ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սպասվող ընտրությունները եւ արտաքին ճնշումները
Հայաստանի Հանրապետությունը դանդաղորեն շարժվում դեպի նոր ընտրությունները: Այս անգամ պարլամենտական եւ նախագահական ընտրություններն իրարից մեկ տարով են բաժանված: Դա մի կողմից դրական է, քանի որ իրավիճակը այնքան չի սրվի, ինչպես դա եղավ 2003-2004 թվականներին, երբ երկու ընտրությունները տեղի ունեցան մի քանի ամսվա ընթացքում: Մյուս կողմից, Հայաստանում սկսվում է , ըստ որոշ դիտորդների, կանխորոշիչ ընտրական մրցարշավը, ինչը

անկայունության մեծ ռիսկեր է պարունակում: Այս իրավիճակը հնարավորություն է տալիս երրորդ երկներին, որոնք շահեր ունեն տարածաշրջանում, ուժեղացնել ճնշումը Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Հաշվի առնելով այն, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առկա մրցակցությունը սաստկանում է, այդ ժամանակահատվածում Հայաստանը նրանց հիմնական թիրախն է դառնալու: Հայտնի է, որ Հայաստանի նման երկրներում, որտեղ իշխանությունները լիգիտիմության խնդիր ունեն, արտաքին ազդեցությունները նրանց համար որոշիչ են լինում:
Արդեն կարելի է անզեն աչքով տեսնել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ճնշումները, որոնք չեն տեղավորվում դիվանագիտական էթիկայի սահմաններում: Մի կողմից Պետդեպարտամենտից անընդհատ հնչում են հիշեցումներ, որ ՀՀ իշխանությունները կարող են շատ բան կորցնել, եթե 2007-ի ընտրությունները ժողովրդավարական չլինեն: Հարցականի տակ կարող է հայտնվել «Հազարամյակի մարտահրավերների» դրամաշնորհը: Իսկ վերջերս Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան նույնիսկ կոչ արեց Հայաստանին հասնել Ադրբեջանի վերջին պարլամենտական ընտրությունների ժողովրդավարական մակարդակին:
Մյուս կողմից Ռուսաստանի Դաշնությունում տարածվող հակահայկական հիստերիան` հայազգի միգրանտների դեմ իրականացվող հարձակումները, ամենայն հավանականությամբ նույնպես ազդակ է Երեւանի համար: Մոսկվայում բազմիցս նշում են, որ Հայաստանի տնտեսությունը լուրջ կախվածության մեջ է գտնվում ռուսաստանաբնակ հայերի դրամային փոխանցումներից: Բացի դրանից, ՌԴ-ի զուտ տնտեսական հզորացումը Հայաստանում, հատկապես էներգետիկայի բնագավառում, արդեն իսկ քաղաքական գործոն է դարձել:
Մեծ սպառնալիքներ է պարունակում Ղարաբաղյան հարցը: Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունները, ուր նա բացահայտեց գաղտնի բանակցությունների բովանդակությունը, կարող են թուլացնել իշխանությունների դիրքերը` պառակտում մտցնել նրանց շարքերում, անկայուն դարձնել հասարակությունը: Պարզ է, որ համանախագահ երկրները կօգտագործեն այս պահը եւ կփորձեն մաքսիմալ շահույթ կորզել:
Արտաքին ազդեցության թիրախ կարող են դառնալ ոչ միայն իշխանությունները եւ հասարակությունը, այլ կոնկրետ քաղաքական ուժերը: Վերջերս սկսված ներքին խառնաշփոթը մեծացրեց կուսակցական ոլորտի խոցելիությունը: Քաղաքական դաշտը Հայաստանում առանց այն էլ ձեւավորված չէ: Կուսակցությունների մեծամասնությունը ընդհանրապես գաղափարախոսական հիմք չունեն: Ընդդիմությունը կազմալուծված եւ ուժասպառ վիճակում է: «Օրինաց Երկիրը», չնայած բոլոր հնարավորությունների, չկարողացավ ներկայանալ որպես լուրջ ընդդիմադիր ուժ՝ դառնալով մյուս հակաիշխանական կուսակցությունների կրկնակը, իսկ Կոալիցիայի անդամ կուսակցություններն իրար մեջ չունեն ընդհանրություն, ինչը ցույց տվեց վերջին պառակտումը:
Այսպիսով, հանրապետությունը մտնում է ընտրական շրջան վերջնականապես խաթարված քաղաքական դաշտով: Իսկ սա արդեն ախտորոշում է հայաստանյան քաղաքական դաշտը որպես իներցիոն եւ իրականությունից հեռու:
