ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պետության «կարիքներից» տուժածները շարունակում են տուժել
Քաղաքակիրթ երկրներում հարգվում են մարդու եւ քաղաքացու բոլոր իրավունքներն ու ազատությունները: Նման երկրների մասին կարծիք կազմելու համար սովորաբար դիտարկում են երկրում մարդու երկու իրավունքի վիճակը. սեփականության եւ ընտրել-ընտրվելու: Հայաստանը, ըստ պաշտոնական կարծիքի դեպի Եվրոպա գնացող բայց դեռ ճանապարհի ինչ-որ X կետում գտնվող պետություն է: Թե մեր ներկա հանգրվանը ճանապարհի ո՞ր ծայրին է մոտ` մեկնարկին, թե վերջին` ոչ ոք չի ասում: Բայց որ ի տարբերություն քաղաքակիրթ երկրների, Հայաստանում առանձնապես հարգի չէ սեփականության եւ ընտրել-ընտրվելու իրավունքը հարգելը` ակնհայտ է: Ավելին. այս պահին Հայաստանը ունի ամենաքիչը 13 քաղաքացի ում եւ սեփականության իրավունքն է խախտված եւ ընտրել-ընտրվելու: Այս պահին մենք այս 13-ի մասին գիտենք: Գիտենք անուն առ անուն:

Զոհրաբ Վահանյան, Գեղանուշ Վահանյան, Կիմա Մկրտչյան, Էմմա Աղաջանյան, Աստղիկ Հովհաննիսյան, Անահիտ Մարտիրոսյան, Ինեսա Սարգսյան, Իրինա Եդիգարյան, Նաիրա Վարդանյան, Աշոտ Պողոսյան, Տիգրան Պողոսյան, Մարինա Պողոսյան, Սյուզաննա Կարաջյան: Այս մարդիկ ժամանակին բնակվում էին Երեւան Բյուզանդի փողոցում: Հետո իբրեւ թե պետական կարիքների համար նրանց տները օտարվեցին: Թեեւ պետությունը պետք է իր քաղաքացու գույքը օտարեր նախնական համարժեք փոխտահուցմամբ, «օտարավածների» մեծ մասի ստացած փոխհատուցումը ոչ նախնական էր, ոչ էլ առավել եւս` համարժեք: Ու այդ մարդկացից շատերը հիմա վարձով են ապրում, չունեն մշտական բնակության վայր, ըստ այդմ` չունեն գրանցում-հաշվառում եւ չեն կարող օգտվել ՀՀ-ում անցկացվող ընտրություններին մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքից: Սա կարելի կլիներ վերագրել անցումային շրջանի դժվարություններին, եթե համապատասխան իրավական դաշտը ձեւավորված չլիներ: Բայց ախր ձերավորված է:
Դեռեւս 1998 թվականի փետրվարի 27-ին ՀՀ սահմանադրական դատարանը թիվ 92 որոշմամբ արձանագրել է, «ՀՀ կառավարությունը չի կարող հասարակության եւ պետության կարիքների համար անշարժ գույքի օտարման այնպիսի ընթացակարգ սահմանել, որը նրան կլիազորի նման անշարժ գույքի օտարման իրավունք»: ՀՀ Սահմանադրական դատարանը նաեւ ամրագրել է, որ «Անշարժ գույքի մասին» օրենքի դրույթը, թե քաղաքացու սեփականությունը կարելի է օտարել դատական կարգով, չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանը: Նկատեմ, որ ՀՀ քաղաքացիների անշարժ գույքի օտարման «բումը» սկսվեց 2004-ից, այլ խոսքով, ՀՀ կառավարությունը ՀՀ արդարադատության վերջին ատյան` սահմանադրական դատարանի արգելքի գոյության 6-րդ տարում որոշեց արհամարհել այդ արգելքը:
ՀՀ Սահմանադրական դատարանը նույն հարցին անդրադարձել է մեկ էլ 2006 թվականի ապրիլի 18-ին` 630 որոշմամբ ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումով: ՍԴ որոշել է, որ հողային օրենսգրքի սեփականության օտարման վերաբերյալ դրույթները չեն համապատասխանում ՀՀ սահմանադրությանը եւ ՀՀ կառավարությանն ու ազգային ժողովին վեց ամիս` մինչեւ նույն ամսվա հոկտեմբեր, ժամանակ է տվել հարցը օրենքով կարգավորելու համար: Նման օրենք ՀՀ ԱԺ-ն ընդունեց միայն նոյեմբերին` խախտելով ՀՀ արդարադատության վերջին ատյան` սահմանադրական դատարանի որոշումը: Բայց սա դեռ ինչ: «ՍԴ 2006 թվականին ընդունված որոշումների կատարման վիճակի վերաբերյալ տեղեկանքում» նշվում է, որ «ապրիլի 18-ին կայացրած վճռով նշված ժամկետում ՀՀ կառավարության եւ ազգային ժողովի կողմից օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններ չկատարվեցին քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու եւ նրանց սեփականության իրավունքի երաշխավորման եւ պաշտպանության արդյունավետ նախադրյալներ ստեղծելու առումով»: Սա էլ դեռ մարդկանց իրավունքների ոտնահարման վերջին ակորդը չէ: ՍԴ որոշմամբ սահմանված ժամկետների խախտումով ընդունված օրենքը վերաբերում է օրենքի ընդունումից հետո հնարավոր օտարումներին եւ նախկին սխալները ուղղելու մեխանիզմ չունի:
«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, ով ժամանակին ապրել է Բյուզանդի փողոցում եւ նույնպես տուժել է Հայաստանի հանրապետությունից, մի քանի հաստափոր հատոր փաստաթղթեր ունի, որոնցով ապացուցվում է այս կամ այն պաշտոնյանի այս կամ այն սխալը, որ բերել է ՀՀ հարյուրավոր քաղաքացիների իրավունքների խախտման: Վերը բերված 13 անձիք, որ պետության կամոք եւ հանուն պետության զրկվել են տունուտեղից, այսօր չունեն ազատ տեղաշարժվելու, կրթություն ստանալու եւ սահմանադրական այլ իրավունքներ: Ուշագրավն այն է, սակայն, որ Բյուզանդի այլ բնակիչներ, մոտ 50 հոգի, որոնց տունը նույնպես օտարվել է եւ որոնք նույնպես էլ գրանցված չեն Բյուզանդի փողոցում, դեռ այս փողոցը ներառող ընտրատարածքի ընտրացուցակներում են եւ ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու են: Թե ինչու հենց այս 13-ն են միայն հանվել ցուցակներից, հասկանալի չէ: Սեդրակ Բաղդասարյանը սա նկատի ունենալով էլ չի հավատում կառավարության այն խոստումներին, թե արվում է ամեն ինչ ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար. «10 տարի է ընտրացուցակներ են ճշտում: 10 տարում կարելի էր ՀՀ բոլոր բնակիչներին հատ-հատ հաշվել: Անգամ եթե այս ընտրությունների համար ինչ-որ մի ժամանակավոր լուծում գտնեն եւ այդ մարդիկ քեվարկեն, հարցը չի լուծվի: Մի քանի ամիս անց ՀՀ նախագահի ընտրությունն է: Նույն խնդիրն է առաջանալու: Եվ հետո. ինչու պետք է պետության սխալի արդյունքում տուժած եւ բազմաթիվ խնդիրներ «վաստակած» քաղաքացին ավելորդ քաշքշուկների մեջ ընկնի, իսկ պետությունը քաղաքացու իրավունքների վերականգնման ուղղությամբ ոչինչ չանի»:
Այս մեղավոր հողագնդի խելոքներից մեկը ասել է, թե ավելի լավ է արդարացնել 100 մեղավորի, քան պատժել մեկ անմեղի: Հայաստանում հավանաբար, այս իմաստությունը չեն կարդացել, չեն լսել, չգիտեն:
Հ.Գ. Որ պետության կարիքների համար սեփականության իրավունքը Հայաստանում ոտնահարվել է եւ դրա արդյունքում մարդիկ նաեւ ընտրելու սահմանադրական իրավունքը չեն կարողանալու իրացնել, տեղյակ են ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրությունների միջագային դիտորդները: Հուսանք, որ նրանք ընտրությունների որակի վերաբերյալ եզրակացություն կտան նաեւ այս փաստերը հաշվի առնելով:
