխատանքային
գումարտակներ եւ մեծ մասամբ սպանդի ենթարկվեցին: Կանայք, երեխաները եւ ծերերը
1915թ. գարնանից ուղարկվեցին մահերթերի, որոնք տեղի էին ունենում սիրիական
անապատների միջով: Աքսորվածներից ովքեր ճանապարհին դեռ չէին սպանվել կամ մահացել,
այդ ճակատագիրը նրանց հանդիպեց ամենաուշը Դեր էս Զորի անապատում գտնվող անմարդկային
ճամբարներում:
Կոտորածներն իրագործվում էին նաեւ այդ նպատակով կազմավորված հատուկ զորամասերի
կողմից: Այդ ձեռնարկների դեմ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների դիմադրությունը,
ինչպես նաեւ Օսմանյան պառլամենտից քննադատությունը հանդիպում էր երիտթուրքական
ռեժիմի վայրագ մերժմանը: Շատ տարածքներ, որոնցից քրիստոնյա հայերը վտարվել էին,
բնակեցվեցին քրդերով եւ Բալկանյան պատերազմների մուսուլման փախստականներով:
Աքսորներից եւ կոտորածներից տուժեցին նաեւ այլ քրիստոնյա ազգային խմբերի
պատկանյալները, մասնավորապես արամեկան-ասորական եւ խալդական քրիստոնյաները, սակայն
նաեւ որոշակի մուսուլմանական փոքրամասնություններ: Ըստ անկախ հաշվարկների,
աքսորներին եւ զանգվածային սպանդներին զոհ դարձան ավելի քան 1 միլիոն հայեր:
Բազմաթիվ անկախ պատմաբաններ, պառլամենտներ եւ միջազգային կազմակերպություններ
հայերի հալածանքներն ու բնաջնջումը բնութագրում են որպես ցեղասպանություն: Օսմանյան
կայսրության իրավահաջորդը՝ Թուրքիայի Հանրապետությունը, մինչեւ այժմ, հակառակ
փաստերին, վիճարկում է այն հանգամանքը, որ այդ իրադարձությունները եղել են ծրագրված
եւ որ վերաբնակեցման ենթակա շարասյուներում տեղի ունեցած զանգվածային
մահացություններն ու իրագործված կոտորածները օսմանյան կառավարության ցանկությամբ են
տեղի ունեցել:
Հայերի հանդեպ թույլատրված դաժանությունը մշտապես արդարացվում էր այն փաստով, որ
ինչպես 1878-ին, այնպես էլ 1914-15թթ. շատ հայեր Ռուսաստանի կողմից պայքարել են
Թուրքիայի դեմ, եւ որ առկա է եղել այն վտանգը, թե հայերը նաեւ Առաջին աշխարհամարտի
ժամանակ կհարվածեին Օսմանյան կայսրության թիկունքին: Թուրքական այլ արդարացումներ
հիմնվում են թուրքերի դեմ հայերի կիրառած բռնությունների վրա, որոնք ի հայտ են եկել
վերաբնակեցման դեմ ցուցաբերված զինված դիմադրության ժամանակ: Թուրքական դիրքորոշման
արդարացման համար օգտագործվում են նաեւ մինչեւ 1980-ական թվականները հայերի կողմից
թուրքերի դեմ իրականացված ահաբեկչությունները: Թուրքիայում կոտորածների եւ
աքսորների չափը ընդհանուր առմամբ դեռ շարունակ նվազեցվում եւ էապես վիճարկվում է:
Թուրքական այդ դիրքորոշումը հակասում է հաշտության գաղափարին, որը ներկայացնում է
Եվրոպական միության արժեքային համակարգը: Դեռ այսօր էլ Թուրքիայում պատմաբանները
հայերի հալածանքների եւ սպանդի պատմության քննության ժամանակ ազատ չեն եւ չնայած
մինչայժմյան պատժելիության մեղմացմանը, առաջվա պես մեծ ճնշման են ենթարկվում:
Գերմանական կայսրությունը` որպես Օսմանյան կայսրության հիմնական ռազմական
դաշնակիցը, նմանապես խորը կերպով ներառված էր այդ իրադարձություններում:
Գերմանական կայսրության ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ղեկավարությունը
սկզբից եւեթ իրազեկված էր հայերի հալածանքների եւ սպանդի մասին: ԱԳՆ-ի փաստաթղթերը,
որոնք հենվում են Օսմանյան կայսրությունում գերմանական դեսպանների եւ հյուպատոսների
տեղեկագրերի վրա, փաստագրում են կոտորածների եւ հալածանքների պլանավորված
իրականացումը: Չնայած գիտության, քաղաքական եւ եկեղեցական շատ գործիչների, այդ
թվում քաղաքագետների՝ Ֆիլիպ Շայդեմանի, Կարլ Լիբկնեխտի կամ Մատթիաս Էրցբերգերի եւ
ավետարանական ու կաթոլիկ եկեղեցիների մեծանշանակ գործիչների, ինչպես օրինակ Ադոլֆ
ֆոն Հառնակի եւ Լորենց Վերթմանի թախանձագին դիմումներին, գերմանական կայսրության
ղեկավարությունը իր օսմանյան դաշնակցի վրա ազդեցիկ ճնշում չձեռնարկեց: Երբ դոկտոր
Յոհաննես Լեփսիուսը 1915թ. հոկտեմբերի 5-ին գերմանական Ռայխստագում ներկայացրեց իր՝
1915թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ստամբուլում իրականացրած հետազոտությունների
արդյունքները, հայկական ողջ թեման գերմանականկայսրության կառավարության կողմից
դրվեց գրաքննության ներքո: Գերմանական ռազմական գրաքննության կողմից 1916թ.
արգելվեց ու բռնագրավվեց նաեւ Յոհաննես Լեփսիուսի փաստագրական ժողովածուն՝
«Թուրքիայում հայ ժողովրդի դրության մասին տեղեկագիրը»: Լեփսիուսի կողմից ուղիղ
գերմանական Ռայխստագի պատգամավորներին ուղարկված՝ այդ փաստագրական նյութերի
օրինակները իշխանությունների կողմից բռնագրավվեցին եւ միայն պատերազմից հետո՝
1919թ. պատգամավորներին հանձնվեցին:
Գերմանական կայսրության այդ՝ գրեթե մոռացված վանման քաղաքականությունը ցույց է
տալիս, որ պատմության այդ գլուխը Գերմանիայում նույնպես մինչեւ այսօր բավականաչափ
լուսաբանված չէ:
Սյս նյութը անգլերեն լեզվով՝
[url=http://new.csi.am/eng/?page=issue&id=15811 target=_blank]www.hra.am/eng/?page=issue&id=15811[/url]
