ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մերձավոր արեվելքի արձագանքները
Ռուսներն ասում էին. «Արեւելքը նուրբ գործ է»: Թոմաս Լոուրենս Արաբիացին իր
նշանավոր հարցազրույցում խոսում է Արեւելքի «հին, ախոյան ժողովուրդների» հետ
վարվելու առանձնահատուկ կերպերի մասին: Լենինը գրում էր «Հրեական հարցի մասին»: Հայ
քաղաքական միտքը դեռեւս 19-րդ դարից Արեւելյան հարցի բաղկացուցիչ մասն էր համարում
հայկական հարցը: Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն
Տեր-Պետրոսյանը մեր երկիրն ավելի շուտ տեսնում էր Մեծ մերձավոր արեւելքի մաս:
Այսինքն` հաղթարշավող Արեւմուտքի համար Արեւելքի խնդիրն առկա էր եւ է. այլ բան է,
որ ամեն մեկի համար Արեւելքի քարտեզը միմյանցից մասնակիորեն տարբերվող գույներ ու
սահմանագծեր ուներ:

Եթե նկատի առնենք, որ Արաբիացու ժամանակներից ի վեր աշխարհում կատարվել են
աներեւակայելի փոփոխություններ, եւ այսօր գործ ունենք միանգամայն այլ աշխարհի հետ,
ուր գլոբալիզացիան, ի տարբերություն Ալեքսանդր Մակեդոնացու երազի, Հիսուս Քրիստոսի
վարդապետության կամ իսլամի սրբազան պատերազմի` իրականում կայացած փաստ է, ուր,
ասենք, Լիբանանի ու Աֆղանստանի կամ Ռուսաստանի ու Հայաստանի միմյանց հետ չունեցած
սահմաններն այլեւս աշխարհագրորեն չեն չափվում, այլ ժամանակակից տեխնոլոգիաների
ընձեռած հնարավորություններով ու համապատասխան մտածողությամբ, ապա Մերձավոր
արեւելքում ընթացող այս վերջին պատերազմը վերաբերում է մեզ` Հարավային Կովկասին
ընդհանրապես եւ Հայաստանի Հանրապետությանը` մասնավորապես: Եվ խնդրի միայն երեւացող
մասն է կազմում, ասենք, հայազգի (եւ ոչ միայն) մարդկանց առկա եւ ակնկալվող թեկուզեւ
ժամանակավոր ներհոսքը կովկասյան ենթատարածաշրջան ընդհանրապես ու մեր երկիր`
մասնավորապես: Լիբանանահայության արտագաղթի խնդրի շուրջ դեռեւս նախորդ դարի 70-ական
թվականներին կարծես թե սպառիչ պատասխան էր տվել դաշնակցական նշանավոր գործիչ Վարանդ
Փափազյանը:
Առավել հեռահարը ոչ թե լիբանանահայության արտագաղթն է դեպի Հայաստան, ԱՄՆ ու Եվրոպա,
որ այդ երկրի մի կարեւոր ազգային փոքրամասնությունն է` իր պատգամավորներով,
նախարարներով, տնտեսության մեջ ունեցած չափաբաժնով, հայապահպանման իր զորեղ
ինստիտուտներով ու ավանդույթներով, այլ ներկա պատերազմի` խորքային երեւակումները
մեր պետական ռազմավարական քաղաքականության մեջ:
Այսպես. Լիբանանում առկա արաբական արմատական զինյալ ուժերը, որ իրենց զորությամբ ու
կշռով գերազանցում են Լիբանանի պետական ուժերին, արեւմտյան աշխարհի կողմից
ընկալվում են միանշանակ` որպես Պաղեստինի անկախության համար ահաբեկչության միջոցով
պայքարողներ: Եվ համարժեք է նաեւ վերաբերմունքը: Ճիշտ է` որոշակի
տարաձայնություններով, սակայն արեւմտյան հզոր երկրները ճանաչեցին Պաղեստինի
ժողովրդի կատարած ընտրությունը հօգուտ ահաբեկչական ճանաչված «Հզբոլահի»: Ճանաչեցին
եւ միեւնույն ժամանակ դադարեցրին իրենց օգնությունները Պաղեստինի նորընտիր
կառավարությանը: Եվ որքան էլ նավթառատ ու հարուստ արաբական երկրները ֆինանսական
աջակցություն ցույց տվեցին Պաղեստինի ինքնավարությանը, միեւնույնն է` միայն
ֆինանսները չէ, որ պայմանավորում են ժամանակակից կյանքը: Այսինքն` պաղեստինցի
ժողովրդի կատարած ընտրության պահից դրվեց ներկա պատերազմի անկյունաքարը: Սրա դասը
մեզ եւս հուշում է, թե որեւէ Քրքորյան կամ Աբրահամյան չեն կարող իրենց ֆինանսներով
վիճակ պայմանավորել, եթե ընտրությունը հերթական անգամ կատարվի համաշխարհային խաղի
կանոններին տոտալ պատերազմ հայտարարելով: Թեեւ Հայաստանը Գազայի գոտի կամ Լիբանան
չէ, սակայն ընտրությունն ամենուր է ընտրություն… Նույնը կարելի է ասել եւ իր
ընտրական մշակույթով Հայաստանից չտարբերվող Ադրբեջանի պարագայում: Իսկ Իսրայելի
տեսքով պատժողներ միշտ էլ կգտնվեն: Կգտնվեն նաեւ այնպիսիք, որոնք գուցեեւ առանց «Հզբոլահի»
իմացության կառեւանգեն թեկուզ մեկ զինծառայողի կամ սահմանամերձ տարածքում իր
կենդանիներին արածեցնող հովվի: Առաջին համաշխարհային պատերազմն էլ սկսվեց շատ
երկրորդական մեկի կողմից արձակված շատ երկրորդական կրակոցից:
Փորձենք այս ապուրին ավելացնել այն էական համեմունքները, որ հանդես են գալիս
Լիբանանի քրիստոնյա ու ժամանակակից աշխարհին համընթաց քայլելու հակված արաբների
ստվարածավալ բազմության տեսքով, ինչպես նաեւ այն, որ Միջերկրական ծովի ավազանը մեր
մոլորակից դուրս չի գտնվում, այլ հակառակը` շոշափում է ավազանի` լուրջ
հավակնություններով երկրների կենսական շահերը, ու պարզ կդառնա, թե ինչու հատկապես
Լիբանանի քաղաքները պիտի ռմբակոծվեն եւ ինչու ոչ միայն արեւմտյան տերությունները,
նույնիսկ սառը պատերազմից ի վեր արաբական աշխարհի ավանդական դաշնակիցը համարվող
Ռուսաստանը պիտի չխրախուսելով Իսրայելի գործողությունները` ըմբռնումով մոտենան
ներկա պատերազմի իրողությանը:
Զուգահեռաբար կարելի է պնդել, որ մեր տարածաշրջանն էլ, որ գրեթե ոչ պակաս
կարեւորության սեւծովյան ավազանն է, կարող է իսրայելա-լիբանանյան փորձարկման
կիրառության օբյեկտ դառնալ: Եվ մի տեսակ գավառական ու բնավ չարդարացված
չարախնդություն կարող է թվալ հայկական պաշտոնական քարոզչամեքենայի այն մանկամիտ
մոտեցումը, թե տեսեք` Բուշը, Պոտինն ու Բլեերը չմասնակցեցին Բաքու-Ջեյհանի
պաշտոնական բացման արարողությանը: Այստեղ իրականում գործ ունենք ուղիղ հակառակ
երեւույթի հետ. գերտերությունների նախագահները պարզապես ճանաչեցին Թուրքիայի,
Վրաստանի ու Ադրբեջանի նախագահների լիիրավ նախագահությունը, այդ երկրների` իրենց
կողմից ընդունվող բացարձակ սուվերենությունը: Սա, գավառամիտ չլինելու պարագայում,
հեշտությամբ կարելի էր ընկալել, եթե հասկացվեր, որ ծագումով պարսիկ` հայ Արշակունի
Տրդատն էլ իր թագը ստացավ հռոմեացիներից: Այսօրվա Հայաստանի համար դժվար կլինի
գոյատեւել անընդմեջ թագադրվող, վերաճանաչվող անկախություններով երկրների շրջապատում:
Մինչդեռ «Հզբոլահն» իր թագը ճանաչել տալու փոխարեն ի սկզբանե իրեն դատապարտել էր
տոտալ պատերազմի. «Հզբոլահը», ձգտելով Գազայի առանձին վերցրած հատվածում «տարոնականության»
հաստատման` իսլամական աշխարհին կանգնեցրեց Լիբանանը կորցնելու իրողության առջեւ: Թե
մենք ինչ կարող ենք կորցնել, պարզ է ու թափանցիկ: Եվ այստեղ չի օգնի ոչ մի
Ռուսաստան, որի արտադրության ականներով, առանց պատերազմի ելքի վրա որեւէ
ազդեղության հնարավորության, ռմբակոծվում են Իսրայելի քաղաքները: Արեւմտյան
հաղթարշավի հերթական հանգրվանը, սադամյան Իրաքից հետո, դառնում է Լիբանանը: Ու մեր
երկիրը չի կարող շրջանցվել, երբ խաղի ուրույն կանոններով նոր աշխարհակարգը
վերջնագրերի (Իրան), ռմբակոծումների (Իրաք, Լիբանան), ժողովրդավարական
հեղափոխությունների (Վրաստան) տեսքով արդեն թակել է մեր հարեւանների դռները:
