Ո՞վ է սրում Ջավախքի իրավիճակը

Վրաստանում հայ-վրացական հարաբերությունները կրկին ճգնաժամ են ապրում: Ընդհարումները ոստիկանության հետ, Վրաստանի Ուղղափառ եկեղեցու ծայրահեղական կեցվածքը, իշխանությունների առնվազն ոչ մտածված ազգային քաղաքականությունը իրավիճակը սրում են, այն դարձնելով պայթյունավտանգ: Եթե Ջավախքում այդ միտումները նույն թափով զարգանան, չստանալով Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների եւ հասարակությունների ճիշտ գնահատականը, ապա այստեղ հնարավոր է առաջանա հակամարտության նոր գոտի:

Ընդ որում, այս հակամարտությունը ոչ միայն չի բխի հայ եւ վրաց ժողովուրդների շահերից, այլ նաեւ ոչ մի իրական հիմք չի ունենա՝ լինելով արհեստականորեն սնուցվող երկու կողմերի ազգայնական խմբավորումների եւ արտաքին ուժերի կողմից: Իրավիճակի նման զարգացումը ձեռնտու է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի համար, իսկ Հայաստանի եւ Վրաստանի համար այն ուղղակի կործանիչ կլինի։ Իմաստ չունի հատուկ նշել, որ եթե ճգնաժամը խորանա, ապա իրավիճակը չափազանց դժվար կլինի վերադարձնել նորմալ հունի մեջ:

Չնայած նման վտանգավոր իրադարձությունների զարգացման հեռանկարին, կարծես թե դա բացարձակապես չի հուզում Հայաստանի իշխանություններին: Վիրահայերի ծանր կացությունը տարիներ շարունակ սպառնում է դառնալ նոր տարածաշրջանային հակամարտության պատճառ: Չնայած դրան, Երեւանում տարիներ շարունակ ջայլամի քաղաքականություն են վարում: Թվում է, թե Վրաստանում ընդհանրապես հայկական համայնք գոյություն չունի, եւ բնականաբար որեւէ խնդիր գոյություն չունի: Իհարկե, Վրաստանի իշխանություններն էլ են նմանատիպ քաղաքականություն վարում, սակայն Թբիլիսիի համար սա ներքին խնդիր է եւ բնականաբար, հետեւանքներն էլ միջազգային հնչեղություն չեն ստանում:

Ավելին, այսօր մեր երկրների միջեւ հարաբերություններն ավելի կրավորական են, քան անգամ շատ հեռու գտնվող երկրների հետ: Հարեւաններ հանդիսացող Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները որեւէ կերպ բնութագրելը բարդ գործ է : Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ երկու կողմերն էլ ցանկանում են անտեսելու միմյանց գոյությունը: Եվ սա այն դեպքում, երբ հարեւան երկրում բնակվում են հարյուր հազարավոր հայեր:

Արդեն ընդունված կարգ է դարձել, երբ հայաստանյան պաշտոնյաները այցելում են Վրաստանը միայն այն ժամանակ, երբ Ջավախքում իրավիճակը սրվում է եւ նրանց այցելության միակ պատճառը վրաստանաբնակ հայերին հանգստացնելն է: Հայաստանի իշխանությունները իրավիճակը արմատապես շտկելու ջանքեր բացարձակապես չեն գործադրում: Հակառակը՝ Երեւանի պասիվությունը հանգեցնում է նրան, որ նրա տեղը գրավում են ազգայնամոլական կազմակերպությունները եւ խմբավորումները, որոնց միակ ցանկությունÁ Ջավախքը Հայաստանին միացնելն է: Ազգայնամոլների ակտիվացմանը փաստորեն աջակցում են ոչ միայն Վրաստանի իշխանությունները, որոնց Ջավախքում վարած քաղաքականությունը հայերին ստիպում է դիմել ծայրահեղ քայլերի: Երեւանի պասիվ դիրքորոշումը տարբեր կարգի խառնակիչների համար գործելու լայն դաշտ է բացում:

Փաստորեն Հայաստանը ոչ միայն չի աջակցում Ջավախքի հայերին, այլեւ Վրաստանի քաղաքականությունը մեղմացնելու համար ջանքեր չի գործադրում: Նման մոտեցումը ստեղծում է մի իրավիճակ, երբ հայկական իշխանությունների դերը սկսում են կատարել ծայրահեղական խմբավորումները, որոնց գործողությունները Ջավախքի հայության համար կարող են կործանիչ լինել: Մյուս կողմից այլընտրանքի բացակայությունը տեղացի հայերին նետում է ծայրահեղականների գիրկը:

Այսօր Ջավախքում միակ հայկական պաշտոնական ուժը, որը քաղաքականություն է վարում, Դաշնակցությունն է, որը հանդիսանում է իշխող կոալիցիայի մաս: Սակայն ՀՅԴ-ան այստեղ շատ կոնկրետ ծրագրեր ունի: Դաշնակցությունը հրապարակայնորեն հայտարարում է, որ Ջավախքում ձգտում է հասնել առնվազն ինքնավարության կարգավիճակին: Իշխանական կոալիցիայում տեսակետների նման լայն սպեկտրը եւս մեկ գործոն է, որը տարածաշրջանում ակտիվորեն ապակայունացնում է իրավիճակը: Եթե պաշտոնական Երեւանը հանդես չգա Վրաստանի հայերի նկատմամբ կառուցողական ծրագրով, ապա շատ շուտով Ջավախքում միակ նպատակասլաց կարող ուժերը լինելու են ծայրահեղականները եւ երրորդ երկրների գաղտնի ծառայությունները, որոնք հայերի ձեռքերով հերթական անգամ փորձելու են իրականացնել սեփական խնդիրները: