Ընտրությունների լրահոս

Ընտրախախտումների «շքահանդես»

Հայաստանի խորհրդարանի ընտրությանը հետեւող կուսակցությունների նախընտրական
շտաբները իրար հետեւից տեղեկություններ են ստանում վստահված անձանցից, որոնք
հաղորդում են հանրապետության տարբեր ընտրատարածքներում արձանագրվող խախտումների
մասին: Օրինակ

«Հանրապետություն» կուսակցության նախընտրական շտաբի տվյալով, որ Վարդենիսի 23/44
ընտրատեղամասում տեղի է ունենում ուղղակի բաց քվեարկություն, ընտրողներին տալիս են
փողը եւ մտցնում քվեախցիկ քվեարկելու: «Հանրապետության» շտաբի տվյալով իրավիճակը
բավականին ծանր է Եղվարդի 26/01. 26/02, 26/03 ընտրատեղամասերում: Այնտեղ փորձում
են բացահայտ խախտումներ կատարել, լցոնումներ անել, ինչն արգելել փորձող անձանց
ենթարկում են ծեծի, իսկ ոստիկանները չեն միջամտում այդ ծեծկռտուքին:

Էջմիածնի Ջրառատ գյուղում քվեարկությանը մասնակցում են մարդիկ, որոնք այդ գյուղի
բնակիչ չեն եւ որոնց բերում են այլ տեղերից ու քվեարկել տալիս Հանրապետական
կուսակցության օգտին: Լուսակերտի Արգել գյուղի 26/31 տեղամասում, «Հանրապետություն»
կուսակցության տվյալով, տեղի է ունենում բաց քվեարկություն: Ավանում, Z տաքսի
ծառայության մեքենաներով եւ երթուղայիններով մարդկանց տանում են ընտրատեղամասեր,
իսկ մեքենաների մեջ փակցված են Հանրապետական կուսակցության քարոզչական պաստառներ: «Բարգավաճ
Հայաստան» պաստառով ավտոբուսներով մարդկանց քվեարկության են տանում Նոր Նորքի 5-րդ
զանգվածում, ԿՌԱԶ-ի պարկի դիմաց գտնվող ընտրատեղամասում: Քանաքեռի 84 դպրոցում
տեղակայված ընտրատեղամասում մարդկանց «կարուսել» սկզբունքով քվեարկության են տանում
բերում 101 երթուղու երթուղային տաքսիները, տեղեկացնում է «Հանրապետություն»
կուսակցության շտաբը: Կուսակցության վստահված անձինք նման իրավիճակն են արձանագրել
նաեւ 7/01, 7/04 եւ 7/06 ընտրատարածքներում:

Մալաթիայի եւ Հարավարեւմտյան թաղամասը կազմող 7 րդ ընտրատարածքում ԱԺ պատգամավոր
Սամվել Ալեքսանյանի մարդիկ, տարբեր տեղերից ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով
մարդկանց են բերում, ովքեր մտնելով ընտրատարածքներ` քվեարկում են Սամվել
Ալեքսանյանի եւ ՀՀԿ-ի օգտին: Վանաձորում նույնպես միկրոավտոբուսներով մարդկանց են
տանում ընտրատարածքներ եւ ստիպում քվեարկել ՀՀԿ-ի օգտին: 7/19, 7/20
ընտրատարածքներում Սամվել Ալեքսանյանի ներկայացուցիչները մի քանի անգամ մտել են
ընտրատեղամասեր եւ խուճապ առաջացրել: 7/9 ընտրատեղամասում մի անձնավորություն
փորձել է 2 անգամ քվեարկել հօգուտ ՀՀԿ-ի: Աշտարակի 14-17 ընտրատարածքում «Ազատություն»
ռադիոկայանի լրագրողին ոստիկանների ուղեկցությամբ դուրս են հանել ընտրատարածքից եւ
արձանագրություն կազմել միայն այն պատճառով, որ վերջինս նկատել է թե ինչպես են
խմբերով ցույց տալիս քվեարկել հօգուտ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի: Մեծամասնական ընտրակարգով
առաջադրված Վարդան Մալխասյանի եղբորը ձերբակալել եւ տարել են ոստիկանություն:

Հոգեբուժարանում նույնպես պարտադրել են

Աղի հանքի հոգեբուժարանում տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն: Ինչպես
Lragir.am-ին հաղորդել է հոգեբուժարանի հիվանդներից մեկի հարազատը, որը հսականալի
պատճառով չի ցանկացել ներկայանալ եւ հրապարակել իր անունը, հոգեբուժարանի
աշխատակիցները հիվանդներին պարտադրել են քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին,
բոլորին ցույց տալով, որ պետք է նշան անել 15 համարի դիմաց: Միայն ահազանգերից ու
լրագրողական հարցումներից հետո հոգեբուժարանի աշխատակիցները հանգիստ են թողել
հիվանդներին, մինչ այդ իհարկե նրանցից առավել վատառողջ 15 անձանց սրսկելու
սպառնալիքի տակ ստիլելով քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին:

Հակահարված են ստացել ՀՀԿ հեղինակությունները

Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները եւ կուսակցությունների նախընտրական շտաբները,
մայիսի 12-ին Հայաստանի խորհրդարանի ընտրությունը խոչընդոտելու նպատակով Նոր Նորքի
1/25 ընտրատարածքում իր համախոհների հետ միասին ծեծի է ենթարկվել ՀՀԿ խորհրդի անդամ
Ռուբեն Հայրապետյանը, ով հայտնի է Նեմեց Ռուբո մականունով: Հայրապետյանը իր
թիկնազորի հետ փորձել է խոչընդոտել ընտրության օրինական ընթացքը, ինչի պատճառով էլ
հանդիպել է ՀՅԴ, իսկ հետո նաեւ ԲՀԿ կուսակցությունների վստահված անձանց
հակազդեցությանը: Ռուբեն Հայրապետյանը եւ նրա համախոհները ծեծի են ենթարկվել, որից
հետո փախել են ընտրատեղամասից:

Ինչպես տեղեկացնում է նաեւ Նոր Ժամանակներ կուսակցության նախընտրական շտաբը, նույն
ճակատագրին են արժանացել նաեւ Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի համախոհները,
որոնք նույնպես փորձել են խոչընդոտել ընտրության ընթացքը եւ ծեծվել են ՀՅԴ ու ԲՀԿ
ներկայացուցիչների կողմից:



Ընտրակաշառքը տնից դուրս չգալով

ՅԵԿ նախընտրական շտաբի ունեցած տեղեկության համաձայն, Սողոմոն Տարոնցի փողոցի 22
շենքի 19 բնակարանում, ոմն Աշոտ Այդինյան բնակիչներին բաժանում է 7000 դրամ
ընտրակաշառք: Ընտրակաշառքի դեպքերի մասին հայտնել է նաեւ թիվ 40 ընտրատարածքի
պատգամավորության թեկնածու Լեւոն Անանյանը: Նրա վստահված անձինք նաեւ հայտնել են,
որ Տավուշի մարզպետը բնակչությանը պարտադրում է քվեարկել ՀՀԿ-ի եւ նրա պաշտպանած
թեկնածու Միքայել Վարդանյանի օգտին:

ՆԺԿ նախընտրական շտաբը հայտնում է, որ 12/24 ընտրատեղամասի վստահված անձը
զանգահարելով ՆԺԿ կենտրոնական ընտրական գրասենյակ՝ խնդրել է ԿԸՀ-ում ՆԺԿ լիազոր
ներկայացուցիչ Հրաչյա Սարգսյանին խոսել հանձնաժողովի փոխնախագահ ներկայացած անձի
հետ: «Վերջինս խիստ կոպիտ է խոսել Հ. Սարգսյանի հետ՝ սպառնալով գլուխը ջարդել: Այդ
մասին Հ. Սարգսյանը ահազանգել է ԿԸՀ նախագահ Գ. Ազարյանին եւ ԵԱՀԿ դիտորդական
առաքելությանը», տեղեկացնում է ՆԺԿ-ն: Կուսակցության տվյալով, թիվ 11/30
ընտրատեղամասում արձանագրվել է, որ տարբեր ընտրախցիկներում դրված են տարբեր գույնի
գրող գրիչներ: Վստահված անձինք այդ փաստն արձանագրել են: «ՆԺԿ ընտրական կենտրոնական
գրասենյակը համոզված է, որ այս ընտրություններում օգտագործվում է մասսայական
ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիա, որը կարելի է անվանել «գունավոր գրիչների» մեթոդ:
Փաստորեն միայն ընտրակեղծիքների ճանապարհով իրենց ցանկալի ձայներն ապահովելու ունակ
իշխանական կուսակցությունները գտել են ձեւ՝ նախապես կաշառված ընտրողներին
վերահսկելու համար», փաստում է ՆԺԿ նախընտրական շտաբը: Կուսակցությունն արձանագրում
է, որ թիվ 4/07 ընտրատեղամասում մոտ երկու ժամ տեղամասի դուռը փակել են եւ մի քանի
կողմնակի անձինք ընտրողներին թույլ չեն տվել մտնել տեղամաս, փոխարենը ընտրովի իրենց
կողմնակիցներին առանց հերթի ներս են խցկել: «Ժամը 9:30-ի սահմաններում ՆԺԿ նախագահի
երկրորդ ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել, որին բախվել է Քանաքեռ-Զեյթուն
թաղապետարանի շենքի մոտից կրկնակի հոծ գիծը խախտած թիվ 49 երթուղային տաքսին:
Արդյունքում ծանր մարմնական վնասվածքներ են ստացել ՆԺԿ նախագահի վարորդ Պարսամ
Այվազյանը եւ ընտրական շտաբի անդամ Աշոտ Այվազյանը եւ տեղափոխվել հիվանդանոց: Թիվ
49 երթուղային տաքսին իրականացնում էր ընտրողների տեղափոխումը ընտրատեղամաս՝
հավանաբար մեծամասնական ընտրակարգով քվեարկվող թեկնածուներից մեկի օգտին», ասված է
կուսակցության հայտարարության մեջ: Այն արձանագրում է նաեւ, որ Արարատյան 1-ին
զանգվածում տեղակայված Հանրապետական կուսակցության գրասենյակի պատին փակցված է մեծ
պաստառ, որի վրա նշված է կուսակցության համարը քվեաթերթիկում, իսկ կողքին՝ նկարված

է քվեարկման նշումը:

Մտադիր են բոյկոտել

Հոկտեմբեր գյուղում 21-րդ ընտրատարածքում, ժամը հանձնաժողովի անդամներին ահաբեկել
են, ողջ օրվա ընթացքում լցոնումներ են եղել են ժամը 18:20-ին հանձնաժողովը
դադարեցրել է աշխատանքը: Նույն ընտրատարածքի 15/16 ընտրատեղամասում` գյուղ Գետաշեն,
15/15 գյուղ Բերքաշատ, 21/20 գյուղ Այգեվան, արձանագրվել է նույն պատկերը`
լցոնումներ, ահաբեկումներ: Հանձնաժողովների անդամներն իրավիճակը գնահատում են
անտանելի: Նրանք փորձել են կանխել, դիմագրչավել զանգվածային լցոնումները, սակայն դա
չի հաջողվել: Հանձնաժողովի անդամները մտադիր են դադարեցնել աշխատանքը եւ բոյկետել
ընտրության հետագա ընթացքը:

Առանց ակնոցի

2/26 ընտրատարածքում «ընտրելու» են բերել մոտ 10 ծեր կանանց, ովքեր հայտարարել են,

թե իրենք, վատ տեսողության պատճառով, չեն կարող ընտրել եւ նրանց փոխարեն, իհարկե
ՀՀԿ-ի օգտին քվեարկել է հանձնաժողովի նախագահը, տեղեկացնում է Սոցիալ դեմոկրատ
Հնչակյան կուսակցության մամլո դիվանը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը
նաեւ հայտարարել է, որ այս ամենը չի արձանագրելու, քանի որ օրինախախտում չկա



Ընտրողի փոխարեն քվեարկել էին

Ազգային ժողովրդավարական կուսակցությունից տեղեկացանք, որ 4/32 ընտրատեղամասում,
գրանցման մատյանում գրեթե 60 քաղաքացիների ստորագրությունների կողքին դրված չի եղել
հանձնաժողովի անդամի ստորագրությունը: Նույն տեղամասում քաղաքացի Գոհար
Խզարչյանը,եկել է քվեարկելու, պարզել է, որ իր փոխարեն արդեն ստորագրել են: Այստեղ
կան նաեւ մահացած մարդկանց անուններ, որոնց, չնայած զգուշացուներին, չեն հանել
ընտրացուցակներից: Իսկ 1/11 ընտրատեղամասում ԱԺԿ վստահված անձը նկատել է, որ ՀՀԿ
վստահված անձը հաճախակի շփվում է քվեարկող բնակչության հետ: Դա անգամ նկատել է
հանձնաժողովի նախագահ Դավիթ Հունանյանը:

***

Հայաստանի հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես ընտրող գրանցված է
Երեւանի թիվ 9/11 ընտրատեղամասում, ուր եւ կատարեց իր ընտրությունը: Քվերակելուց
հետո Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին ասաց, որ քվեարկել է հանուն սոցիալական,
տնտեսական բարեփոխումների շարունակության «հուսով եմ եւ վստահ եմ, որ ամեն ինչ
նորմալ է լինելու»: Ռոբերտ Քոչարյանը չասաց, որ կուսակցության եւ անհատի օգտին է
քվեարկել, բայց հայտարարեց, որ մնում իր կարծիքին` ԱԺ-ում պետք է լինեն «Հայաստանի
ընդդիմադիր ուժեր, այլ ոչ թե արտասահմանյան ներկայացուցչություններ տարբեր
խմբակցությունների տեսքով»:

Ռուսական լրատվամիջոցների հարցին ի պատասխան, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ
հայկական արմատական ընդդիմության որոշ ներկայացուցիներ ունեն տարօրինակ
սովորություններ, որոնք մեկնաբանելը բարդ է: Արդյոք այս ընտրությունները կարելի է՞
համարել նախագահական ընտրությունների նախապատրաստություն եւ մեծամասնություն ստացած
կուսակցությունը հնարավորություն կունենա՞ նախագահի թեկնածու առաջադրել, հարցրեցին
Ռոբերտ Քոչարյանին: «Մեծամասնություն ունեցող կուսակցությունը, ամենայն
հավանականությամբ կունենա մեկնարկային ավելի նախընտրելի հնարավորություններ, բայց
ես չեմ կարծում, թե այս ընտրությունների արդյունքները նախանշում են նախագահական
ընտրությունները: Հարցը այն ենթատեքստ ունի եւ հարկ է վիճակը դիտարկել
Սահմանադրության կտրվածքով` սահմանադրական բարեփոխումներից հետո, որքանով է
պառլամենտում լուրջ հենարան չունեցող նախագահը իրական ֆիգուր, երկրի իրական ղեկավար:
Աժ-ում կլինի պատկառելի աջակցություն` կունենանք ուժեղ նախագահ, չի լինի այդ
աջակցությունը` կունենանք ինչ-ոչ չափի նոմինալ նախագահ», հայտարարեց Ռոբերտ
Քոչարյանը: Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց իրեն ուղղված ոչ բոլոր հարցերին:

***

Սերժ Սարգսյանը նախապես հայտարարվածից 30 րոպե 30 րոպե ուշացումով ներկայացավ
Երեւանի թիվ 9/11 ընտրատեղամաս եւ կատարեց իր ընտրությունը եւ քվեարկելուց հետո
հայտարարեց, որ հանրապետական կուսակցության հնարավորությունները բարձր է գնահատում
եւ քվերակության օրվա կեսօրի դրությամբ անհանգստացնող որեւէ փաստ չունի:

«Ես շատ կցանկանայի որ ընտրությունները եւ մեր ժողովրդի համար եւ բազմաթիվ
դիտորդների համար լինեին լավագույնը Հայաստանի պատմության մեջ, այսինքն որ
ժողովուրդը եւ դիտորդները այդպես գնահատեին», հայտարարեց Սերժ Սարգսյանը: Նա
կարծում է, որ ընտրողները ակտիվ կլինեն, իսկ ընտրակեղծիքներ չեն լինի: Մի շարք
կուսակցություններ հայտարարել են, որ ընտրություններն արդեն կեղծված են, որովհետեւ
նախընտրական փուլում նյութական արժեքներ են բաժանվել: Սերժ Սարգսյանը համաձայն չէ.
«յուրաքանչյուրը իրավունք ունի հայտարարել ինչ ցանկանում է, մենք ժողովրդավարական
երկիր ենք: Իմ խորին համոզմամբ ընտրությունների նախապատրաստական փուլը անցել է
ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան: Էդ էլ ժողովրդավարության մաս է:
Մարդիկ են թող ասեն, եթե այդպես են կարծում: Երեւի մենք էլ, հանկարծ շատ քիչ
ստանայինք գուցե մենք էլ այդպես ասեինք»:

Մեր երկիրը բավականին պրոբլեմներ ունի, բայց ընդդիմության եւ ոստիկանության կամ
իրավապահ այլ մարմինների բախման տեսքով պրոբլեմներ չեն լինի, կարծում է Սերժ
Սարգսյանը. «մեր ընդդիմությունը բավականաչափ հասուն է եւ որեւէ օրենք չի խախտի,
հասարակական կարգը չի խախտի: Թող հանրահավաք անեն, երթ անեն: Չեմ կարծում, թե 2004
թվականի ապրիլի 12-ի լինի»: