Հայ քաղաքական գործիչները գործարարներին թողնում են բախտի քմահաճույքին

2007 թվականի մայիսի 12-ի ընտրությունների շեմին նախընտրական քարոզաշավի առանձահատկություններից մեկն այն է, որ Հայաստանի իշխանությունների` ունեւոր խավի վրա հենվելով իշխանական համակարգեր ձեւավորելու ավանդական սովորույթը կորցրել է իր արդիականությունը: Քաղաքական կենցաղ է մտել գործարարներին ներկայացուցչական եւ գործադիր իշխանությունից դուրս մղելու տեխնոլոգիան: Բոլոր իշխանամետ ուժերը ուղիներ են փնտրում իրենց ցուցակները ազդեցիկ գործարարներից ազատելու համար:

Տպավորությունն այնպիսին է, թե հայկական քաղաքականությունում բիզնեսմենը դառնում է արհամարհելի եւ ատելի անձ: Իրերի այս դրությունը հատկապես հետաքրքիր է, քանի որ դեռ 2006 թվականի հունիսի 22-ին Հանրապետական կուսակցության եւ Հայաստանի հաջորդ նախագահի պաշտոնին հավակնող ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի միությունը ձեւավորելիս հիմնական խաղադրույքը դրվեց հենց երկրի բիզնես կորպուսի վրա: Անկասկած այնժամ ենթադրվում էր, որ Հայաստանի հաջորդ իշխանության կերպարը պետք է ձեւավորվի իշխանական ողջ համակարգում բիզնեսմենների քաղաքական դերի բարձրացման միջոցով:

Իր հերթին, իրենց սեփականության պաշտպանվածության աստիճանը բարձրագույն իշխանության հետ սերտաճման աստիճանին կապող հայ բիզնեսմենները քաղաքական այս նախագծում տեսան իրենց բոլոր խնդիրները ուծելու բացառիկ հնարավարություն: Շատերը եկան այն կարծիքին, թե հանուն այս ծրագրի իրականացման ոչինչ խնայել պետք չէ: Եվ իսկապես, դժվար է ենթադրել, որ այն փուլում, երբ երկիրը 2008 թվականին գնում է նախագահ փոխելու, հնարավոր է իրագործել սեփականության պաշտպանվածության ապահովման եւ բիզնեսը զարգացնելու հնարավորությունների բարձրացման գործում բեկում մտցնելու առավել երաշխավորված ծրագիր: Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխշահավետ համագործակցությունը, կարծես թե, այլընտրանք չունի: Իրենց կարողությունը իշխանական լծակների տիրապետելու միջոցով (կամ իշխանական լծակներին տիրապետողների հետ սերտ համագործակցության միջոցով) ձեւավորած, «վերեւից դաբրոյի» խիստ համակարգով աշխատելուն սովոր առավել ազդեցիկ գործարարները վաղուց են հավատում գործարարության համար ներկա պայմանների անայլընտրանքությանը:

Եվ բարձրաստիճան պաշտոնյաները, եւ ազդեցիկ գործարարները (գործարար-չինովնիկները ներառյալ) Հայաստանում կապիտալի ստեղծման եւ զարգացման այլ պայմաններ չեն տեսել, քան երկրում հաստատված ոլորտների, քվոտաների, զոնաների, ստվերային ֆինանսական հոսքերի պայմանագրային բաժանման համակարգը: Թվում է, թե այս համակարգը չի կարող փոփոխությունների ենթարկվել ոչ մի դեպքում: Այս համոզմունքը ավելի ամրապնդվեց, քանի որ բարձրագույն իշխանություններն իրենք երբեք չեն դրսեւորել տնտեսական պայմանները այլ հուն տեղափոխելու հակումներ: Եվ առայսօր թվում է, թե չկա որեւէ հիմք կասկածելու ներկա ստատուս-քվոյի արժեքին:

Սակայն, 2007 թվականի խորհրդարանի ընտրության մոտենալուն պես, Հայաստանում բոլորը դարձան անհասկանալի, նոր քաղաքական երեւույթների վկա: Երեւույթներ, որ բերեցին համընդհանուր «պայծառացման»: Պարզվեց, որ քաղաքական-տնտեսական ստատուս-քվոյի սկզբունքների ամրության մասին համընդհանուր համոզվածությունը կեղծ համոզվածություն էր: Ինչ-որ բան ստիպեց բարձրաստիճան պաշտոնյաներին սպառազինության վերցնել իշխանության ձեւավորման այլ տեխնոլոգիաներ: Գործարարները հայտնվեցին նոր, անսովոր պայմաններում. բարձրաստիճան իշխանության քաղաքականության մեջ նրանց արժեքը վերանայման էր ենթարկվել:

Կարելի է պատկերացնել այն խուճապային վիճակը, որ պատել էր հայկական գործարարներին այդ օրերին: Քիչ էր, որ նրանց միջավայրում սկսվեց իսկական «ուխտագնացություն» դեպի մեծամասնական ընտրատարածքներ, դեռ որոշ գործարար-պատգամավորներ եւ չինովնիկ-գործարարներ սկսեցին նույնիսկ շատ մտերմիկ զրույցներ իրենց «անհարմար» վիճակը թեկուզ ինչ-որ կերպ արդարացնելու համար: Վերջերս «Ժողպատգամավոր» խմբի նախագահ Կարեն Կարապետյանն ու Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը հայտարարեցին, որ պատգամավորի մանդատը բիզնեսի պաշտպանվածության երաշխիք չէ, եւ գործարարները պետք է իրենց իրավունքների պաշտպանության այլ մեթողներ փնտրեն: Գործարարներն իրենք են արտահայտվում խորհրդարանում գործարարների քանակի նվազեցման օգտին: Նման արտահայտությունները «անթույլատրելի» շքեղություն են այն մարդկանց շուրթերին, ում համար պատգամավորի մանդատն ու պաշտոնը միշտ էլ հավասարազոր են եղել հաջողության երաշխիքներին: Հասկանալի է, որ առանց իշխանությունների պահանջի ոչ ոք չէր գնա նման քարոզչության:

Մտածել, թե հայ գործարարները հասունացել են եւ հիասթափվել ընտրովի եւ նշանակովի պաշտոնների փրկարար ուժից, միամտություն կլիներ: Հասկանալի է, որ շոկային վիճակում հայտնված սույն պարոնները պետք է ինչ-որ կերպ փրկեին իրենց դեմքը եւ ներկայանային առաջադեմ քաղաքացու դերով: Իրականում, Հայաստանի բիզնես կորպուսը փորձում է անել ամենանվազագույնը` չմտնել բարձրաստիճան իշխանության հետ հակամարտության մեջ: Չէ որ մի բան նրանք կարող են հասկանալ, որ գործարար-պատգամավորը եւ չինովնիկ-գործարարը, որ մինչ այս իշխանության համակարգի անկյունաքարերն էին, դուրս են բերվում Հայաստանի ներկա նախագահի քաղաքական տեխնոլոգիաներից: Նախընտրական տարում ձեւավորված նախագահամետ «Բարգավաճ Հայաստան» նոր կուսակցությունը սկզբում փակել էր իր համամասնական ցուցակը բարձրաստիճան պաշտոնյաների եւ գործարարների առջեւ: 2007 թվականի սկզբում նման միտումներ նկատվեցին այժմ «գործարարների եւ չինովնիկների ակումբ» անվանվող Հանրապետական կուսակցության ղեկավարության գործողություններում: Գործարարները մնացին մեծամասնական ընտրատարածքների հույսին: Ավելին, առաջացավ այդ ընտրատարածքներից պատգամավորական մանդատի տիրանալու երաշխավորված հնարավորությունների կորստի սպառնալիք:

Ոչ ոք արդեն չի կասկածում, որ նախագահ Քոչարյանը զինվել է իշխանության ձեւավորման այլ տեխնոլոգիայով: Ոչ բարձրաստիճան իշխանությունը, ոչ գործարարները չեն կարող իմանալ, թե ինչպիսին կլինեն այդ խնդիրների լուծման մեթոդները: Կարելի է միայն ենթադրել, որ քաղաքական-տնտեսական համակարգի ձեւավորման հին տեխնոլոգիաներից հրաժարվելը կարող էր տեղի ունենալ լուրջ պատճառների արդյունքում: Ամենայն հավանականությամբ, սպասվելիք 2007-2008 տարիների ընտրությունները գրգռել են սեփական ապագայի հանդեպ ներիշխանական վախը:
Դե, եթե իշխանությունն է վախենում, ապա ինչ ասես գործարարների մասին: Հայաստանում ձեւավորված կարգերի պայմաններում գործարար-պատգամավորների կորպուսի գլխին կախվեց սեփականության կորստի լրացուցիչ սպառնալիք: Ոչ նրանց հնազանդությունը, ոչ նրանց դժգոհության աստիճանը ի վիճակի չեն հեռացնել այդ սպառնալիքը: Առայժմ գործարարների մեծամասնությունն ավտոմատ կերպով շարունակում են փրկությունը տեսնել ամեն գնով մանդատ ձեռք գցելու մեջ:

Հայաստանում առայժմ միայն եզակիները կարող են հասկանալ, որ սեփականությունն ու կարողությունը կարող են հուսալի պաշտպանված լինել, եթե դրանում շահագրգիռ են հասարակության լայն շերտերը. Հակառակ դեպքում, այդ սեփականությունը պարբերաբար ջարդուփշուր է արվում իշխանավորների կողմից` հարուստների նկատմամբ վրեժի ցանկություն ունեցող սովորական քաղաքացիների «բարձր ծափերի» տակ: Հարուստներին ջարդուփշուր անելը աստիճանաբար դառնում է իշխանություն վերցնելու եւ պահելու լավագույն մեթոդը: Քանի դեռ Հայաստանի իշխանությունը նոր ձեւ չստանա, այդ սպառնալիքը միշտ կախված է լինելու գործարարների գլխին: