Հայաստան` Սպանության վկան մահանում է ոստիկանության բաժնում

   

Մամուլի հաղորդագրություն

Մայիսի 21, 2007 – Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) եւ
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ), որը հանդիսանում է FIDH-ի անդամ
կազմակերպությունը Հայաստանում, հայտնում են իրենց խորին անհանգստությունը Լեւոն
Գուլյանի՝ ոստիկանության բաժնում չափազանց կասկածելի հանգամանքներում մահվան
կապակցությամբ:

2007 թ-ի մայիսի 12-ին 31-ամյա ռեստորանի տնօրեն Լեւոն Գուլյանը մահացել է ՀՀ
Ոստիկանության շենքում, ուր նա հրավիրվել էր ցուցմունքներ տալու՝ որպես սպանության
վկա:

Մայիսի 9-ին Լեւոն Գուլյանը դարձել էր Ստեփան Վարդանյանի սպանության ականատես։
Սպանությունը տեղի էր ունեցել ծեծկրտուքի ժամանակ Լեւոն Գուլյանի ռեստորանի առջեւ:
Որպես սպանության ականատես՝ Լեւոն Գուլյանը եւ նրա երկու աշխատողները` Հայկ
Մելքումյանը եւ Մարինե Գրիգորյանը, հրավիրվել էին ոստիկանություն: Այնտեղ Գուլյանը
գրավոր ցուցմունքներ է տվել, սակայն պահվել է ոստիկանության բաժնում մինչեւ մայիսի
10-ի ուշ երեկո: Դրանից հետո նրան երկու անգամ թույլ են տվել տուն գնալ, սակայն
պահանջել են, որ նա վերադառնա։Երկու դեպքերում էլ Լեւոն Գուլյանը ենթարկվել է
պահանջին: Երկրորդ անգամ տեղական ոստիկանության բաժին վերադառնալուց հետո Լեւոն
Գուլյանը տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության շենք` ՀՀ Ոստիկանության քրեական
հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի կարգադրության
հիման վրա:

Մայիսի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում Լեւոն Գուլյանի ընտանիքին հայտնել են, որ
նա մահացել է: Ոստիկանության ծառայողները պնդել են, որ Գուլյանը ինքնասպան է եղել
կամ փորձել է փախչել` թռնելով երկրորդ հարկից: Հաշվի առնելով այն փաստը, որ
Գուլյանի հարազատները կապտուկներ էին տեսել իր մարմնի վրա, երբ նա տուն էր
վերադարձել, եւ այն փաստը, որ Հայկ Մելքումյանը դաժան ծեծի էր ենթարկվել
ոստիկանության բաժնում, Լեւոն Գուլյանի ընտանիքը կասկածում է, որ մինչեւ
լուսամուտից ընկնելը նա դաժան վերաբերմունքի է ենթարկվել Ոստիկանության ծառայողների
կողմից:

Նախաքննության գաղտնիությունը պահպանելու համար փաստաբանները, որոնք ներկա են
գտնվել մարմնի դատական փորձաքննությանը, հրաժարվել են մանրամասներ ներկայացնելուց,
սակայն նրանք հայտնել են, որ մարմնի վրա բռնության հետքեր են եղել:

Բռնության եւ մահվան դեպքերը Հայաստանի ոստիկանության բաժիններում աննախադեպ չեն եւ
տեղի են ունեցել նաեւ անցյալում: Այս վերջին դեպքը, սակայն, ապացուցում է, որ
անհրաժեշտ է ուժեղացնել հասարակական վերահսկողությունը եւ ապահովել մուտքի
հնարավորությունը ոստիկանության բաժիններ: Դրա անհրաժեշտությունը ընդգծել են նաեւ
ՀՀ ոuտիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հաuարակական
դիտորդների խումբը իր տարեկան հաշվետվության մեջ
www.policemonitor.am:

FIDH-ը եւ ՔՀԻ-ն կոչ են անում Հայաստանի իշխանություններին անցկացնել լիարժեք,
անկախ եւ անկողմնակալ քննություն, հայտնաբերել փաստեր եւ պատասխանատվության կանչել
մեղավորներին։

FIDH-ը եւ ՔՀԻ-ն կոչ են անում Հայաստանի իշխանություններին գործել Խոշտանգումների
կանխարգելման Եվրոպական կոնվենցիայի եւ Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային
կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների
համաձայն:

FIDH-ի մասին

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան /FIDH /, որի գրասենյակը գտնվում է
Ֆրանսիայում` միջազգային հասարակական կազմակերպություն է, որը պաշտպանում է 1948
թ-ի Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում ամրագրված մարդու իրավունքները:
Կազմակերպությունը ստեղծվել է 1922 թ-ին: Այն ներառում է 155 անդամ
կազմակերպություններ 5 մայրցամաքներից: FIDH-ը հանդես է գալիս որպես միջնորդ իր
անդամների եւ միջազգային իշխանությունների միջեւ: Այսօր FIDH-ը իրականացնում է
հազարից ավելի առաքելություններ` հետազոտություններ, դատավարությունների
դիտորդություն, միջնորդություն եւ ոսուցում շուրջ հարյուր երկրներում:

FIDH-ը նաեւ խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ում, UNESCO-ում, Եվրախորհրդում,
Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, ինչպես նաեւ դիտորդական կարգավիճակ `
Մարդու եւ ժողովուդների իրավունքների Աֆրիկյան հանձնաժողովում:

Download Pdf files:

English

Armenian