Իսկ եթե վաղը պատերազմ սկսվի...

Այս հոդվածը անգլերեն

«Հայի բախտ» արտահայտությունը պատմաքաղաքական կոնտեքստում հաճախ օգտագործվող
հղացքներից մեկն է: Եվրոպական լեզուների կոնտեքստում «Ճակատագիր» հղացքը վերլուծել
է լեհ հայտնի լեզվաբան Ա.Վեժբիցկայան: Հեղինակը ցույց է տվել, որ այս պարզ ու նաիվ

հղացքը եվրոպական տարբեր ժողովուրդների մոտ ունի տարբեր իմաստ, այսինքն` կախված է
մշակութային կոնտեքստից: Հայերենում կան ճակատագիր և բախտ հղացքները: Առաջինն ունի
ֆատալիստական երանգ, այսինքն` նշանակում է այնպիսի իրադարձություն, որն որոշիչ է,
սակայն անհնարին է կանխատեսել: Ճակատագիր բառը սովորաբար օգտագործում են այն
ժամանակ, երբ որեւէ վատ բան է պատահում: Ավելի քիչ այն օգտագործվում է բարոյական
երանգանգավորումով: Օրինակ՝, «դա իմ ճակատագիրն է եւ ես դա պետք է կատարեմ»:
Եվրոպական լեզուներում դա ֆատումի և Ֆորտունայի տարբերությունն է: Բախտ
հղացքը
ավելի մոտ է եվրոպական ֆորտունային` երջանիկ դիպվածին: Սակայն երբեմն օգտագործվում
է նաեւ հակառակ իմաստով: Ասում են,- «բախտ չունեմ»: Բայց կարծում եմ, որ բախտ
հղացքը ավելի շուտ ազդվել է թուրքերենի լեզվամտածողությունից: Թուրքերենում կա ղսմաթ բառը, որ հայերի մոտ ավելի հաճախ օգտագործվում է գյուղական վայրերում:
Թուրքերն ասում են,- «վաղը կհանդիպենք, եթե ղսմաթ լինի«: Ա.Վեժբիցկան գրում է. 
«Այդ արտահայտության իմաստն ավելի մոտ է անգլիական հնաոճ
God willing արտահայտությանը: Այսինքն, հայերը ճակատագրի իրենց փիլիսոփայությունը
փոխառել են իսլամական աշխարհայացքից: «Ղսմաթը» բարձր ոճում փոխարինվել է «ճակատագիր»
բառով այնպես, ինչպես «աշուղ» բառն է փոխարինվել «գուսանով»:

Քանզի բախտն իր իմաստային բովանդակությամբ մոտ է եվրոպական Ֆատում բառին, ապա
կարելի է ենթադրել, որ այս շարժը` ղսմաթից դեպի Ֆարտունա կատարվել է գրականության
ազդեցության շնորհիվ, մասնավորապես` եվրոպական գրականության: Եվ իսկապես, հայկական
ռոմանտիկական գրականությունը հաճախ է օգտագործում բախտ և ճակատագիր բառերը, դրանց
իմաստները մոտեցնելով իրար: Տարբերությունը այն է, որ ճակատագիրը օգտագործվում է
բարձր կոնտեքստում, բախտը` կենցաղային, ասենք` ամուսնության պարագայում կամ
լոտոներում շահելու կամ չշահելու հետ կապված դեպքերում:

Եթե սահմանենք բախտը որպես Ֆատում, ապա բախտի նշանակությունը արտահայտվում է
բառակապակցություններում` «բախտորոշ», «բախտախնդիր» և այլն:

Բախտորոշ պահերին հանգամանքները այնպես են դասավորվում, որ մարդը կարծես հայտնվում է
խաչմերուկում: Բախտորոշ պահերին մարդը պետք է որոշի` դիմել ռիսկի, թե` ոչ: Այդ
պահերին ճակատագիրը նրան ձեռնոց է նետում, և դժվարին վճիռ կայացնելու
անհրաժեշտություն կա: Մարդը կարող է դիմել հորոսկոպներին կամ «բախտ բացողներին»: Սա
վերաբերում է ավանդապաշտ մարդկանց: Նկատենք, որ «բախտ բացել» արտահայտությունը
նշանակում է, որ ավանդական հասարակություններում ապագան փակ է մարդկանց համար եւ
ամեն ինչ Աստծո ձեռքում է: Աստված իր ընտրյալներին, բախտ բացողների միջոցով, եթե,
իհարկե, բարեհաճ է նրանց նկատմամբ, տալիս է ապագայի նշաններ: Այս առումով հետաքրքիր
է քրիստոնեական մոտեցումը. եթե մարդն իսկապես քրիստոնյա է, ապա միայն նրան է տրված
ապագայի նշանները վերծանելու ունակությունը: Ապագան բաց է այն մարդկանց համար,
ովքեր հավատ ունեն: Այսինքն, Քրիստոնեությունը մեղմացնում է հեթանոսական ճակատագրի
անողոքությունը:

Բախտագուշակին դիմելը կարող է դիտարկվել որպես փորձագետին դիմելու յուրօրինակ դեպք:
Մեկ այլ օրինակ է բժշկական կոնսիլիումը, երբ անհրաժեշտ է լուրջ վիրահատություն:
Վերջին դեպքում երևում է փորձագետին դիմելու պրոբլեմատիկությունը` որոշումը
կայացնում են փորձագետները, բայց ռիսկի է դիմում վիրահատվողը, և վերջնական որոշումը
նրանն է: Բախտորոշ վճիռների առանձնահատկությունը հենց դրա մեջ է՝ որքան աճում է
վճռի կարևորությունը, այնքան խնդրական է դառնում ճիշտ որոշում ընդունելը: Բախտ
բացել
արտահայտությունը մեզ հուշում է, որ հարկավոր է «պարզաբանել»
ապագայի բաց կամ փակ լինելու խնդիրը: Ապագայի բացության աստիճանը մարդիկ
արտահայտում են ռիսկ հղացքի միջոցով: Այս բառը առաջին անգամ գործածվել պորտուգալացի
ծովագնացների մոտ՝ XVII դարում: Ռիսկի աստիճանը կապված էր նավի տեխնիկական
հնարավորության, նավապետի մասնագիտական հնարավորության և այլ գործոնների հետ:
Այսինքն, ռիսկը կապված է ապագա իրադարձությունները վերահսկելու, վտանգը հաշվարկելու
հնարավորության հետ, որը սոցիոլոգ Էնթոնի Գիդենսը անվանում է ապագայի գաղութացում:
Եվրոպական գաղութացման քաղաքականությունը, այսպիսով, համադրվում է ապագայի
գաղութացման
երևույթի հետ: Ապագայի բացությունը նշանակում է, որ մարդիկ կարող են
ինքնուրույն կերպով ձևավորել իրենց գոյության միջավայրը, այն դարձնելով ավելի
անվտանգ: Ապագայի բացությունը նշանակում է, որ ապագան միայն մասնակիորեն է
լիքը,
այնտեղ կան դատարկ տարածություններ, որոնք մարդուն իր ապագան ընտրելու
հնարավորություն են ընձեռում: Ապագան հնարավոր է կերտել:

Դժվար չէ նկատել, որ ռիսկի հասկացությունը ի հայտ է եկել ժամանակ, երբ
փիլիսոփայությունը վերակողմնորոշվում էր արիստոտելյան մարդաբանությունից դեպի
սուբյեկտի դեկարտյան փիլիսոփայությանը: Ռացիոնալիզմը, ռացիոնալը, հաշվարկող մարդիկ
դառնում են բուրժուական աշխարհի լիարավ տերերը: Դա նաև տեխնիկական հեղափոխության
սկիզբն էր: Ռիսկը նավագնացության դեպքում հաշվարկել իմաստ ունի միայն այն ժամանակ,
երբ նավաշինությունը հասել է որոշակի տեխնիկական կատարելության, եւ երբ այն կարող է
ավելի անվտանգ դարձնել մարդու կեցությունը, երբ նա հաղթում է բնությանը` տարերքին:
Մյուսը՝ նավապետի մասնագիտական կարողությունները նույնպես դառնում են հաշվարկելի,
քանզի նավագնացության հմտությունները դարձել էին նավագնացության մասին պատմող
տրակտատների առարկա: Այսպիսով, սուբյեկտիվությունը և տեխնիկան մի կողմից դառնում են
ռիսկը նվազեցնելու միջոց, մյուս կողմից` դառնում են նոր ռիսկերի աղբյուր: Այսինքն,
մի կողմից նոր վտանգները մարդու անկանխատեսելիության և տեխնիկական անսարքություններ
հետեւանքներ են:

Ապագան կանխատեսելու հնարավորությունն առաջնահերթ նշանակություն ունեն
քաղաքականության համար: Միջնադարում և Վերածննդի դարաշրջանում շատ էին գրվում
«Իշխան»
անվանումով տրակտատներ: Դրանք բոլորը քաղաքականությունը դիտարկում էին
կրոնաբարոյական տեսանկյունից: Առաջինը Մաքիավելին ներմուծեց ռացիոնալ իշխանապետի
կերպարը, որը կարողանում է հաշվարկել իր քաղաքական քայլերի հետևանքները: Դրանով
սկիզբ դրվեց գիտական քաղաքագիտությանը, որը տարբերվում էր անտիկ շրջանի` Պլատոնի,
Արիստոտելի, Եկեղեցու Հայրերի քաղաքագիտությունից, այնպես` ինչպես Գալիլեյը սկիզբ
դրեց նոր ֆիզիկային, որն իր սկզբունքներով տարբերվում էր արիստոտելյան
բնագիտությունից: Ինչպես նավագնացության դեպքում, քաղաքականությունը ևս դառնում է
տեխնիկայի և նոր տիպի մարդու` սուբյեկտի փոխազդեցության ոլորտ: Քաղաքականությունը
ևս դառնում է ռիսկի հասկացության կիրառման ոլորտ և ռիսկերի հաշվարկման ասպարեզ:
Քաղաքական գործիչին չեն գնահատում նրա բարոյական կամ
ոչ բարոյական լինելու, կամ ըստ ազգային կամ ապազգային լինելու հանգամանքով: Քաղաքական գործիչին գնահատում են
ապագան կանխատեսելու նրա ռացիոնալ ունակությամբ: Վերջին հանգամանքը հասկանալի
դարձնելու համար քննարկենք Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթը: Քաջ Նազարը ըստ էության
քաղաքական ,լոտոյումե պատահաբար շահած մարդ է, որ հաջողությունները անարժեք են,
քանզի օրինաչափ չեն: Այս պարադոքսը հրաշալի արտահայտել է Ո. Չերչիլը իր հայտնի
արտահայտության մեջ,- «Լավ քաղաքական գործիչը կանխատեսում է ապագան, իսկ հետո
բացատրում իր կանխատեսման չիրականանալու պատճառները»: Այսինքն, քաղաքական գործիչի
ռացիոնալությունը նույնիսկ գերակա է իրական հաջողությունից, եթե, իհարկե, հաշվարկի
սխալը չի հանգեցրել ճակատագրական անհաջողության: Եթե Քրիստոնեության մեջ ապագան բաց
է հավատացյալի համար, ապա ինդուստրիալ հասարակությունում այն բաց է բանական,
ռացիոնալ անհատի համար:

Հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում և պարտությունները 1918 և 1920թթ մեր համար
խնդրական է դարձնում ճակատագիր հղացքի վերարծարծումը ներկա հայաստանյան
պայմաններում: 1918 և1920 թթ. անհաջողությունները բացատրելիս բոլշևիկյան
պատմաբանները օգտագործում են «դաշնակ բախտախնդիրներ», «դաշնակցական
արկածախնդրություն» բառակապակցությունները: Լեոն, որ միացավ Դաշնակցության
քաղաքականության բոլշևիկյան քննադատությանը, փորձեց ցույց տալ, որ խնդիրը հանգում է
այդ կուսակցության որոշ սկզբունքներին, որոնք խոր արմատ ունեն հայկական քաղաքական
մտքի պատմության մեջ: Այդ սկզբունքները նա որակեց որպես «կղերական
դիվանագիտության» սկզբունքներ: Միանալով Լեոյի հիպոթեզին, նկատենք, որ այդ`
Դաշնակցության որդեգրած քաղաքական սկզբունքները կարելի է որակել որպես
մինչմաքիավելական, մինչքաղաքագիտական, մինչռացիոնալ:

Դաշնակցությունը Ռուսական կայսրության ամենամեծ կուսակցությունն է եղել: XX-րդ
դարի առաջին տասնամյակի ընթացքում նրան անդամների թիվը հասել է 170 հազարի: Այսինքն,
լինելով զանգվածային կուսակցություն, այն անխուսափելիորեն պետք է կրեր, մի կողմից`
կենցաղային մտածողության կնիքը, մյուս կողմից` հենվեր գեղարվեստական մտածողության
վրա: Այն, որ հայկական կենցաղային մտածողությունը մինչև հիմա էլ կրում է ղսմաթ
հղացքի ազդեցությունը, երևում է լոտոների մասնակիցների քանակից: Այդպիսի
մտածողության համար ապագան` «Երկիր Նաիրին» մշուշի մեջ է պարուրված:

Գրականությունը ևս հենվում է ճակատագիր և բախտ հղացքների վրա, բայց միանգամայն այլ`
գեղագիտական մեկնաբանման սկզբունքներին հետևելով: Գրականությունը և արվեստը
նպատակադրված են ցույց տալու մարդկային գոյության եզակիությունը, անհատի
հակադրվածությունը բուրժուական համահարթեցնող գաղջ մթնոլորտին: Ճակատագիր և բախտ
հղացքները արտահայտում են բանաստեղծական գոյության ողբերգականությունը: Դժվար չէ
չարաշահել ժողովրդի պատմական ճակատագրի և բանաստեղծի ճակատագրի զուգահեռը: Բայց դեռ
Մ. Նալբանդյանն էր գրում, որ իսկական բանաստեղծականը հաշվարկն է (ռացիոնալ
մտածողությունը): Մի հասարակության մեջ, ուր բոլորը բանաստեղծներ են, այսինքն
բոլորը շահագրգռված են ավանդական ծեսերով էսթետիկանացնել կյանքը, ռացիոնալ մարդը
իսկապես բանաստեղծ է, այսինքն` եզակի:

Անցյալ դարի 90-ականներին Հայաստանում իշխանության եկան ռացիոնալ մտածողություն
ունեցող մարդիկ: Հայկական հեղափոխությունը մի լեհ լրագրող անվանեց «մաթեմատիկոսների
հեղափոխություն»: Այդ տարիներին Հայաստանում ստեղծվեցին բազմաթիվ քաղաքագիտական
կենտրոններ, որոնց հիմնական մասը այժմ անգո է: Այսինքն հասարակությունն ինքն էր
ձգտում քաղաքական մտքի ասպարեզում վերակառուցվել ըստ ռացիոնալության սկզբունքի:

Հայաստանում ազգայնամոլությունը ճնշվում էր: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլիներ,
եթե ազգայնամոլությունը աջակցվեր: Կարելի է Սերբիայի օրինակը, ուր ազգայնամոլական
քարոզչությունը աջակցվում էր: Ինչպես գիտեք, այնտեղ տեղի ունեցան մի շարք էքսցեսներ,
որոնք դարձան հիմք սերբերի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: Ե.Չարենցը իր «Խմբապետ
Շավարշը» հրաշալի պոեմում ցույց է տվել նման մտածողության և հոգեբանության
առանձնահատկությունները: Կարծում եմ, որ եթե պատերազմական ճակատում չզսպվեր
ազգայնամոլությունը, մեզ մոտ ևս կլինեին էքսցեսներ, և կկրկնվեր 1918 և 1920 թթ ելքը:
Ղարաբաղյան պատերազմի հաղթանակների պատճառների մեջ անպայման պետք է նշվի ռացիոնալ
մտածողությունը:

90-ականների երկրորդ կեսից աճում է հայ հասարակության բախտախնդրության աստիճանը: Մի
կողմից դրան նպաստում են Հայաստանում բախտախնդիր բիզնեսի հաջողությունները, մյուս
կողմից մեծամասնության հուսահատությունը: Մարդկանց մեծամասնությունը այլևս չի
հավատում, որ կարող է իր աշխատասիրության կամ իր հմտությունների շնորհիվ փոխել իր
կարգավիճակը: Նրանց հույսը հրաշքն է, ասենք` շահել ինչ-որ լոտոյում: Ապագան կրկին
փակում է իր դռները, ինչը վկայում է քաղաքական գործիչների պատեհապաշտ
մարտավարությունը և վարքը: Դա վկայում է, որ իշխանության վերին օղակներում աճել է
բախտախնդիր քաղաքական գործիչների քանակը:

Բախտախնդրության աստիճանը մեծացնում են նաև ազգայնամոլական քարոզչությունը,
քաղաքական կոնտեքստում «հայի բախտ» բանաստեղծական հղացքի չարաշահումն է: Դա
նվազեցնում է հասարակության կարողությունները հասկանալ պատերազմական, դիվանագիտական,
քաղաքական , սոցիալական և այլ ռիսկերի աստիճանը: Իսկ դա նշանակում է, որ այսօր
1920-ի. կրկնվելու ռիսկերը մեծանում են: