ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ Պետդեպարտամենտը խոստովանել է, որ սխալ է թույլ տվել Հայաստանի վերաբերյալ զեկույցում
«Հայաստանն արդեն համապատասխան փաստաթուղթ է հղել ԱՄՆ Պետդեպարտամենտ, որտեղ իր անհամաձայնությունն է հայտնել մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասում տեղ գտած ձեւակերպումների հետ»,-»Ռեգնում» գործակալության մամլո կենտրոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, պետդեպարտամենտը խոստովանել է, որ սխալ է թույլ տվել, անվանելով Լեռնային Ղարաբաղը «Հայաստանի կողմից օկուպացված» տարածք: «Ճիշտ է, այժմ արդեն ուշ է փոխել փաստաթուղթը, սակայն ԱՄՆ-ն խոստացել է հանդես գալ պարզաբանիչ հայտարարությամբ կամ փոխել պետդեպարտամենտի կայքում զետեղված տեքստը: Ընդհանրապես նման զեկույցները մեկ մարդ է գրում, որը սուբյեկտիվ է, սակայն դրանք չեն արտահայտում ամերիկյան արտաքին քաղաքականության իրողությունները»,-նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Նա նշել է նաեւ, որ կապ չի տեսնում զեկույցի եւ ԱՄՆ «Ջերմուկ» հանքային ջրի, որն, իբր, վնասակար է առողջությանը, ներմուծման արգելքի միջեւ:
