Նախընտրական գաղափարական ճգնաժամ

Դեռ խորհրդարանական ընտրություններին երկու ամիս ժամանակ կա, սակայն արդեն իսկ կարելի է պնդել, որ Հայաստանի քաղաքական դաշտը սպառվել է: Չնայած նրան, որ անցյալ ընտրությունների արդյունքում հասարակական հուզումներ տեղի ունեցան, այնուամենայնիվ քաղաքական դաշտը որակական աճ չարձանագրեց: Հակառակը, 2003-2004 թվականների գործընթացները հանգեցրեցին ընդդիմության տարրալուծմանը, եւ հասարակությանը դուրս մղեցին քաղաքական կյանքից, ինչի վառ օրինակը հանդիսացան սահմանադրական հանրաքվեի շուրջ ծավալված զարգացումները:

Մի կողմից, հասարակությունում տիրում է անտարբերության եւ հիասթափության մթնոլորտ, մյուս կողմից, քաղաքական ուժերը ունակ չեն ներկայացնել ընտրողներին հստակ գաղափարներ, որոնք կարող էին խթանել հասարակական ակտիվություն: Քաղաքական ուժերը ամբողջովին ուղղվել են դեպի մաքուր պայքարը, որի դրսեւորումներն ու շարժիչ գործոններն են ուժն ու հույզերը:

Այսօրվա դրությամբ ոչ մի քաղաքական կուսակցություն չունի հստակ պատկերացումներ, թե ինչպես պետք է զարգանա հայկական հասարակությունը: Ընդդիմադիր եւ իշխանական ուժերի միջեւ այսօր գոյություն ունեն շատ չնչին տարբերություններ: Մի կողմից ընդդիմությունը չունի այն վարչարարական եւ տնտեսական լծակները, որոնք առկա են Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստանի» կամ նույնիսկ Դաշնակցության մոտ: Մյուս կողմից, իշխանականների եւ ընդդիմադիրների կողմից հասարակությանը առաջադրվող գաղափարական փաթեթները իրարից գրեթե չեն տարբերվում: Խոսվում է նույն եվրաինտեգրման, տնտեսական աճի, կոռուպցիայի եւ աղքատության դեմ պայքարի, ղարաբաղյան հարցի լուծման եւ այլնի մասին: Տարբերությունը միայն մի կետում է: Իշխանամետ ուժերը այս խնդիրների լուծման համար առաջարկում են հետեւել կայունության սկզբունքին, այսինքն՝ չփոխել ստեղծված քաղաքական իրողությունը եւ թույլ տալ ներկա իշխող ուժերին շարունակել կառուցողական աշխատանքները: Ընդդիմադիր ուժերը, որպես այս բոլոր խնդիրների լուծման միակ տարբերակ, պահանջում են ներկա իշխանություններին փոխարինել իրենցով: Ուրիշ հստակ գաղափարներ եւ պատկերացումներ ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար երկու կողմներն էլ չեն առաջարկում:

Որպես բացառություններ տվյալ օրինաչափությունից նշենք երկու քաղաքական ուժեր, որոնք ունեն հստակ գաղափարական հիմքեր: Դրանք կոմունիստներն են եւ դաշնակները: Սակայն այս երկու ուժերի խնդիրն էլ այն է, որ նրանք առաջնորդվում են կաղապարված, տարիների ընթացքում կարծրացած եւ ներկա իրողություններին հաճախ չհամապատասխանող պատկերացումներով:

Քաղաքական դաշտը այնքան է գաղափարազրկվել, որ հիմնական շարժիչ ուժերը դարձել են կոնկրետ անձինք՝ թե դրական, թե բացասական առումով: Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը, բացի հենց իսկ Գագիկ Ծառուկյանից, ոչ մի ուրիշ հստակ տարբերություն չունի ուրիշ ուժերից: Խորհդանշական է, որ «Բարգավաճ Հայաստանը» ունի արդեն մոտ 400 հազար անդամ: Որքանով անդեմ անդամների թիվը շատանում է, այնքան ավելի հստակ ընդգծվում է հենց Գագիկ Ծառուկյանի անձը, որն էլ իր հիմնական պատկերացումը համարում է Հայաստանի բարգավաճումը, առանց ինչ-որ հստակորեն առաջարկված գաղափարների եւ դրանց իրագործման գործողությունների:

Ընդդիմության համար այդպիսի ուղղորդող անձինք են դարձել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, քանի որ որպես Հայաստանի Հանրապետության փրկության միակ միջոց հայտարարում են այս գործիչների վերացումը քաղաքական դաշտից: Փաստորեն մյուս կետերում ընդդիմադիր ուժերի ցանկությունները գրեթե չեն տարբերվում նույն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի բռնած ուղուց: Քննադատություններից այն կողմ այսօրվա ընդդիմադիր եւ իշխող ուժերը իրարից չեն տարբերվում՝ կոնկրետ անձինք են հանդիսանում ուժային կենտրոններ, որոնց շուրջ խթանում են գործընթացները:

Չնայած նրան, որ քաղաքական ուժերի միջեւ կարելի է գտնել ինչ-որ ներքին եւ արտաքին քաղաքականության հանդեպ զանազան տարաձայնություններ, սակայն դրանք իրականում էական չեն կամ էլ խիստ վերացական են: Օրինակ, Հայաստանի Հանրապետության արտաքին կապերի պարագայում կուսակցությունների միջեւ գոյություն ունեն ինչ-որ չափով տարաձայնություններ, կապված հիմնական զարգացման ուղղությունների հետ. Ռուսաստան, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ: Այստեղ կուսակցություններն ունեն սեփական պատկերացումներ, սակայն դրանք հեռու չեն ընդհանուր հայտարարություններից: Նման վիճակում է գտնվում նաեւ երկրի ղեկավարությունը, որը հեռու չի գնում վերացական կոմպլիմենտարիզմից, ինչի հետեւանքով հանրապետության արտաքին քաղաքականությունը գրեթե ամբողջովին անցել է դրսի ուժերի ազդեցության տակ: Դժվար թե ընդդիմադիր ուժերից մեկը կարողանա փոխել ստեղծված իրավիճակը՝ ելնելով սեփական մոտեցումներից, քանի որ դրանք նույնպես հռչակագրային մակարդակում են գտնվում:

Այսպիսով, կարելի եզրակացնել, որ ստեղծված իրավիճակում, երբ քաղաքական վերնախավում տիրում է գաղափարային դատարկություն, դժվար է ակնկալել, որ ընտրությունները, անկախդրանց արդյունքներից, որեւէ փոփոխություններ կարող են բերել Հայաստանին:

Մյուս կողմից հասարակությունում իշխող անտարբերությունը չի խթանում իրական քաղաքական ակտիվություն, եւ ընտրությունները վերածվում են պարզ քաշքշուկի: Ամենայն հավանականությամբ գալիք ընտրությունները կհանգեցնեն նոր գաղափարային սղաճի եւ հասարակական հիասթափության: Ստեղծված քաղաքական դատարկության բացասական ազդեցությունը եւ վակուումի ստեղծումը կարող են խթանել հասարակությանը, եւ մոտ ապագայում կարող են երեւան գալ նոր գաղափարներ կրող ուժեր: Ստեղծված քաղաքական դաշտը արդեն չի համապատասխանում հասարակությանը՝ դրանք շարժվում են տարբեր ուղղություններով: Քաղաքական ուժերը իրենց մղել են ինքնապարփակ մի վիճակի, ուր հասարակության մեծամասնության համար տեղ չկա: