Իմ ժամանակը

«Շարժումն ամեն ինչ է, նպատակը` ոչինչ»:

Էդուարդ Բերնշտեյն

Օլիվեր Կրոմվելի հեղափոխությունը գլխատեց Կառլոս 1-ին Ստյուարտին ոչ թե հանուն
հեղափոխության, այլ հանուն Աստծո փառքի, Աստվածահաճո Անգլիայի: Բողոքականության
սուրը սկզբում ուղղված չէր թագավորի դեմ: Սակայն երբ այն սահմանվեց, քաղաքական
երազանք միապետությունը դարձավ թշնամի: Իրականում անխորտակելին «երկաթակողերի»
հեծելազորը չէր, այլ կրոմվելյան երազանքը, որն այսօր իրականություն է դարձել:
Ֆրանսիական հեղափոխության ընթացքը անկանխատեսելի էր: Այն վերածվեց սկզբի
հակապատկերի: Մարդու Ազատությանը միտված կամքը հանգեցրեց Ազատությունը լիակատար
ոչնչացնող ահաբեկչության: Այսօրինակ հեղափոխության կրկնության կանխումը եվրոպական
պետությունների քաղաքականության համար դարձավ սկզբունք:

Հայաստանում 19 տարի առաջ սկսված շարժումը ուներ քաղաքական խնդիր` Արցախի
վերամիավորման խնդիրը: Պայքարի տրամաբանությունը ծնեց նոր կարգախոսներ, նոր
արժեքներ, մեծ հաշվով` նոր մտածողություն: Այն ձեւավորվեց անցյալի քննադատության
վրա: Քննադատության էին ենթարկվում սովետական ամեն ինչը` քաղաքական կառույցներից
սկսած մինչեւ հասարակական հարաբերություններ: Հետագա ձեռքբերումներն այսօր կարելի է
որակել որպես ժամանակի պահանջ, սակայն այն ժամանակ ցանկացած առաջընթաց ձեռք էր
բերվում անսովոր մեծ ջանքերով: Գործիչների մի տեսակ կար եւ կա, որ ներկային առնչվող
դժվար կամ պատասխանատու հարցերին «Ժամանակը ցույց կտա» կրավորական պատասխանն ունի:
«Իրականում ժամանակը ոչ մի նշանակություն չունի: Մարդկության առաջադիմությունն
ամենեւին չի պտտվում անխուսափելիության անիվներով: Այն նվաճվում է Աստծո կամքն
իրագործող մարդկանց անդուլ ջանքերի շնորհիվ, առանց որոնց ժամանակը դառնում է
հասարակության լճացման ուժերի դաշնակիցը» (Մարտին Լյութեր Քինգ, «Նամակ
Բիրմինգեմյան բանտից»):

Պատմությունն անկրկնելի է եւ ամբողջական: 14-րդ դարից սկսած` առաջընթացի շղթան չի
կտրվել, իսկ 18-րդ դարից այն սրընթաց արագություն է վերցրել: Սերունդների
հաջորդականության մեջ մի օղակը փոխանցում է մյուսին դարաշրջանի գիտակցությունը: Այս
ընթացքը կայացել է մարդկային գոյության գիտակցված սեկուլյարիզացիայից: Սկսվելով
սեկուլյարիզացիայից` Ամերիկայի հայրերը տարվեցին մարդու ընդհանուր իրավունքների
գաղափարով: Պատմության փիլիսոփայության սեկուլյարիզացիան լուծեց խումբ ընտրյալ
մարդկանց երազանք ունենալու մենաշնորհը, այդպիսով գաղափարականացնելով
ժողովրդավարությունը եւ քննադատության հայացքն ուղղելով ամենամոտ կետին` ներկային:

Կյանքն ավելի լավը դարձնելու պատասխանատվությունը յուրաքանչյուրինն է. հակառակ
մոտեցումը, ժողովրդավարական գնահատմամբ, անխուսափելիության բարդույթ չէ, սովորական
անբարոյականություն է: Միլիոնավոր մարդիկ են զոհվել, ընդհանուր ընտրական իրավունքի
ձեռքբերման համար, որպեսզի ես հնարավորություն ունենամ իրականացնել իմ քաղաքական
նպատակները: Հազարավոր մարդիկ հազար տարի երազել են, որ Հայաստանն անկախ լինի:
Ամբողջ հայության աղոթքով, կռվով պայքարով, երիտասարդության կյանքի գնով ու
հանրաքվեով Հայաստանն անկախ է հռչակվել. այն պահպանելու պատասխանատվությունը եթե
իմը չէ, ապա ու՞մն է: Այս գիտակցումը կարող է մեզ դուրս բերել սկզբունքային
անզիջում պայքարի:

Սեպտեմբերի 21-ով սկսվել է ի՛մ ժամանակը, ի՛մ դարաշրջանը: Անհնար է ետ գնալը, եթե
անգամ անցյալն ինձ ավելի հարազատ լինի, քան ներկան: Կարող ենք ասել, որ սա մեր
երազած պետությունը չէ: Բայց շատ դժվար է ետ գնալ եւ փորձել մեկ անգամ էլ թռչել
գնացքից, սակայն այս անգամ աշխատել վայրէջքը նախատեսել ոչ թե ճահճի մեջ, այլ չոր
գետնի վրա: Երբ առկա է անողոք քննադատություն, իսկ նպատակ չի ձեւակերպվում, ապա
անխուսափելի է բարեփոխումը` մեծ կամ փոքր: Իսկ երբ նպատակը հստակ ձեւակերպվում է,
բարեփոխումը կարող է գնահատվել որպես առաջընթաց: Անկախության գաղափարի տեսանկյունից`
ներկա քաղաքական, իրավական կամ սոցիալական բարեփոխումները ոչինչ են, որովհետեւ
այսօր իշխանության ուղեգիծը հակաանկախական է: Արձանագրվող ետընթացը կանխելու ունակ
չեն նախկին պարտկոմները, կոմսոմոլական ակտիվիստներն ու չեկիստական գործակալները,
որովհետեւ անկախությանը դեմ են գենետիկորեն:

Այդ ինչպե՞ս պատահեց, որ իշխանության մեջ առնետի բազմացման արագությամբ շատացան
անկախության հակառակորդները: Այդ ո՞ր չորացած ձեռքը նրանց ընտրեց կամ նշանակեց:
1992թ.-ին լուսահոգի ԱՄԿ-ակններից մեկը մեր մի առաջարկությանն այսպես արձագանքեց. «Ես
նախանձում եմ քեզ: Քաղաքական լուրջ ծրագիր ես առաջարկում, բայց ես չեմ կարողանում
խորապես ըմբռնել, որովհետեւ մեր ուզածը այն էր, որ Հայաստանն անկախանա»: Հետո
նվիրյալների հասարակության քաղաքական պասիվությունը պատճառ դարձավ, որ
պատեհապաշտներն եւ արկածախնդիրները, որոնք ազգի, քաղաքացու եւ մարդու իրավունքների
վրա թքած ունեն, դառնան Հայաստանի ճակատագիրը տնօրինողները: Թյուրիմացաբար կամ
չհիմնավորված լավատեսությամբ տարված` թվաց, թե 1998-ին իշխանության եկած մարդն այդ
աստիճան ապաշնորհ, անհեռատես ու թույլ լինել չի կարող: Եվ քվեի հետ միասին նրան
նվիրվեց նաեւ երազանքն իրականցնելու իրավունքը: Ազատագրական, ազգային շարժումների
մեծ մասն ապրել են նման ռեակցիայի փուլ: Այն հաղթահարելու համար նույնքան կամք է
հարկավոր, որքան շարժումը սկսելու համար: Ինքնաբերաբար կամ անխուսափելիորեն չի
վերականգնվում ճշմարիտ ընթացքը:

1991-ին մենք ազգովի քվեարկեցինք, որ Հայաստանը դառնա անկախ ու դարձավ անկախ: Այսօր
եթե ազգովի աղոթք ու ձայն բարձրացնենք, ապա մեր երազած Հայրենիքը կարող է
իրականանալ այսօր: Պասիվանալու դեպքում մի օր հանկարծ կարձանագրենք, որ մեր ներսի
կրակը այլեւս լույս չի տալիս, մարել է: Այդ պահին խավարը պատելու է, ու խարխափելով
փորձելու ենք ելք գտնել: Հաջորդ պահի հանդեպ վախը սահուն վերածվելու է պատին
չբախվելու մտահոգության: Դեպի ծանոթ հանգրվանը տանող ճանապարհի ուղենիշ կարող է
դառնալ հիշողությունը, բայց դեպի նոր նպատակատեղի հասնելու համար, խաղաղ եւ երջանիկ
կյանքի համար, անկախ եւ աստվածահաճո Հայաստան կառուցելու համար, ազատ եւ
իրավահավասար քաղաքացիական հասարակություն ձեւավորելու համար լույս պետք է վառվի,
հավատ նորոգվի: «Այդ հավատը կօգնի մեզ աշխատել միասին, աղոթել միասին, միասին
պաշտպանել Ազատությունը` իմանալով, որ կգա մեր ազատագրման օրը: Սակայն ճշմարիտ վայր
տանող ճանապարհին մենք չպետք է սխալ գործեր կատարենք... «,-կասեր Մարտին Լյութեր
Քինգը: 1957-68թթ.. ԱՄՆ-ում ծայր առած քաղաքացիական իրավունքների հավասարության
համար պայքարը, որ գլխավորում էր սեւամորթ քահանան, ամերիկյան ազգը դարձրեց իսկապես
Ազատ եւ Իրավահավասար, ինչն էլ ճանապարհ հարթեց դեպի գերտերություն: