Լեւոն Գուլյանի առեղծվածային մահվան հանգամանքները` ՔԱՆ-ի օրակարգում

8 հունիսի 2007թ., Երեւան: Մայրաքաղաքի «Պանդոկ» ռեստորանի մոտակայքում կատարված սպանության գործով իբրեւ վկա ՀՀ ոստիկանություն հրավիրված եւ մայիսի 12-ին`
խորհրդարանական ընտրությունների օրը, տակավին անհայտ հանգամանքներում այնտեղ պատուհանից նետված Լեւոն Գուլյանի մահվան փաստի առթիվ քրեական գործի նախաքննությանն ու հարակից այլ հանգամանքների վերհանմանն էր նվիրված այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) կազմակերպած քննարկումը: Այն կրում էր «Լեւոն Գուլյան. մի մարդու կյանք` ամբողջ հասարակության մարտահրավեր» խորագիրը: Հրավիրված էին հասարակական-քաղաքական, իրավապաշտպան կազմակերպությունների, խնդրով շահագրգիռ
կառույցների պատասխանատուներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ,
Ազգային ժողովի պատգամավորներ եւ լրագրողներ:


Հավաքը բացելով եւ ցավակցություն ու զորակցություն հայտնելով 31-ամյա Լեւոն Գուլյանի հարազատներին, որոնք ներկա էին քննարկմանը, ՔԱՆ հիմնադիր, նորընտիր Ազգային ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Հայաստանը չի կարող արդարություն պահանջել աշխարհից, քանի դեռ իր քաղաքացին սեփական տանը պաշտպանված չէ
օրենքի եւ քաղաքացիական ազատության ուժով, քանի դեռ չի հարգվում հայաստանցու` իր երկրում անվտանգ, արժանապատիվ ապրելու իրավունքը»: Հովհաննիսյանի խոսքով`դատապարտելի է ոչ միայն Լեւոն Գուլյանի հանդեպ կատարված քստմնելի արարքը, այլեւ իշխանական վարքագիծը, տվյալ դեպքում` համարժեք հակազդեցության բացակայությունը:

Իր ելույթում Լեւոնի այրին` Ջեմմա Գուլյանը, անդրադարձավ ամուսնու մահից առաջ եւ
հետո իրավապահ մարմինների պահվածքին: Նա շեշտեց, որ չի հավատում ամուսնու
ինքնասպանության կամ փախուստի փորձի հետեւանքով դժբախտ պատահարի վարկածին: «Լեւոնն
անչափ սիրում էր իր ընտանիքը, երեխաներին, իր գործը: Նա կենսուրախ, պետության
առաջընթացով մտահոգ երիտասարդ էր եւ չէր կարող ակնթարթորեն կյանքից հեռանալու
որոշում ընդունել: Եթե նա օրենքից փախուստ տալու մտադրություն կամ հիմք ունենար, դա
կաներ իրեն հասու այլ միջոցներով եւ քանիցս կամովին չէր ներկայանա հարցաքննության»,-
նշեց Գուլյանը:

Արդյո՞ք գործի քննությունն ու ընթացքը գոհացնում են տուժողի իրավահաջորդի
ներկայացուցիչներին: Այս հարցում փաստաբաններ Արամ Կարախանյանը եւ Հրայր Ղուկասյանը
որոշակի վերապահումներ ունեն: Մտահոգիչ է մասնավորաբար 2007թ. մայիսի 31-ին
նախաքննություն իրականացնող մարմնի կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննության`
իրենց տրամադրած եւ ԶԼՄ-ներում հրապարակած եզրակացությունը: «Այն ոչ միայն
ամբողջական չէր, այլեւ կառուցված էր գործով ձեռք բերված ընդամենը մեկ ապացույցի
հիման վրա` անտեսելով մյուսները: Բացի դրանից, սույն եզրակացությունը ներկայացվել
էր որպես միջազգային անկախ փորձագետների մասնակցությամբ կատարված համատեղ
փորձաքննության արդյունք` այն դեպքում, երբ վերջիններիս հետազոտության պատասխանը
դեռ չի ստացվել»,- հայտնեցին փաստաբանները: Նրանք նաեւ մտավախություն ունեն, որ
գործը կարող է կարճվել նախաքննության փուլում, որպեսզի այդպիսով պարտակվի
հանցագործությունը:

«Հույս» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Հակոբյանը կարեւորեց
հասարակության համար այս գործի անաչառության բացառիկ նշանակությանը: Նա
իրավապաշտպան կազմակերպություններին, նախանձախնդիր շրջանակներին, ՀՀ բոլոր
քաղաքացիներին կոչ արեց մինչեւ վերջ պահանջատեր լինել բացահայտման գործում, թույլ
չտալ, որպեսզի այս մահվան համար պատասխանատվություն կրող որեւէ պաշտոնյա` անկախ իր
տրամաչափից, մնա անպատիժ, քանզի անպատժելիությունն, ըստ բանախոսի, ի զորու է ծնել
նորանոր հանցագործություններ: «Ստեղծված իրավիճակում միակ զենքը մնում է միջազգային
ճնշման շարունակելիության ապահովումը, հասարակական կառույցների միատեղ, նվիրված
աշխատանքը եւ փաստաբանների ու թեման լուսաբանող լրագրողների հետ սերտ
համագործակցությունը»,- ելույթի ավարտին ընդգծեց Հակոբյանը:

Այնուհետեւ ծավալվեցին մտքերի փոխանակություն եւ հարցուպատասխան: «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը եւ Զարուհի Փոստանջյանը
պատրաստակամություն հայտնեցին օրենսդիր խողովակներով հետամուտ լինել արդարության
բացահայտմանը: Նրանք գտնում են, որ ամենից առաջ պետք է որակապես փոխել համատարած
անպատժելիության մթնոլորտը երկրում: Հասարակությունը, ըստ նորընտիր խորհրդարանի
անդամների, պետք է հստակ պահանջի արդար հատուցում, քանի որ ՀՀ ոստիկանության մեղքը`
ի դեմս նրա պատասխանատուներից Հովիկ Թամամյանի, արդեն իսկ ակներեւ է:
Ամենաթողության ու իրավական կամայականությունների դեմն առնելու պահանջի լույսով
իրենց դիտարկումները ներկայացրին նաեւ անկախ լրագրող Ժաննա Ալեքսանյանը, Հայաստանի
հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը, սպանվածի քույրը` Լիլիթ
Գուլյանը, «Բանակում զոհված զինծառայողների շահերի պաշտպանության» կազմակերպության
նախագահ Գոհար Արմենակյանը, հասարակական ակտիվիստ Արսեն Խաչատրյանը, Ռազմավարական
եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ներկայացուցիչ Կարապետ Կալենչյանը,
Քաղաքացիական հասարակության ինստիտուտից Արտակ Կիրակոսյանը եւ ուրիշներ: Հնչած
ելույթների ու առաջարկների համատեքստում որոշում կայացվեց ստեղծել աշխատանքային
հանձնախումբ եւ համակարգված գործողություններով պայքարել ամեն կարգի հակաօրինական
դրսեւորումների, բռնությունների, քաղաքացիական իրավունքների ու ազատությունների
կոպիտ ոտնահարումների եւ արատավոր այլ երեւույթների դեմ:

Քննարկումն ամփոփեց ՔԱՆ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը` եւս մեկ անգամ նշելով, որ
առեղծվածային հանգամանքներում ՀՀ քաղաքացու կյանքի ընդհատումը, այն էլ պետական
իշխանության մարմնում` Ոստիկանության շենքում, «հայոց արդարադատության եւ մեզանում
քաղաքացիական հասարակության հասունության հերթական փորձաքննությունն է»:

Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը 2001թ. հիմնադրել է ՀՀ առաջին
արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը: ՔԱՆ գործունեության նպատակը հասարակական
հանրակարգերի եւ պետական համակարգի համալիր բարելավումն է: Նախաձեռնությունն իր
գործնական աշխատանքներն իրականացնում է ստեղծված հինգ ենթակառույցների՝
պետաիրավական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային, արտաքին քաղաքականության եւ
երիտասարդության հարցերի հանձնախմբերի միջոցով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել հեռախոսով՝ (37410) 271-600 կամ
270-003, հեռապատճեն՝ (37410) 524-846, էլ. փոստ՝
info@nci.am
, կայքէջ՝ http://www.nci.am: