ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Առասպելներ եւ իրականություն
Նրանք, ովքեր ցանկանում են մնալ իշխանության գագաթին եւ նրանք, ովքեր ցանկանում են
մագլցել այդ գագաթը, ունեն երկու տարբերակ` կամ գործել ուժային եղանակներով, կամ
ձեւավորել իրենց համար նպաստավոր հասարակական կարծիք: Առաջին տարբերակը թվում է

ավելի պարզ է եւ հաջողության հասնելու համար ավելի արդյունավետ (եթե, իհարկե, նման
լծակներն առկա են), սակայն պատմությունը հարուստ է բազմաթիվ օրինակներով, երբ
բռնություններ կիրառողի դեմ նույնպես սկսում են բռնություններ կիրառել: Երկրորդ
տարբերակը կիրառվում է ժողովրդավարակ, կամ ժողովրդավարություն կառուցելու ճանապարհը
բռնած, կամ էլ արդեն հասունացող ու ձեւավորված հասարակական իդեալներ ունեցող
երկրներում: Նման միջոցը կիրառելու համար անհրաժեշտ են մտավոր պոտենցիալ,
ֆինանսական միջոցներ, ժամանակ եւ հատուկ ռազմավարություն:
Հայաստանում կարծես թե հասունանում են ժողովրդավարակ վերափոխումները: Կարծես թե
«ներքեւները չեն ուզում, իսկ վերեւները արդեն չեն կարողունում», սակայն
վերափոխումների համար անհրաժեշտ հասարակական կարծիք ձեւավորելու գործով ոչ ոք չի
ցանկանում, կամ չի կարողանում զբաղվել: Այնպես որ, առաջին տարբերակը ավելի արդիական
է եւ ժամանակի ընթացքում ցույց է տվել իր արդյունավետությունը: Իրենց հերթին
«իշխանության համը տեսած» եւ արդեն որոշակի հմտություններ ձեռք բերած չինովնիկական
վերնախավը ուժի հետ մեկտեղ փորձում է ձեւավորել որոշակի առասպելներ: Դրանք
ձեւավորվում են տարերայնորեն, առանց քաղաքական տեխնոլոգների մասնակցության: Երբ
մանուկը «տակը կեղտոտում է», արդարանալու համար հենց տեղում`
«հանցագործության»վայրում, կարող է հորինել ավելի համոզիչ եւ հնարամիտ առասպելներ:
Ժամանակակից քաղաքական առասպելների հորինման տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են
հասարակական գիտակցության վրա ազդեցության եւ մարդկանց կառավարելու քաղաքական
նպատակի համար (հասարակական կարծիքը միշտ էլ հիմնված է եղել առասպելների վրա),
այլեւս ընտրյալների սեփականությունը չեն: Դրանք արդեն կիրառում են գովազդ
ստեղծողները, նոր կրոնական սեկտաների «ճարտարապետները», շուկաների առեւտրականները
եւ այլն:
Քաղաքական էքսպանսիայի սովորական եղանակները չեն կարող նման արդյունավետություն
ապահովել: Անգամ ամենաբռնապետական ռեժիմների իշխանության տակ մարդը կարողանում է
«մեկուսանալ իշխանությունից» իր մասնավոր կյանքի շնորհիվ, որը փակ է այդ
էքսպանսիայի առջեւ: Սակայն ժամանակակից քաղաքական առասպելները քայքայում են անգամ
այդ արժեքները: Հեռուստացույցը, ինտերնետը անգամ տանը ձեզ հանգիստ չեն թողնի:
Շախմատի օլիմպիադա, բոքս, Եվրոպայի գեղեցկության մրցույթի մասին ձեզ առաջինը
կտեղեկացնեն Հայլուրով` ՊՆ նախարարի, Նախագահի, կամ այլ չինովնիկական գործունյա
ժպիտի ներքո: Սակայն դա ընդամենը PR է, «առասպելի» ձեւավորման մակարդակը դեռ հասու
չէ:
Այսպես կոչված հասարակ մարդը հակված չէ հասարակական կամ քաղաքական գործընթացների
բացատրության համար բարդ վերլուծություն կատարելու կամ լսելու: Նրան պետք են պարզ,
համառոտ, սխեմատիկ բացատրություններ: Ժամանակն է պատրաստել հարցերի պատասխանները եւ
համոզիչ կերպով դրանք ներկայացնել սպառողին` ահա եւ առասպելներ հորինելու ողջ
տեխնոլագիան: Առասպելները շատ կենսունակ են, հատկապես երբ որոշակի հիմք են
պարունակում:
Առասպելը պետք է պարունակի իրականության հատիկներ, ունենա շարադրման որոշակի ոճ:
Սթափ մտածող մարդու համար այդ առասպելները այնքան ծիծաղելի են հնչում, որ չի էլ
կարող պատկերացնել, որ զանգվածները այդ անհեթեթություններին հավատում են:
Մեր երկրի պատմության ոչ վաղ անցյալից հայտնի են բազմաթիվ առասպելներ: Վերցնենք
թեկուզ 90-ականների առասպելները: «Սփյուռքահայերը թողել են իրենց հարմարավետ եւ
կուշտ կյանքը ու հանուն Հայրենիքի եկել են մեզ հետ կիսելու դժվարությունները»
(սակայն ովքեր, ինչ նպատակների պատճառներով եւ ինչ նպատակով են ստիպված եղել գալ`
իրականում հայտնի է միայն քիչ տեղեկացվածներին), կամ, օրինակ, Հայաստանի շրջափակման
ու գազատար խողովակի անհայտ մարդկանց կողմից պայթեցումների առասպելները, որոնք
քողարկում էին իշխանությունների կառավարելու անկարողությունը եւ որոնց շնորհիվ մի
բուռ մարդիկ մեծ կարողություններ դիզեցին: Պատերազմի ընթացքում ձեւավորվել էին նաեւ
պատերազմական առասպելները` մենք «լազեր» ունենք, կամ` ԱՍԱԼԱՆ եկել է Հայաստան, եւ
ադրբեջանցիների վիճակը վատանալու է: Այդ առասպելները հատկապես սարսափեցնում էին
ադրբեջանցիներին:
Ժամանակակից առասպելները քիչ բանով են տարբերվում 90-ականների առասպելներից:
«Շրջափակում», «կամ մենք, կամ պատերազմ» եւ նմանատիպ մյուս առասպելները նպաստում են
այն բանին, որ մի բուռ մարդիկ սեփականացնեն մեզ բոլորիս պատկանող ունեցվածքը,
իրականացնեն բազմաթիվ անօրինականություններ եւ արդյունքում այդ նույն իրավազարկները
կամ սուսուփուս մասնակցում են ընտրություններին, կամ չեն ընդհանրապես չեն
մասնակցում, հավատալով «սրանց դեմ խաղ չկա» առասպելին:
Այդ առասպելները ձեւավորվել են իշխանությունների գործունեության արդյունքում: Դրանք
չեն հորինել գաղտնի կազմակերպությունները կամ տաղանդավոր քաղաքական տեխնոլոգները,
դրանք ստեղծվել են ինքնաբուխ կերպով: Այդ առասպելները չեզոքացնելու համար սովորական
քաղաքական գործունեությունը եւ մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների
աջակցությունը բավարար չեն: Անհրաժեշտ է թարմ հասարակական գաղափար, որը կգեներացնի
նոր արժեքային համակարգ: Մի խոսքով, հին առասպելներին պետք է փոխարինեն նորերը,
որոնք կդառնան նոր ավանդույթների հիմքը եւ մեծ դերակատարություն կունենան
հասարակական կյանքում:
Քաղաքական առասպելները հատկապես մեծ դերակատարում ստացան 20-րդ դարում: Դրանք
ֆաշիստական Գերմանիայի, կոմունիստական բռնապետությունների, կրոնապետական ռեժիմների
քարոզչության, հասարակական կառուցվածքի առանցքներն էին: Առասպելների միջոցով
հասարակությանը կառավարելու արվեստը այդ ընթացքում իր գագաթնակետին հասավ: Այսօր
եւս դրանք արդիական են: Չնայած այն բանին, որ առասպելները մտացածին հորինվածքներ
են, սակայն իրենց էթիկական, իսկ հաճախ նաեւ գեղարվեստական գրավիչ տեսքի շնորհիվ
հզոր ազդեցություն են ունենում հասարակական գիտակցության վրա:
Որոշ առասպելներ չեն ունենում երկարաժամկետ ազդեցություն եւ չեն ազդում ժողովրդական
ֆոլկլորի վրա, սակայն կոնկրետ պատմական իրավիճակներում իրենց առջեւ դրված խնդիրները
լուծում են: Հասարակական առասպելները առանց մշտական սնուցման քիչ արդյունավետ են,
սակայն կարճ ժամանակահատվածներում կարող են հզոր ալիքներ բարձրացնել: Առասպելների
հյուսումը երկար ժամանակ ու մեծ հմտություններ է պահանջում, սակայն դրանց
արդյունավետությունը երբեմն կարող է աննախադեպ լինել:
