Թուրք-հայկական հարաբերությունների գերմանական մամուլի վերլուծությունները

Ինչպես ապացուցեցին մարտ ամսի իրադարձությունները, հայոց ցեղասպանության ժխտման կամ
վիճարկման թուրքական նորագույն քարոզարշավի՝ Եվրոպայի հիմնական կենտրոնատեղին
հանդիսանում է Բեռլինը, ինչն անշուշտ պատահական չէ, եթե նկատի առնենք, որ

Գերմանիայում է գտնվում ամենաբազմամարդ, ուժեղ և կազմակերպված թուրքական համայնքը,
և բացի այդ այն հանգամանքը, որ Գերմանիան թեպետ անցյալ տարի ընդունեց հայոց
ցեղասպանությունը, սակայն իրավաքաղաքականորեն այն չդատապարտեց, ինքնըստինքյան թուրք
ազգայնականներին նպաստավոր հնարավորություն էր ընձեռում այնտեղ ազատորեն գործելու
համար։ Թուրք ազգայնական շրջանների՝ այս տարի ծավալած քարոզարշավը, այնուհանդերձ,
առանձնանում է թե իր կազմակերպվածությամբ և թե լայն ընդգրկմամբ։ Ինչո՞վ է դա
պայմանավորված։

Գերմանական Բունդեսթագը, ինչպես հայտնի է, անցյալ տարվա հունիսի 16-ին
ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմամբ փաստեց, որ առաջին աշխարհամարտի
տարիներին լինելով Թուրքիայի ռազմական դաշնակիցը, Գերմանիան որոշակի
համապատասխանատվություն է կրում հայ ժողովրդի հանդեպ երիտթուրքական կառավարության
կողմից իրագործված ոճրագործությունների համար, ուստի մտադիր չէ լռելյայն դիտել, թե
ինչպես է Թուրքիան հրաժարվում իր պատմության մութ էջերի անաչառ քննությունից և
լուսաբանումից։ Թուրքիայի կողմից եղերական իրողությունների անաչառ քննության, նաև
Հայաստանի հետ սահմանների բացման ու հարակից այլ հարցերի առնչությամբ գերմանական
խորհրդարանի ու այնտեղ ներկայացված քաղաքական ուժերի՝ բանաձևում հստակ արտահայտված
պահանջներն անկասկած խիստ կարևոր ձեռքբերում են հանդիսանում ոչ միայն
ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի հետագա զարգացման համար, այլև
տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման՝ Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը
երերուն դարձնելու առումով։ Ի վերջո, Գերմանիայի դեպքում խնդիրը վերաբերում է մի
պետության, որի դիվանագիտական արխիվային սկզբնաղբյուրները ոչ միայն սպառիչ կերպով
փաստում են ցեղասպանությունը, այլև հենց միայն այն պատճառով, որ խոսքն այս դեպքում
վերաբերում է Թուրքիայի նախկին ռազմական դաշնակցին (որին անհնար է զանազան
միտումներ կամ քաղաքական նկրտումներ վերագրել), անառարկելի և անխոցելի են։ Բացի այդ
Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչումը կարող է օրինակելի նախադեպ դառնալ
առաջին աշխարհամարտի ժամանակ Թուրքիային դաշնակցած մյուս պետությունների՝
Ավստրիայի, Հունգարիայի, ինչպես նաև առհասարակ բոլոր գերմանախոս երկրների համար։
Այս ամենը նկատի առնելիս կարող է հասկանալի դառնալ այդ բանաձևի և առհասարակ
ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հանդեպ թուրք ազգայնական շրջանների,
մասնավորապես Աշխատավորական կուսակցության և նրա հենքի վրա ստեղծված այսպես կոչված՝
«Կարմիր խնձորների կոալիցիայի» կողմից այս տարի ցուցաբերված աննախադեպ կրքոտ
հակազդումը, որ արտահայտվեց մի շարք միջոցառումներով, մասնավորապես բոլորիս հայտնի՝
մարտ ամսին տեղի ունեցած Բեռլինյան ցույցով և Ստամբուլյան «գիտաժողովով»։

Թուրք ազգայնականների կողմից իրագործվող ծավալուն քարոզարշավը, սակայն, միայն այդ
միջոցառումներով չի սահմանափակվել։ Ժողովրդավարական մի այնպիսի երկրում, ինչպիսին
Գերմանիան է, այն ներկայումս շարունակվում է զանազան հրապարակումների, զանգվածային
տեղեկատվամիջոցների օգնությամբ համապատասխան հասարակական կարծիքի ձևավորման
ճանապարհով։

Մենք արդեն առիթ ունեցել ենք ընթերցողներին տեղեկացնել այն մասին, թե Ստամբուլում
մարտին տեղի ունեցած գիտաժողովի վերաբերյալ գերմանական հայտնի «Die Welt»
պարբերականում լրագրող Բորիս Կալնոկիի հեղինակությամբ ինչպիսի հոդված էր լույս
ընծայվել, և ներկայացրել ենք նաև այդ առնչությամբ Բեռլինի «Ճանաչում» աշխատանքային
հանձնախմբի ղեկավար, վաստակաշատ հայագետ դր. Թեսսա Հոֆմանի՝ թերթի խմբագրությանն
ուղղված քննադատական նամակը։ Փորձելով կռվաններ գտնել իր տեսակետների պաշտպանության
համար՝ Բ. Կալնոկին մարտի 22-ին նույն թերթում լույս ընծայեց մի նոր հոդված
«Մանևրում չորս ճակատների միջև. թուրք պատմաբան Կեմ Օզգոնուլը կարդում է հայերի
կոտորածների վերաբերյալ գերմանական տեղկագրերը և հայտնագործում արտառոց կեղծումներ»
վերնագրով, որտեղ նա այս անգամ մեծ ոգևորությամբ ներկայացնում էր դր. Յոհաննես
Լեփսիուսի կողմից հրատարակված՝ հայոց ցեղասպանությանը վերաբերող գերմանական
դիվանագիտական տեղեկագրերում տեղ գտած կրճատումների և փոփոխությունների
իրողությունը, որոնք իբրև թե բոլորովին վերջերս «հայտնագործել» է գերմանաբնակ թուրք
պատմաբան Կեմ Օզգոնուլը։ Բ. Կալնոկին կամ անտեղյակ է այն փաստին, որ թուրք
պատմաբանի կողմից «հայտնագործված» կրճատված և փոփոխված փաստաթղթերը ոչ միայն վաղուց
արդեն բնագրերի հետ համեմատվել, շտկվել ու վերահրատարակվել են, այլև մի շարք
ուսումնասիրողների կողմից հանգամանալից գիտական քննության են ենթարկվել, և կամ նա
գիտակցաբար փորձում է շահարկել պատմագրության մեջ վաղուց և հիմնովին ուսումնասիրված
այդ խնդիրը՝ թյուր և հակագիտական մեկնաբանություններով հասարակայնությանն
ապակողմնորոշելու համար։ Հոդվածի առնչությամբ, որում, ի դեպ, Լեփսիուսի ժողովածուի
նոր՝ ճշգրտված վերահրատարակությունը և հայոց ցեղասպանությանը վերաբերող գերմանական
դիվանագիտական փաստաթղթերի՝ վերջին տարիներին լույս ընծայված մյուս երկու նոր
արժեքավոր ժողովածուները չեն հիշատակվում, մենք հարկ համարեցինք թերթին ուղարկել
մեր քննադատական նկատառումները՝ հանգամանալից պարզաբանումներ կատարելով Կալնոկիի
հոդվածում տեղ գտած սխալների և անճշտությունների վերաբերյալ։ Թերթին հոդվածի
վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել նաև դր. Թեսսա Հոֆմանը, որն իր նամակը
եզրափակում է հետևյալ բառերով. «Բ. Կալնոկին մոտենում է ցեղասպանության ժխտման
սահմանագծին։ Նա հայոց ցեղասպանությունը հարաբերականացնելով՝ այն բնութագրում է
որպես «ցեղասպանության թեզ» և համաձայնում մի հեղինակի հետ, որի բացահայտ նպատակն է
մարդկանց մեջ պատմական փաստերի մասին թյուր ըմբռնումներ ստեղծել։ Միաժամանակ Բ.
Կալնոկին ոտնահարում է լրագրողական էթիկան, ինչպես և անտեսում կանխակալ
դատողություններից, դիտավորյալ կերպով կեղծված հղումներից զերծ մնալու
պարտավորությունը։ Նա հանդես է գալիս ի նպաստ մի գրքի, որը ցեղասպանության
փաստականությունը վիճարկում է և նրանց, ովքեր պահանջում են ճանաչել փաստերը,
բնութագրում որպես կեղծարարներ։ Ես այս անգամ ձեռնպահ եմ մնում ուղղակի կերպով
մամուլի խորհուրդ դիմելուց, բայց խորհուրդ եմ տալիս Ձեզ պրն. Կալնոկիի հետ նրա
միակողմանի և կողմնակալ վարքագծի առնչությամբ զրուցել և արգելել, որ նա շարունակի

չարաշահել «Die Welt»-ը որպես ցեղասպանությունը ժխտողներին ծառայող օրգան»։

«Die Welt»-ը վերոնշյալ պարզաբանումներից հետո այլևս չի անդրադարձել այդ թեմային,
սակայն լրատվամիջոցների օգնությամբ հասարակական կարծիքի ապակողմնորոշման՝ թուրքական
նախաձեռնությունները շարունակվում են։ Ապրիլի սկզբին հարցին անդրադարձավ նաև
Գերմանական ռադիոն։ Այն նախ մի հարցազրույց վարեց Լեփսիուսի վերոնշյալ ժողովածուի
առաջին վերանայող՝ գերմանացի հրապարակախոս Վոլֆգանգ Գուստի հետ, որն, ի դեպ, արդեն
մի քանի տարի առաջ հրապարակել է նաև վերանայված և ըստ բնագրերի շտկված փաստաթղթերը՝
միաժամանակ ժողովածուն ենթարկելով գիտական հանգամանալից քննության։ Ինչ վերաբերում
էր Ստամբուլի գագաթաժողովին, ապա Վ. Գուստը հարցազրույցում նշում էր, որ այնտեղ
իրականում «մերձեցման» որևէ քայլ կամ ցանկություն չդրսևորվեց, և որ գիտաժողովը
վերարտադրում էր միայն հայոց ցեղասպանության ժխտման թուրքական վաղուց հայտնի
տեսակետները։ Ապրիլի 4-ին ռադիոն հեռարձակեց նաև մի հարցազրույց Կեմ Օզգոնուլի հետ,
որին «Die Zeit»-ի լրագրողը բնութագրել էր որպես Լեփսիուսի փաստաթղթերում տեղ գտած
անճշտությունների և կրճատումների հայտնագործողի։ Կ. Օզգոնուլի հարցազրույցը
ուշագրավ էր առաջին հերթին այն տեսանկյունից, որ այն ներկայացնում էր հայոց
ցեղասպանության ժխտման՝ թուրքական շրջանների կողմից որդեգրված նորագույն
մարտավարությունը, որը հիմնականում բնութագրվում է հետևյալ հատկանիշներով. խուսափել
ցեղասպանության՝ իբրև պատմական իրողության, հաստատման կամ ժխտման փորձերից,
չբացառել ցեղասպանության հնարավորությունը, և այդ կերպ ստեղծելով անկողմնակալ
դիրքորոշման ցուցաբերման տպավորություն՝ պնդել, որ առկա սկզբնաղբյուրները դեռևս
հիմք չեն ընձեռում կատարվածը ցեղասպանություն որակելու համար։ Եթե նկատի առնենք, որ
հայոց ցեղասպանությանը վերաբերող՝ առկա սկզբնաղբյուրների մասին ամբողջական
իրազեկում կարող են ունենալ միայն տվյալ հարցով զբաղվող մասնագիտական շրջանները,
իսկ հարցազրույցը, որում արտահայտվել է հիշյալ միտքը, հեռարձակվում է ողջ
Գերմանիայի և Եվրոպայի հասարակայնության համար, ապա պարզ կդառնա, թե այն որքան
հեշտությամբ կարող է ապակողմնորոշել հասարակական կարծիքը։ Քաջ տեղյակ լինելով
վերջին տարիներին հրատարակված՝ հայոց ցեղասպանությանը վերաբերող գերմանական
դիվանագիտական տեղեկագրերի երկու ստվարածավալ ժողովածուների մասին, գիտակցելով, որ
դրանք սպառիչ կերպով փաստում են ցեղասպանությունը, սակայն որևէ բառով չհիշատակելով
դրանք, փոխարենը խոսելով դր. Լեփսիուսի կողմից 1919 թ-ին լույս ընծայված
ժողովածուում տեղ գտած կրճատումների և տեքստային փոփոխությունների մասին, դրանք
խիստ միակողմանիորեն մեկնաբանելով և որևէ կերպ չնշելով, որ այդ ժողովածուն
վերանայվել, ըստ բնագրերի շտկվել ու վերահրատարակվել է, ըստ այդմ, ցեղասպանության
փաստկանությունն ըստ «առկա աղբյուրների» վիճարկելի համարելով՝ թուրք պատմաբանն իր
ելույթով փորձում էր նպաստել ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարի
թուրքական արդի մարտավարությանը, այն է՝ կեղծ և թերի տեղեկատվությամբ ստեղծել
հասարակական կարծիք և միաժամանակ հայող ցեղասպանության հարցը տեղափոխել
վիճարկումների, քննարկումների և բանավեճերի ոլորտը։

Այն, որ Կեմ Օզգոնուլը (որին իրավամբ կարելի է համարել ցեղասպանության հերքման
թուրքական մարտավարության ամենահմուտ և օժտված ներկայացուցիչը Գերմանիայում) հարցի
առնչությամբ ամենևին էլ անկողմնակալ և չեզոք դիրքորոշում ցուցաբերելու նպատակադրում
չուներ, ապացուցում է նաև նրա այն հայտարարությունը, որ Ստամբուլի գիտաժողովին
մասնակցելու համար հրավիրվել էին նաև շատ հայ գիտնականներ, սակայն «Հայաստանի
հանրապետությունը գիտաժողովից մեկ ամիս առաջ հրապարակել է մի դեկրետ, որտեղ
կարգադրվել է, որ ոչ մի հայ պատմաբան չմասնակցի գիտաժողովին»։

Կեմ Օզգոնուլի հայտարարության անհեթեթությունը հայ ունկնդրի կամ ընթերցողի համար,
անշուշտ ակնհայտ է, քանի որ ամենքս գիտենք, որ այդ «հրավիրված շատ հայ
գիտնականները», որոնք, ի դեպ, ընդամենը երեքն էին, իրավամբ մերժել են գիտաժողովին
մերժելու առաջարկը, որովհետև արդեն փաստված պատմական իրողությունը դարձյալ
քննարկումների դաշտ տեղափոխելը առնվազն անտրամաբանական կլիներ։ Այն մեծ լսարանը,
սակայն, որի համար կատարվել է այդ հայտարարությունը, և որը հարցի վերաբերյալ գրեթե
որևէ իրազեկում չունի, չունի նաև որևէ հիմք թուրք պատմաբանին չհավատալու համար։
Գուցե արժե՞ր վերջինիս նկատմամբ դատական գործ հարուցել վերոնշյալ անպատասխանատու
հայտարարության համար, որն այլ նպատակ չուներ, քան մեր հանրապետությունը
ներկայացնել որպես խոսքի և ժողովրդավարական մյուս ազատություններից զուրկ մի երկիր,
և միաժամանակ կեղծ պատկերացում ստեղծել այն մասին, թե հայ գիտնականները ցանկություն
ունեին մասնակցել այդ «գիտաժողով» կոչված միջոցառմանը, սակայն նրանց արգելվել է այդ
անել։

Թուրք գիտնականի և նրա համախոհների ջանքերը, սակայն, տևական արդյունք չեն կարող
ունենալ, քանի որ հայոց ցեղասպանությանը վերաբերող և այն հիմնավորապես փաստող
նորահայտ գերմանական դիվանագիտական տեղեկագրերի առկայության պարագայում դրանք
պարզապես ժամանակավրեպ են։ Բացի այդ, Բունդեսթագում անցյալ տարի ապրիլին կատարված
քննարկումները և այնուհետև ընդունված բանաձևը արդեն իսկ հարցի առնչությամբ
որոշակիորեն կողմնորոշել են գերմանական քաղաքական շրջանակներին, և նրանց մոտ անհնար
է ապատեղեկատվության վրա հիմնված դիրքորոշում ձևավորել։ Այդ առումով բնութագրական
են կառավարող Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության ներսում օրերս կատարված
իրադարձությունները։ Ապրիլի 8-ին կուսակցության՝ Քյոլնի բաժանմունքի անդամները սուր
քննադատության են ենթարկել կուսակցության ներսում ձևավորված Գերմանա-թուրքական
ֆորումի (ԳԹՖ) գործելակերպը, որն ինչպես նրանց պարզաբանումներում, այնպես էլ
Գերմանա-քրդական միության և Քյոլնի հայ համայնքի համատեղ հայտարարության մեջ (այն,
ի դեպ, ստորագրել է նաև Դյուսելդորֆի հրեական համայնքի մի անդամ) բնութագրվել է
որպես «Գորշ գայլերի կողմից օգտագործվող գործիք»։ Ի հայտ եկած լարվածության
սկզբնապատճառը Քրիստոնյա-դեմոկրատական միության վարչության անդամ, ազգությամբ թուրք
Հալիլ Այդեմիրի շուրջ առաջացած բանավեճն էր։ Նա հրաժարվել է վարչությանն
անդամակցելուց և «KՓlner Stadt-Anzeiger» թերթում ելույթ է ունեցել թուրք
ազգայնականների կողմից իրականացված՝ բոլորիս հայտնի քարոզարշավի և դրան առնչվող
գործողությունների վերաբերյալ՝ պաշտպանելով թուրք ազգայնականների գործելակերպը և
նաև նրանց հակասեմիտական դիրքորոշումը։ Կուսակցության՝ Մյուլհայմի բաժանմունքը
Գերմանա-թուրքական ֆորումի երկրամասային միությանը, որը պաշտպանել էր Այդեմիրի
թեկնածությունը կուսակցության՝ Քյոլնի վարչությանն անդամակցելու համար, կոչ է արել
նրանից հրապարակայնորեն սահմանազատվել։ Կոչում մասնավորապես հետևյալն է նշվում.
«Այն հանգամանքը, որ Այդեմիրը, չնայած «Գորշ գայլերի» հետ իր ունեցած՝ բոլորին
հայտնի կապերին, ձայների զգալի մեծամասնությամբ ընտրվել է ԳԹՖ-ի՝ Միջին Հռենոսյան
շրջանի բաժանմունքի նախագահ, թույլ է տալիս կռահել, որ պարոն Այդեմիրի հայացքները
միայն նրան, այսինքն մի առանձին անձի չէ, որ պատկանում են, այլ որ
Գերմանա-թուրքական ֆորումի ներսում մի լայնապարփակ համաձայնություն է տիրում այդ
նացիոնալիստական հայացքների շուրջ»։

Կոչը ստորագրողները պահանջել են, որ կուսակցությունն իր շարքերից հեռացնի այն բոլոր
անդամներին, որոնք այս կամ այն չափով «մոտ են կանգնած Գորշ գայլերին» և դադարեցնի
համագործակցությունը Գերմանա-թուրքական ֆորումի հետ, իսկ նրա փոխարեն այսուհետ
Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության ներսում միգրանտներ ընդգրկելու հարցում
պատասխանատվություն պետք է կրի մի նորահիմն կազմակերպություն, որը կոչվում է
«Ինտեգրացիոն ֆորում»։ Վերոնշյալ միջադեպը փաստում է, որ թուրք ազգայնականների
քարոզարշավն ու նախաձեռնությունները գերմանական քաղաքական շրջաններին ինքնին մղում
են սահմանազատման, «ինքնամաքրման» և հայոց ցեղասպանության խնդրի շուրջ առավել հստակ
դիրքորոշման ցուցաբերման։ Այս հանգամանքը հասարակական կարծիքի ձևավորման հարցում
կարող է շատ ավելի էական և ծանրակշիռ դեր ունենալ, քան զանգվածային
տեղեկատվամիջոցների օգնությամբ ապակողմնորոշիչ տեղեկատվության տարածման՝ թուրքական
շրջանների նախաձեռնությունները։ Եթե նկատի առնենք, որ հայոց ցեղասպանության
ճանաչման պարագայում հարցը վերաբերում է ոչ միայն պատմական եղելությունների
վերագնահատմանն, այլև մեր տարածաշրջանում իրադրության կայունացման ու հայ-թուրքական
հարաբերությունների կարգավորման՝ կարևորագույն նախադրյալների ստեղծմանը, ապա պարզ
կդառնա նաև այն մեծ նշանակությունը, որ այդ խնդիրը և դրան վերաբերող
իրադարձություններն ունեն մեր տարածաշրջանի համար։

Ինչևէ, կարելի է վստահաբար ասել, որ թուրք ազգայնականների կողմից իրականացվող
քարոզարշավը ոչ միայն չի կարող կասեցնել ցեղասպանության ճանաչման գործընթացը, այլ
ընդհակառակը, այդ գործընթացին որոշակի աշխուժություն է հաղորդելու։ Արդեն իսկ
կարելի է արձանագրել, որ «Կարմիր խնձորների կոալիցիայի» մարտ-ապրիլ ամիսների
միջոցառումները էական ազդակ դարձան հայոց ցեղասպանության հարցի նոր հրապարակային
վերարծարծման համար։ Պատմության կեղծման՝ թուրք ազգայնականների ջանքերը ներկայումս
այլևս ժամանակավրեպ են, քանի որ արդեն հրապարակված մեծարժեք սկզբնաղբյուրները,
մասնավորապես գերմանական դիվանագիտական տեղեկագրերի նոր ստվարածավալ ժողովածուները
լիարժեք կերպով ներկայացնում և փաստում են հայ ժողովրդի ցեղասպանությունը։