Հին քացախը հին տակառներու՞մ

Մարտի 15-ին Բեռլին-Շառլոտենբուրգում թուրք ազգայնականների՝ հապճեպորեն և ցնծագին կերպով «Մեծ ծրագիր» անվանված՝ Թալեաթ փաշայի հրապարակային մեծարման հետ միաժամանակ Ստամբուլում սկսվեց այնտեղի համալսարանի կողմից կազմակերպված և Բ. Կալնոկիի կողմից որպես «Մեծ գիտաժողով» դրվատված, իբրև թե «Մերձեցման նոր ուղիներին» վերաբերող միջոցառումը։ «Մեծ գիտաժողովը» ուլտրանացիոնալիստ թուրքերի բեռլինյան
միջոցառումների հետ ընդհանրանում էր ոչ միայն Թալեաթի մահվան տարելիցով, այլև
Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի բնաջնջման, կամ, ինչպես 1915 թ. հուլիսի
7-ին արձանագրել է Կոստանդնուպոլսում գերմանական կայսերական դեսպան Հանս ֆոն
Վանգենհայմը, «հայկական ռասայի ոչնչացման»՝ արդեն ավանդական դարձած ժխտումով։ Այդ
բնաջնջումը ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի «հայր» Ռաֆաել Լեմկինի համար
որոշակիորեն հանդիսացել է ցեղասպանությանը վերաբերող նրա՝ «Պատժի և խափանման»
միջազգային պայմանագրային աշխատության առաջին շարժառիթը, իսկ այնուհետև նաև
(հրեական ցեղասպանության հետ միասին) փորձառական հիմքը. մի գործի, որը նա որպես
Ազգերի լիգայի՝ իրավական հարցերի գծով պատասխանատու աշխատակից մտահղացել էր դեռ
երկրորդ համաշխարհային պատերազմից շատ առաջ ։

Ստամբուլի համալսարանի ռեկտոր պրոֆ. Մեզուք Պարլաքի կարծիքով Լեմկինի ստեղծած
«ցեղասպանություն» հասկացողությունը Օսմանյան կայսրության ազգայնական-պատերազմական
ռեժիմի կողմից իրագործված՝ հայ քաղաքացիների աքսորի համար անշուշտ կիրառելի չէ և «անօրինական» է։ Բազմաթիվ թուրք զեկուցողները նույնպես, ցավոք, ոչ մի նոր
«մերձեցման ուղի» չբացահայտեցին, այլ, հետևելով միմյանց, կրկնեցին լիակուշտ կերպով
հայտնի վարկածները, սեփական պնդումները, դավադրության տեսակետները, ինչպես նաև հայ
զոհերին ուղղված մեղադրանքները, որոնք իբրև թե շարունակ հանդես էին գալիս որպես
Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի «գործիքներ» (Մեհմեդ Սարայ) կամ ոչ լոյալ
տարրեր (Էրոլ Կուրկուողլու)։

Կալնոկիի կողմից գովաբանված՝ Յուսուֆ Զարինայի և Կեմ Օզգունուլի երևութապես «նոր
հետազոտական արդյունքները» հարցի ավելի ճշգրիտ իմացության և դիտարկման դեպքում
դառնում են «փխրուն ավազ»։ Այն ժողովածուի անճշտությունները, որը Յոհաննես
Լեփսիուսը գերմանական արտգործնախարարության հանձնարարությամբ և 1919 թ. Փարիզյան
խաղաղության համաժողովի առթիվ հրատարակեց որպես «Սպիտակ գիրք», բնագրային արխիվային
նյութերի հիման վրա սկսած Ուլրիխ Տրումպեներից մինչև այժմ ուսումնասիրել և
մեկնաբանել են բազմաթիվ հետազոտողներ։ Վերջում դա (քննդատաբար և ընդգրկուն կերպով)
կատարել է Վոլֆգանգ Գուստը (2005 թ.), որը նաև գերմանական արտգործնախարարության
քաղաքական արխիվի՝ Լեփսիուսի ժողովածուի նյութերից անհամեմատ ավելի մեծաքանակ,
չկրճատված բնագրային փաստաթղթերի մի ժողովածու է լույս ընծայել։ Նրա ժողովածուի
փաստաթղթերի ուսումնասիրությունը ապացուցում է, որ գերմանական կայսերական
դիվանագետների տեղեկագրերը հայերի բնաջնջման իրողությունը ներկայացնելու և փաստելու
առումով հանդիսանում են կարևորագույն սկզբնաղբյուրներ։

Երիտթուրքական ռեժիմի և նրանց քեմալական հետնորդների հրամանով օսմանյան
զինվորականների և քաղաքացիների սպանությունների մասին տեղեկացրել է դեռ ԱՄՆ-ի
քաղաքացի, ազգությամբ հայ ցեղասպանագետ պրոֆ. Վահագն Դադրյանը 2000 թ. նոյեմբերի
2-ին և 3-ին թուրքական «Յենի Գյունդեմ» թերթում իր հրատարակած մի հոդվածում։
Դադրյանը որպես «ազատամարտիկներ» (քեթեբաշիներ) հաճախակի հայերի զանգվածային
սպանդին մասնակցած անձանց բացահայտ սպանությունները մատնանշում էր որպես պոտենցիալ
ծանրաբեռնիչ վկաների վերացման միջոցառումներ։ Նա այդ մարդասպանների հետ թուրքական
քաղաքական էլիտայի առնչությունը մեկնաբանում է՝ վկայակոչելով գեներալ Ալի Ֆուաթ
Էրդենի մի օրագրային գրառումը, որ կատարվել է մայոր Ահմեդի 1916 թ. սեպտեմբերի
17-ին և Հալիլի՝ սեպտեմբերի 30-ին կայացած մահապատիժների առթիվ։ «Բնականաբար թե
դահիճների և թե մարդասպանների համար դժվար է պարտավորված լինելը... Նրանք, ովքեր
օգտագործվում են կեղտոտ աշխատանքների համար, հարկ եղած դեպքում դառնում են թիրախ՝
պատասխանատվությունը նրանց վրա բարդելու համար։ Անշուշտ չի կարելի նրանց այդ մասին
տեղեկացնել, այլ այն բանից հետո, երբ նրանք իրենց առաջադրանքը կատարել են, պետք է
նրանցից ազատվել, ինչպես զուգարանի թղթից»։

Ստամբուլի «մեծ գիտաժողովը» Բեռլինի «մեծ ծրագրի» հետ ուներ մեկ այլ ընդհանրություն
ևս։ Տեղական թուրք բնակչությունը դրանց չմասնակցեց։ 2000 անձանց համար նախատեսված
դահլիճը նույնիսկ ամենալեցուն ժամանակ պետք է որ ընդամենը մեկ քառորդով զբաղեցված
լինի»։

Դր. Թեսսա Հոֆման

Բեռլինի Ազատ համալսարան

Արևելյան Եվրոպայի ինստիտուտ

Նյութը գերմաներենից թարգմանեց Աշոտ Հայրունին