Ով է նա, ով է նա, ով է նա

ՀՀ ԱԺ 2007 թվականի մայիսի 12-ի ընտրություններին մասնակցելու համար հայտեր
ներկայացնելու ժամանակը սպառված է: Մեծամասնական ընտրակարգով 41 ընտրատարածքներում
առաջադրվել է 173 հոգի: Ապրիլի 2-7-ը հատվածում պարզ կլինի թե նրանց ով կմասնակցի
ընտրապայքարին, ում չեն գրանցի, կամ ով կհանի թեկնածությունը: Ամեն դեպքում,
միանշանակ է, որ ՀՀ ԱԺ պատգամավորի մեկ մանդատի համար միջինը 4 մարդ է պայքարելու:
Ընդգծում ենք. միջինը, քանի որ Հայաստանում ձեւավորված ոչ այնքան բարի, ոչ այնքան
հին, ոչ այնքան ժողովրդավարության հարիր աավանդույթի համաձայն, 41 ընտրատարածքներից
5-ում մեկ թեկնածու է գրանցված: Որ սա ժողովրդավարության դրսեւորում չէ, հայտարարել
են ինչպես եվրոպական կառույցներն այնպես էլ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
նախագահ Գարեգին Ազարյանը:


Անայլընտրանք թեկնածուներ

Արդեն երրորդ անգամ Արմավիրի մարզի թիվ 20 ընտրատարածքից առանց այլընտրանքի
ընտրվելու է ՀՀ պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի եղբոր որդին`
հանրապետական Հրանտ Գրիգորյանը: Թիվ 32-ում այս անգամ միայն հանրապետական Սուրիկ
Պողոսյանն է հայտ ներկայացրել: Թիվ 27-ում եւ թիվ 28-ին Բարգավաճ Հայաստանի
անայլընտրանք թեկնածուներն են Մելիք Մանուկյանն եւ Գագիկ Ծառուկյանը, թիվ 7-ում
անկուսակցական, բայց Գագիկ Ծառուկյանի մերձավոր Սամվել Ալեքսանյանը: Այլ խոսքով 5
անայլընտրանքներից 3-ը ԲՀԿ անդամ են կամ ԲՀԿ-ին մոտ կանգնած: Թե որն է բարգավաճի «Բարգավաճ
Հայաստան» կուսակցության չափանիշը առայսօր չի ասվել, բայց որ մեկ թեկնածուվ
ընտրությունը բարգավաճման չափանիշ չէ` միանշանակ է:

Թվերով

Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից 60-ը բիզնեսմեն են, 40-ը` ԱԺ
պատգամավոր, 39-ը` գործազուրկ: Ամենից շատ գործազուրկներ` 4 հոգի Սամվել Բաբայանի «Դաշինք»
կուսակցության առաջադրած թեկնածուների շարքում են: Ընտրություններին համամասնական
ընտրակարգով մասնացկում է 28 քաղաքական միավոր, սակայն, մեծամասնական ընտրակարգով
թեկնածուներ են առաջադրել միայն 19-ը: Ամենաշատ թեկնածուներ առաջադրել է Հայաստանի
հանրապետական կուսակցությունը` 25 հոգի, որոնցից 4-ը` անկուսակցական: Այս
կուսակցության ղեկավարները` կուսակցության նախագահ եւ կուսակցության խորհրդի
նախագահ, մեծամասնական ընտրակարգով չեն առաջադրվել: Բարգավաճ Հայաստանը առաջադրել է
13 մեծամասնական թեկնածու, այդ թվում եւ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Կուսակցությունների առաջնորդներին մեծամասնական ընտրակարգով առաջադրել են նաեւ «Դաշինք»,
ՀՔԴՄ, «Հայոց հայրենիք», ՀԱԿ,. ՀԱԱԿ, ԱԺԴ, ԺՈւԿ, ՀԱՄԿԿ, ՀՄԿ կուսակցությունները:
Քրիստոեա-դեմոկրատական միություն եւ մարքսիստական կուսակցությունները մեծամասնական
ընտրակարգով առաջադրել են միայն կուսակցությունների ղեկավարներին: Մեծ է նաեւ ՕԵԿ
առաջադրած մեծամասնական թեկնածուների թիվը` 15: ՀՀՇ-ն առաջադրել է 7 հոգու,
երտասարդական կուսակցությունը` 6, Ազգային միաբանությունը` 4, ՀՅԴ-ն` 1: Թիվ 41-ը
միակ ընտրատարածքն է, ուր բոլոր թեկնածուներն առաջադրվել են քաղաքացիական
նախաձեռնությամբ: Չհաշված մեկ թեկնածուով թիվ 7 ընտրատարածքը:

«Մահվան» ընտրատարածքներ

Ամենից շատ թեկնածուներ` 10 հոգի առաջադրվել են թիվ 4 ընտրատարածքում: Այս 10-ից
8-ին առաջադրել են կուսակցությունները, մյուս երկուսը` քաղաքացիական
նախաձեռնությամբ են: Այստեղ են ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը, ՀՀՇ-ական Արամ
Մանուկյանը, հանրապետականի թեկնածու անկուսակցական Զոհրաբ Զոհրաբյանը, Բարգավաճ
Հայաստանի թեկնածու` Հայրապետ Հայրապետյանը, նույն Բարգավաճ Հայաստան կուսակցության
անդամ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված Նշան Վաղարշակյանը:

Երեւանի թիվ 10 ընտրատարածքում չորս թեկնածուներից երկուսի միջեւ է պայքարը լինելու.
ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի եւ ԱԺ գործարար պատգամավոր Խաչատուր
Սուքիասյանի: Նույն ընտրատարածքում առաջադրվել է նաեւ Խաչատուր Սուքիասյանի
սեփականություն Նարեկ ՍՊԸ-ի փոխտնօրենը: ԴԺվար է ենթադրել, որ ենթական դուրս է եկել
սեփականատիրոջ դեմ: Նույն վիճակն է Արարատի թիվ 18 ընտրատարածքում: Վեդի Ալկո
ընկերության սեփականատեր ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանի հետ պայքարի մեջ մտնելու
հայտ է ներկայացրել Վեդի Ալկո ընկերության փոխտնօրեն Արմեն Ղազարյանը:

Հետաքրքիր հանրապետականը



Ինչ ուզում եք ասեք, բայց շատ հետաքրքիր կուսակցություն է Հայաստանի հանրապետականը:
Թիվ 19-ում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվել է հանրապետական Հակոբ
Հակոբյանը: Հանրապետականը սակայն, պաշտպանում է քաղաքացիական նախաձեռնությամբ
առաջադրված պաշտոնաթող գեներալ, անկուսակցական Սեդրակ (Սեյրան) Սարոյանի
թեկնածությունը: Նույն թիվ 19-ում, որ ընդգրկում է Էջմիածին քաղաքը, առաջադրված է
նաեւ Երեւանի Արաբկիր համայնքի ղեկավարի օգնական մեկ այլ հանրապետական, բայց էլի
Հակոբ Հակոբյան: Մեր տեղեկություններով, սա հանրապետականի ձեռքի գործն է, որ
ընտրողը շփոթության մեջ ընկնի ու էջմիածինցի Հակոբ Հակոբյանին ստանալիք ձայների մի
մասը փոշիանա:

Թիվ 41 ընտրատարածքում առաջադրված 6 թեկնածուներից երկուսը հանրապետական են, սակայն
երկուսն էլ առաջադրվել են քաղաքացիական նախաձեռնությամբ: Սերժ Սարգսյանի հետ եւ
Սերժ Սարգսյանի համար հանրապետականացած ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը ով տարին մեկ
էլ Աժ` աշխատանքի չի գալիս, հայտարարել է, որ Աժ-ն իրեն հետաքրքիր չէ: Սա սակայն չի
խանգարել հանրապետական կուսակցությանը, որ հենց Լեւոն Սարգսյանին առաջադրի Երեւան
թիվ 5 ընտրատարածքում: Լեւոն Սարգսյանը լուրջ հակառակորդներ ունի. ՀԱԱԿ նախագահ
Հովհաննես Հովհաննիսյան, ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյան եւ էլի երեք հոգի: