ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հարմարվել ապագային
Այս հոդվածը ռուսերեն՝
Микаел Багдасарян, режисер
Приспособиться к будущему
«Եթե բոլորը միատեսակ են մտածում, նշանակում է ոչ մեկը չի էլ փորձում ավելին մտածել…»
Ուոլտեր Լիպման

Հետաքրքիր է, որո՞նք են հայաստանաբնակների բառամբարի ամենապահանջված բառերը: Հետաքրքրասիրությամբ պայմանավորված ձեր այս փորձին անմիջապես կհետևեն բոլորի կողմից տրվելիք միաբերան պատասխանները: Առերևույթ պարկեշտ, էությամբ ցինիկ երկու բառերից կազմված դարձվածքատիպ պատասխանները: Դարձվածքներ, որոնք առաջին հայացքից պիտի որ թեթևացնեին մեր կյանքը: Բայց դրանց մասին չէ, որ այս պահին ուզում եմ խոսել:Նկատեմ միայն, որ դրանք օժտված են բացառիկության և ազգային պատկանելության մենաշնորհային իրավունքով: Այնպես որ, դրանք ուզած տիպի վիճարկությունից դուրս են: Ինչ վերաբերում է պատասխանների տեսքով ներկայացող մյուս բառերին ու բառակապակցություններին, ապա դժվար չէ համոզվել, թե որոնք են հայաստանաբնակների կողմից առավել նախընտրելիները: Դրանք են` «լավ եմ», «յոլա», «ոչինչ», «լավ կըլնի», «հարմարվում ենք»: Ի տարբերություն առաջին չորսի, որոնք չեն առանձնանում իմաստային «խորքով», վերջին պատասխանն իր ներսում համլետյան ողբերգությանը պատշաճող տարրեր է պարունակում:
Այս կամ այն կենսատեսակի գոյությունը մեծապես կախված է նրանից, թե որքանով է վերջինս հարմարվել էական փոփոխությունների ենթարկվող շրջակա միջավայրին: Փաստն այն է սակայն, որ մարդիկ էլ են մշտապես հարկադրված եղել հարմարվել փոփոխությունների ենթարկվող միջավայրին: Այնպես որ, մեր օրերում նույնպես «իրերի վիճակին» հարմարվելը մարդու համար չի կորցրել իր արդիականությունը: Աշխարհը այնքան արագ է զարգանում ու կայծակնային արագությամբ փոփոխվում, որ շատերն են իրենցից անկախ կորցնում նրա տրամաբանության զարկերակը: Արագացման տեմպը շատերին է զրկում դրանց իմաստն ամբողջովին ընկալելու ունակությունից: Ու դա բնական է, քանի որ փոփոխությունների իմաստին հասու լինելու ժամանակը չի բավարարում: Նույն այդ խելահեղ արագությունն է շատերին հարկադրում հընթացս փորձ անել հայտնվել կյանք կոչվող գնացքի «լոկոմոտիվում»: Հարափոփոխ պայմանները հասարակական մշակույթում արմատավորված ավանդական մոտեցումներից ու մտայնությունից հրաժարում են պարտադրում: Հարկադրում` մշակել նորը: Սակայն «հայրենական հարմարվողականությունը» զուտ գոյապահպանությանը միտված, ստեղծագործականությունից ու նորարարությունից զերծ, նախապատվությունը դարերի ընթացքում ձևավորված «ավանդույթներին» տվող իներցիոն համակարգ է: Հայրենական հարմարվողականների` իրենց ներաշխարհի էվոլյուցիային ենթարկվելու «ունակությունը» շատ է հիշեցնում առտնին` երթուղային տաքսում հանդիպող երևույթին` մեկ հոգու համար նախատեսված նստատեղին հանգրվանող «երկու հետույքի» պատմությանը: Ինչ կարող ես անել, այս աշխարհում յուրաքանչյուր ոք հարմարվում է, ինչպես կարողանում է (եթե հաջողվում է, իհարկե): Իսկ նրանք, ովքեր չեն կարողանում, բնականաբար հայտնվում են կյանքի լուսանցքում: Ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես կենդանական աշխարհում: Այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ ժամանակ առ ժամանակ «Homo sapiens» կենսատեսակում «նշմարվում» են «հակաբնական» հակումներ դրսևորող անձինք: «Բանական մարդու» այս տեսակի առջև ծառացող` «Լինե՞լ, թե՞ չլինել» կամ` «Ինչպիսի՞ն լինել» հարցադրումները ամենևին էլ չեն համապատասխանում գոյապայքարում ձևավորված և հանուրի կողմից ընդունված մեթոդաբանությանը: Նրանք չեն կարող և չեն ուզում դառնալ հարմարվողական, քանի որ վերջիններիս ըմբոստ ոգին դա չի արտոնում: Նրանք տքնաջանորեն փորձում են կյանքի կոչել այն ամենը ինչ համարում են լավ` թե իրենց, թե այլոց համար, մոռանալով սակայն, որ մյուսների համար գուցե և դրանից գերադասելին ներկա վիճակն է, այն վիճակը` որում ապրում են: Մոռանալով, որ վերջիններս արդեն իսկ հասցրել են հարմարվել: Անշուշտ, շատ տպավորիչ է ստեղծագործ ու արարիչ լինելը: Հանուն զանգվածների պայծառ ապագայի ինքնազոհաբերման ու հերոսացման պատրաստ լինելը: Վերջնահաշվարկում սակայն պարզվում է, որ նրանց բացած հերոսական արահետով իրենց նվիրական ճամփորդությունն են շարունակելու ամենևին էլ ոչ նրանք: Պատմականորեն ձևավորված ավանդույթի համաձայն փոփոխությունների պտուղներից օգտվողները` հարմարվողականներն են, ավելի ստույգ` վերջիններիս «վերնախավը»: Հենց այն հատվածը, որը չի շտապում հայտնվել «շոգեքարշակի» անիվների տակ: Նրանք համբերատարությամբ սպասում են իրենց ներկայանալիք` ուրիշների կողմից բացված դռնով ապագա հիերարխիայում տեղ զբաղեցնելու բարեպատեհ պահին: Վերջիններիս ընկերակցելու հնարավորություն ունեն միայն նրանք, ովքեր կարողանում են ձեռքից բաց չթողնել «աստեղնային պահը», նրանք, ում հաջողվում է փոփոխությունների հորձանուտում «ողջ» մնալ և «արևի տակ» իր տեղը զբաղեցնել:
Այո հենց նա` հարմարվողականն է օգտվում փոփոխությունների «նուբարից»: Իսկ նրանց, ում ջանքերի հաշվին են իրականացել այդ փոփոխությունները, չեն բավում քաջությունն ու համբերատարությունը: Բոլորն են ոչ այն է գիտակցաբար, ոչ այն է բնազդով դա զգում: Ոչ միայն զգում են, այլև իրենց տարբեր կերպ են դրսևորում: Ուղղակի բոլորի մոտ էներգետիկան է տարբեր:Եթե ստեղծված իրավիճակը քննության առնենք էներգետիկայի դիտանկյունից, ապա կնկատենք, որ մի շարք երկրների քաղաքացիների էներգետիկան «լխկած» է, մյուսներինը, օրինակ արգենտինացիները` ներուժով լեցուն ու ստեղծարար: 2001 թվականին Արգենտինայում ծայր առած տնտեսական ճգնաժամը և դրան հաջորդած իրադարձությունները ասվածի վառ ապացույցն են:.
Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին, ապա հարկ է նկատել, որ նրանք վաղուց է ինչ հետ են վարժվել «ստեղծագործ» լինելուց: Հետ են վարժվել մտածելուց, ըմբռնելուց ու պահանջելուց: «Գիտակցելու» փոխարեն, նրանց վարժեցրել են առանց երկմտելու «վերցնելուն»: Այս առումով խիստ ուսանելի է անկախության տարիների պառլամենտարիզմի պատմությունը: Տարիների ընթացքում քաղաքացիների գիտակցություն «ներմուծված» մտայնության համաձայն` Ազգային խորհրդարանը, դա հակասականությամբ առանձնացող ինքնատիպ անձանց հանգրվանատեղի է, իսկ մայր եկեղեցին` ազգային միասնության երաշխիքը: Իրականում սակայն, եկեղեցին հարմարվում է իշխանությունների ցանկությանը ( ավելի ստույգ` իշխանությունն է եկեղեցուն հարմարեցնում իր ծրագրերին): Իշխանությունն էլ իր հերթին է փորձում հարմարվել մի ուրիշ իշխանության: Այս դեպքում ինչ է մնում ժողովրդին, եթե ոչ` հարմարվել վերոթվարկյալներին:Իշխանությունը, ինչպես և եկեղեցին, պետք է ուղենիշ լինեն ժողովրդի համար:Եկեղեցին պետք է բարոյականության օրինակ հանդիսանա, պետք է այպանի հասարակության բարոյական խոտորումները, իսկ իշխանությունը հասարակական կարգի պահապանը դառնալուց զատ` պարտավոր է ի ցույց դնել հասարակական համակեցությանը խոչընդոտող պարսավելի երևույթները: Ժողովրդի հետ միասնականության իմիտացիայով զբաղվող իշխանությունը ոչ միայն թույլ է, այլև անօգնական ու անհեռանկարային: Հայաստանում, սակայն, մերժելի այս մոտեցումը հաջողությամբ կիրառվում է: Դատելով անցած խորհրդարանական ընտրություններից, հասարակությունն ինքը ոչ միայն դեմ չէ, ավելին` գոհ է ստեղծված իրավիճակից: Դե ինչ, ինչպես կասեր նույն այդ հասարակության կողմից հարգված, կյանքին հրաժեշտ տված ակադեմիկոս Անդրեյ Սախարովը` «Մարդիկ հեշտությամբ են իրենց մոտեցումները հարմարեցնում այն դրվածքին, որն իրենց է ձեռնտու»:
Ակնառու է մի բան: Հասարակության քաղաքական հասունության և քաղաքացիական ինքնագիտակցության մակարդակը էլ ավելի է իջել, քան խորհրդային տարիներին էր: Ժամանակակից հայ հասարակության հավաքական կերպարը ներկայացնելու նպատակով, հարկավ, կարելի է տարբեր բնագավառներից տարբեր օրինակներ բերել: Դրանցում ընդհանուրն այն է, որ փոփոխությունների հորձանուտում հայտնված մարդկանց` հանգամանքներին հարմարվելու ցանկությունը նպաստել է հասարակության` գնալով ահագնացող դեգրադացմանը: Հոգու արիություն, հստակությամբ առանձնացող ու մինչև վերջ գիտակցված սեփական աշխարհայացք ու քաղաքացիական դիրքորոշում չունեցող մարդկանց, հարմարվողականության ոգին դեպ իրեն է ձգում, ինչպես ջրապտույտը` տաշեղին:
«Գրագետ» հարմարվողականության համար մարդկանցից պահանջվում է գիտելիքների շարունակական, անընդատական թարմացում: Հայաստանում գործող կրթական համակարգը սակայն, ամեն ինչ տալիս է, բացի ամենակարևորից` ողջ կյանքի ընթացքում ինքնակրթվելու պատգամից: Սա պարտավոր է գիտենալ յուրաքանչյուրը, անգամ` »մարգարեության» դատապարտված ինտելեկտուալը: Դա խիստ անհրաժեշտ է մի քանի առումով. որպեսզի փոխվեն հիմնարար արժեքները, որպեսզի գոյող տնտեսությունը ոչ թե խոսքով, այլ գործով վերաճի իսկապես պետական տնտեսության, սպառման մշակույթը` ազգայինի: Այլ կերպ` մի այլ, ցայսօր գերակայող ավանդականից էապես տարբերվող երկրի զարգացման ուղու:
Իսկ ինչ «հեռուներ» են հայ հասարակությանը առաջնորդում հայրենի «սլաքավարները» տակավին անհայտ է: Հայտնի է մի բան, նրանք փորձում են ամեն գնով ժանգոտած լոկոմոտիվը տեղից պոկել` դրա համար չխնայելով ոչ բնական, ոչ տնտեսական ու ոչ էլ մարդկային ռեսուրսներ:Իսկ գուցե նրանք տքնում են մյուս` լոկոմոտիվային բրիգադների տեսադաշտում հայտնվելու «դարդից», հուսով, որ իրենց դերակատարությունը մինչև «երջանիկ» ավարտ հասնելու համար կարող են արժանանալ մարդատար գնացքի, թող որ` միջին կարգում հայտնվելու երազին: Կգնան սրանք, կգան ուրիշները: Իսկ ի՞նչ կփոխվի: Ու, ընդհանրապես, դեպ ու՞ր է սլանում «գնացքը»...
Պարզունակ, «հայրենական արտադրության» հարմարվողների համար դա ամենևին էլ էական չէ: «Ամեն ինչ լավ կլինի» միայն թե գնացքը առաջ սլանա: Սլանա` չգիտես ում կողմից սահմանված նշանակետ... Մեկ է, նրանք էլի կգտնեն իրենց` թեկուզ մեկ նստատեղ ունեցող, բայց երկու հետույքի «տեղավորման» հնարավորություն ունեցող տեղը, բայց կգտնեն: Հարցն այն է միայն, թե ինչ գին կպահանջեն ուղեվարձի դիմաց: Իսկ հետո՞...
Հետո, ոչինչ... Կհարմարվենք ու` ամեն ինչ լավ կլինի... Մեկ էլ տեսար, մեկն ու մեկը կվերցնի իր վրա մեր վաղեմի ցավը։
