Amnesty International. «Հայաստանում շարունակվում են անկախ լրագրողների դեմ սպառնալիքները»

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր
տարեկան զեկույցում նշում է
,
որ Հայաստանում շարունակվում են անկախ լրագրողների դեմ սպառնալիքները, ինչպես նաեւ
դավանանքի, համոզմունքների պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվողների
ձերբակալությունները:

«Հայաստանում այլընտրանքային ծառայությունը գտնվում է զինվորականների
վերահսկողության տակ: Չկա իրական քաղաքացիական այլընտրանքային ծառայություն», -
արձանագրում է Amnesty International-ը:

Ըստ իրավապաշտպան կազմակերպության ստացած հաղորդումների, անցած տարվա նոյեմբերի
դրությամբ 48 «Եհովայի վկաներ» եւ մեկ մոլոկան ազատազրկման մեջ են եղել զինվորական
ծառայությունից խուսափելու մեղադրանքով, 44 «Եհովայի վկաներ» դատապարտվել են 18-ից
մինչեւ 48 ամսվա ազատազրկման:

Զեկույցում նշվում է, որ մայիսին 19 «Եհովայի վկաներ» դիմել են Մարդու իրավունքների
եվրոպական դատարան, 19 դիմողներից 15-ը ձերբակալվել էին 2005 թվականի օգոստոսին,
դատապարտվել 2-3,5 տարվա ազատազրկման Քրեական օրենսգրքի` զինվորական ծառայությունից
խուսափելու համար պատասխանատվություն սահմանող հոդվածով: Նոյեմբերին այս գործը
կարճվել է. բոլոր 19 հայցվորները արդարացվել են:

Իրավապաշտպանները հայտնում են անկախ լրագրողների դեմ ճնշումների մասին. լրագրողների
վրա կատարվել է երկու հարձակում, մահվան սպառնալիքներ են եղել, ինչպես նաեւ վնաս է
հասցվել նրանց անձնական գույքին:

Հիշատակվում է, որ սեպտեմբերի 6-ին երկու անհայտ անձինք ծեծի են ենթարկել
«Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանին:

Հուլիսին «Հետք օնլայն»-ի անկախ լրագրողները սպառնալից նամակներ են ստացել, այդ
թվում` մահվան սպառնալիքներով:

Հիշատակվում է նաեւ, որ մարդու իրավունքների նախկին պաշտպան Lարիսա Ալավերդյանը
պաշտոնից հեռացվեց երկրի նախագահի հրամանագրով: Ալավերդյանը պնդում է, որ իրեն
հեռացնելը հակասահմանադրական էր: Lարիսա Ալավերդյանի, ինչպես նաեւ այլ
իրավապաշտպանների կարծիքով, նա հեռացվել է կառավարության քաղաքականությունը եւ
գործելաոճը քննադատելու համար:

Amnesty International-ը անդրադարձել է փաստաբան Վահե Գրիգորյանի գործին, ով
Երեւանի կենտրոնից վտարված ընտանիքների խորհրդատուն էր: Գրիգորյանը 2005-ի
հոկտեմբերին կալանավորվել էր զեղծարարության մեղադրանքով, իսկ ավելի ուշ` ազատ
արձակվել գրավի դիմաց: Փաստաբանը պնդում է, որ իր ձերբակալությունը քաղաքական
շարժառիթներ ուներ:

Հրաչ Մելքումյան, Պրահա