Մենք պարզապես խաղաղություն ենք ուզում

Երբ 88-ին սկսվեց շարժումը, իսկ մենք էլ քարոզում էինք անկախություն, մարդկանց մեծ մասը, այդ թվում եւ շարժման ակտիվ մասնակիցներից շատերը, չէին պատկերացնում, որ Հայաստանը կանկախանա 3 տարի հետո՝ 1991-ին: Առարկողները շատ ավելի կրթված, ավելի փորձված եւ ավելի հարուստ էին: Իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ հավատում էին Հայաստանի երբեւէ անկախանալուն, բերում էին աշխարհի տակի ֆանտաստիկ պատճառաբանությունները՝ հիմնավորելու համար, որ լավագույն դեպքում 25 տարուց շուտ

Հայաստանը չի անկախանա: Արդեն 89-ի ամռանը մենք վստահ էինք, որ անկախանալուն աշխարհում այլեւս ոչինչ, նույնիսկ ՀՀՇ-ն չի խոչընդոտում: Իհարկե մենք շատ երկար սպասեցինք բաղձալի օրվան, բայց հետահայաց քննությամբ ամեն ինչ օրինաչափ ընթացավ. 1990-ին ընդդիմությունը միավորվեց եւ հաղթեց օրենսդիր մարմնի ընտրություններում, իսկ մեկ տարի անց եղավ սեպտեմբերի 21-ը: Կարո՞ղ էր Հայաստանն անկախանալ 90-ի սկզբին, ինչպես մերձբալթյան երկրները, կամ ավելի ուշ, ինչպես միջինասիական երկրները: Իհարկե ոչ, որովհետեւ Հայաստանում իշխանությունը չուներ այնպիսի անկախական եւ հակառուսական կեցվածք, ինչպես մերձբալթյան իշխանությունները, եւ ոչ էլ անողնաշար ռուսասեր կեցվածք, ինպես միջինասիական երկրների իշխանությունները: Հայ հասարակությունը միջին, համակշռված ուժի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ետեւից էր գնում, որի գլխավոր հրամանատարությամբ ձեռքբերված հաղթանակներն ու նվաճումները միայն մեր սենդինը չեն: Մենք հաղթեցինք մի շարք մարտերում, մի քանիսում պարտվեցինք, զինադադար կնքեցինք բավական շահեկան դիրքում: Պետության, ազգի ապագայի մասին, ժողովրդի կենսատարծքի մասին, խաղաղության մասին մտածողը, պատերազմում հաղթած Մտածողը 1998-ին հեռացվեց, եւ ասպարեզ ելան ավելի արագ, ճկուն, գիշատիչ ու առանց մտածելու գործողները: Մտածելը թողնվել էր ռազմավարական դաշնակիցներին՝ մեզ պահելով սոսկ ջեմով կոնֆետները:

Ու սկսվեց: Պատերազմի անվերջ սպառնալիքները, հարեւանների՝ մեզ հասցեագրված հիստերիկ հայտարարությունները մեզ դարձնում են ավելի ու ավելի նյարդային: Իրականում հենց այս վիճակն է պատճառը, որ օրը մեջ հեղափոխություն անելու կոչեր են հնչում: Մենք պարզապես խաղաղություն ենք ուզում:

Պատերազմի ժամանակ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ չեն լինում, որովհետեւ պատերազմի ժամանակ կատարում ես հրամաններ, պաշտպանում ես քեզ վստահված դիրքերը, հակառակ դեպքում դու դավաճան կամ, լավագույն դեպքում, դասալիք ես: Մենք ազատ, արդար ընտրություն անելու ազատություն ենք ուզում: Առաջիկա ընտրությունները, խորհրդրանական թե նախագահական, ազատ, արդար կանցնեն, եթե մինչ այդ ստորագրվի խաղաղության պայմանագիրը: Ցանկացած ստրատեգ կասի, որ ամրոց գրավելն այն պահելուց հեշտ է, պատերազմ հայտարարելը՝ խաղաղություն կնքելուց անհամեմատ հեշտ է: Հայաստանում քաղաքական գործիչ կա՞, համարձակ մի մարդ, որ հանուն Հայաստանի Հանրապետության՝ խաղաղության պայմանագիր ստորագրի, իսկ քաղաքացին էլ իրավունք ստանա ազատ եւ արդար ընտրություն կատարելու՝ առանց ընտրակաշառք վերցնելու, առանց դաբրոներ կշռելու՝ ետեւում թողնելով հավերժ թշնամու կարծրատիպը, էթնիկ անհամատեղելիության մասին բարդույթը եւ հարատեւ կռվի հիստերիկ կարգախոսները: Եթե այդպիսի Իշխան չկա, ապա նաեւ ապագա չկա, ոչինչ չկա:

Վստահաբար կարելի է ասել. «Որ օրը այդ գործիչը հայտնվի, քառասուն օր անց Ռոբերտ Քոչարյանի փոխարեն այլ նախագահ կունենա երկիրը»: Հաստատ: Կամ մե°նք կկնքենք մեր երկրի ու հոգու տարածքների վերաբերյալ խաղաղության պայմանագիր, կա°մ դա կանեն ուրիշ պետություններ՝ առանց մեզ, ինչպես օրինակ 1921թ մարտի 16-ին: Աշխարհը համաձայն չէ՞ հայանպաստ կարգավորման. մինչեւ ու՞ր է հայանպաստության սահմանը: Ինչո՞ւ համաձայն չէ՞, ի՞նչ է ուզում, որ չենք կարող վճարել: Մենք չենք կարող վճարել հիմա՞, թե՞ մենք չենք ուզում վճարել ընդհանրապես:

Սուտ է, թե Ղարաբաղը դե-ֆակտո անկախ է: Հայաստանն է պաշտպանել Ղարաբաղը մինչեւ 1992-ի մայիսը ադրբեջանառուսական, ապա եւ՝ ադրբեջանական ագրեսիայից: Հայաստանը պաշտպանել է ղարաբաղի ժողովրդի՝ իր բնօրրանում անվտանգ ապրելու իրավունքը 1988-ի փետրվարից մինչեւ 1991-ի սեպտեմբեր, Լիսաբոնից մինչեւ Ռամբույե: Հայաստանին է առաջարկվում ստորագրել կարգավորման խաղաղության փաստաթուղթը: Որ ի՞նչ: Դա միայն իմ ուզելով չէ, միայն Ղարաբաղի ուզելով չէ, միայն Հայաստանի ուզելով չէ, դա աշխարհի ուզելով է՝ ինչպես անկախության հարցում: Եթե որեւէ մեկը հակառակ միտում նկատում է, թող ասի, որ հիմա մեզ պետք է Սուբկոմանդանտե Մարկոս: Պարզապես 1998-ի տրամաբանության սուբյեկտիվ գործոնները չկան:

1990-ի մայիսին մեր կողմից փաստացի ապացուցվեց, որ հայ ժողովուրդը պատրաստ է անկախությանը, որից հետո այդ թեմայի շուրջ դատարկ շահարկումները դադարեցին: Հիմա մենք ասում ենք, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության, որ Քաղաքացին կարո°ղ է առանց արտաքին ազդակի՝ այսինքն ազատ, առանց իր խղճին դեմ գնալու, այսինքն՝ արդար եւ առանց ինքն իրեն կեղծելու, այսինքն՝ թափանցիկ ընտրություն կատարել, միայն թե խաղաղություն լինի: