ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պըրտըտյուս արժեքներ
Արցախի բարբառը, ըստ իս, մեր ամենաերաժշտական ու գեղեցիկ բարբառն է, իսկ վերնագրի առաջին բառը դրանով նշանակում է շուռ տրված, ներսինը դուրս եւ դրսինը ներս թարսեցրած, աստառը երեսի վրա շրջած: Պարզապես գրական հայերենում չզորեցի ամբողջ սահմանն ընդգրկող մեկ միավորանոց բառ գտնել: Եթե կուզեք, ճակատագրի չար հեգնանք ընդունեք սա:

Մի քանի տարի առաջ, ընկերոջս հետ Զանգեզուր գնալիս՝ Եղեգնաձորի գյուղերից մեկի մոտ, գյուղացիների կողմից մայրուղին արգելափակված գտանք: Անհուսալիորեն երկար շարասյուներ էին գոյացել գյուղացիների՝ մայրուղու լայնքով շարած քարերի երկու կողմում էլ: Մեքենայից իջանք եղելությունն իմանալու: Պարզվեց, որ գյուղացիները բողոքում էին ոռոգման ջրի վարձավճարների առնչությամբ: Նրանք մարտականորեն էին տրամադրված, ինչը հպարտություն էր ներշնչում մեզ, թեեւ ցավալի էր, որ բացառություն չէին անում ո°չ Երեւան գնացող շտապօգնության, ո°չ էլ Արցախ կամ Զանգեզուր գնացող զինվորական մեքենայի համար: Մենք իրոք մեզ լավ էինք զգում ու երեւի մտքում, մի փոքր փոփոխելով, արտասանում՝ մեր երկրի հիմնը դարձած նալբանդյանական տողերը. «Չէ°, թշվառ չէ Արմենիան, եթե շինականներն այսպես են»: Ոգեւորված գյուղացիների համառությունից ու հենց մեր ոգեւորությունից՝ հարցրեցինք, թե ինչու՞ երեւանյան լրատվամիջոցներին չեն տեղեկացրել իրենց ակցիայի մասին. այդ դեպքում, կառավարությունն ավելի պարտավորված կզգար նրանց բարձրացրած խնդիրը լուծելու: Նախ՝ զարմացած, որ ամենեւին էլ լացակումած չենք խնդրում մեր մեքենայի համար բացառություն անել ու թույլ տալ ճամփան շարունակելու, ինչպես մնացյալներն էին վարվում, ապա նաեւ՝ անզիջում մարտականությամբ հոխորտացին հենց մեզ վրա (նրանք ճանաչել էին ընկերոջս, որ հանրությանը քաջածանոթ էր դեռ 1998-ի հացադուլներից, ազգայնական առաջին քարոզչությունից ու Կապանի շրջանի ամենաողջախոհ պաշտպանությունը կազմակերպելու ժամանակներից)՝ չգիտես ինչու գնահատական տալով. «Տո դու՞ ես հայրենասերը. եթե ազգի մասին մտածող լինեիր, հիմա փորդ ըսենց կլիներ (ձեռքերի շարժումով ցույց տվեցին) ու գրպանդ էլ՝ լիքը դոլար (դարձյալ ձեռքի շարժումով մի մեծ տարածք ցույց տվեցին)»: Իհարկե, Հայաստանում Նժդեհի ու հայրենասիրության առաջին քարոզիչներից այդ ընկերս նորօրյա ու հանկարծահաս «նժդեհականների» պես հակագեղագիտական փոր չուներ, իսկ մեր ունեցած գումարն էլ կարող էր ծիծաղ շարժել այսօրվա տարոնազեղների մոտ: Քիչ անց երեւաց այդ կողմերի պատգամավորը, ում չհամարձակվեցին անգամ իրենց պահանջը ներկայացնել եւ հենց առաջին՝ ամենավերջին հայհոյանքներն ուտելուց հետո՝ մեղվի ժրաջանությամբ հաշված վայրկյանների ընթացքում բացեցին մայրուղին:
Մենք ծանր տպավորության տակ էինք. եթե տեսնեինք, որ գյուղացիներից գոնե մեկը դժկամությամբ է ընդունում իր սրբությունների հասցեին հնչած հայհոյանքներն ու ստրուկի պատրաստակամությամբ ու կոսմիկական արագությամբ չի մաքրում մայրուղին՝ տեղաշարժելու համար եզի ուժ պահանջող քարերից, ապա պատրաստ էինք (ու այդ մասին իրենց ասացինք), որ նրա հետ մայրուղին մե°նք փակենք: Սակայն ցավալին դա չէ, դա նույնիսկ ընկալելի է. որպես մարդ դառնալու առաջին քայլ, սեփական շահերը պաշտպանելու ըմբոստացման առաջին փորձ՝ հազար տարվա ստրուկի համար գուցեեւ դա էլ բավարար էր: Սոսկալիորեն հուսահատեցնողն «ազգի մասին մտածողի»՝ Հայաստանի քաղաքացու պատկերացումն էր՝ փոր եւ փող: Իսկ ինչու՞ հայաստանցուն չտալ հենց այն, ինչն ինքն ուզում է՝ փոր եւ փող: Եղել են եւ առաջիկայում էլ կլինեն ընտրություններ, ու հայաստանցու առջեւ կկանգնեն հաստափոր մարդիկ. դա արդեն «հայրենասիրության» պահանջվող առաջին չափանիշի բավարարում է նշանակում: Իսկ երբ այդ հաստափորները (թե° անձանց, թե° կուսակցությունների տեսքով) նրանց մի փոքր փող կշպրտեն՝ հոսանքի վարձավճարը կամ կրպակներում գոյացած չոր հացի պարտքերը մարելով, ապա կլուծվի հայաստանցու երջանկության բանաձեւը:
Իրականում ոչ մեկս իրավունք չունենք բողոքելու՝ Հայաստանում անցկացված եւ անցկացվելիք ընտրությունների արդյունքներից. դրանք իրո°ք Արդար են: Վերը բերված թափանցիկ օրինակն էլ ապացուցում է, որ այդ ընտրությունները նաեւ Թափանցիկ են: Այս կտրվածքներում կեղծիք բացարձակապես չկա: Կեղծիքն Ազատության հատույթում է: Հայաստանցին պարզապես Ազատ չէ: Գլխիվայր շրջված է, կամ որ ավելի ճիշտ է՝ պըրտըտյուս է Ազատության արժեքը: Իսկ կարո՞ղ է լինել անազատների Ազատ երկիր, մանավանդ երբ մոլորակի բոլոր պատերազմները, բոլոր գյուտերը, բոլոր հոգեւոր սլացքներն արվել եւ արվում են հենց Ազատության արժեքի սահմաններն ընդլայնելու ու կանոնակարգելու համար: Իսկ Ազատության մասին մենք կարող ենք իսպառ մոռանալ, եթե խեղդում ենք Ազատության ճանապարհի առաջին դողդոջ քայլերը՝ դրանք խրախուսելու փոխարեն: Բացի այդ, Ազատության ծարավն ինքնին ու հանրորեն երբեք ու ոչ մի տեղում չի ծնվում, միշտ լինում են պասիոնարներ, պիոներներ, եթե կուզեք՝ խենթեր, որ հրահրում, սերմանում, բորբոքում են Ազատության տենչը նաեւ զանգվածների, ամբողջ ժողովրդի մեջ՝ նրան դարձնելով մրցունակ՝ մարդկային Ազատ հանրակցության մեջ: Հենց այստեղ է, որ մենք չարաչար տանուլ ենք տալիս, քանի որ ժողովրդին առաջարկում ենք այն, ինչին ինքը սովորել է վերջին հազար տարվա օտարերկրյա ստրկության մեջ: Առաջարկողներն էլ նույն ստրուկներն են. վերջին հաշվով՝ ստրուկն ու ստրկատերը նույն բանն են, իսկ ժողովրդի իրական վերնախավին, եթե այն գոյություն ունի հարկ եղածի չափով, չի հաջողվում գոնե մտածական ու հոգեւոր մակարդակում հասարակություն ստեղծել, ուր չկա «ստրուկ» բառահիմքով կազմված որեւէ խավ կամ դասակարգ: Ստրուկին, եթե ճիշտ չուղղորդես, ապա նա առավելագույնը ստրկատեր կդանա. վկան այսօրվա մեր օլիգարխները, իշխանություններն ու մտավորականի քղամիդ հագած պնակալեզները:
Ամոթալի է, խայտառակություն է նույնիսկ նման հարցադրում ունենալը մի ժողովրդի համար, ում մշակութային արմատներն անհիշելի ժամանակներն են ձգվում: Բայց դա այսօր իրողություն է. եւ կրկնակի խայտառակություն է, երբ հարցադրումն առկա է պետականության պարագայում: Այստեղ արդեն չես կարող հակադրվել նրանց, ովքեր ասում են, թե իշխանություններն ու ընդդիմությունը նույն բանն են. իրոք, «Ի՞նչ տարբերություն,- ինչպես Վահան Տերյանը կասեր,- թե ո°ր ազգից է եւ ի°նչ համազգեստ ունի հագին այն ոստիկանը, որն իրենից կաշառք է պահանջում կամ որն իրեն ծեծում է», ի՞նչ տարբերություն, թե ով կամ ում որդին է հարկերը թաքցնելով հարյուրհազարանոց ավտոմեքենաներով անցնում կարմիր լույսի տակով ու քաղաքացիների վրայով: Վերջապես այս պըրտըտյուս արժեքները մեկ անգամ եւս շուռ տալ, հայ ազգին եւ 21-րդ դարին վայել մարդկային տեսքի բերել է պետք: Իսկ դա անելու իրավունքը բացառապես նրանցն է, ովքեր անձնական վարքով, կենցաղով, կեցությամբ են վաստակել այդ: Եվ սա ամենեւին մարդկանց տեսակավորելու ֆաշիստական մոտեցում չէ. պարզապես անգամ բարի ցանկության դեպքում «փող եւ փոր» ունեցողները կարող են է°լ ավելի պըրտըտյուսել իրենց իսկ այլանդակած արժեքները:
