ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ճամպրուկը շեմին...
Գնալով ուժգնացող թթվածնային քաղց, շնչարգելություն... Ինչ- որ բան ձեռնարկելուն
զուգորդվող` կռնատության գիտակցում: Ժամանակի անպտուղ վատնում, բայց և` դրա
սղության բնազդային զգացողությամբ պայմանավորված մշտնջենական վախ: «Հայ» տեսակի
պատմական առաքելության և մեսիականության «համոզվածության» նրբորեն քողարկվող
տեղատվություն: «Չընկրկող» ոգու ցասում`ներքուստ տեր, առերևույթ նոքար լինելու
ցավալիորեն ճշգրիտ ընկալման պատճառով:
Մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի մուտքի մոտ, ցեխակոլոլ, քրքրված կոշիկի մի
անկյունից ոտքի բութ մատը «հպարտորեն» դուրս ցցած, օրապահիկի համար իր քաշին
գերազանցող ակորդեոնով «Անհնար է, անհնար` հայոց ոգին ընկճել» երգի «հոգեցունց»
կատարման անուղղակի ունկնդիրը դառնալուց հետո են ինձ պաշարում մտքերը: Ու ես
փորձում եմ ընկալել իրականությունը: «Ինչ որ տեղ, ինչ որ բան, այնուամենայնիվ այն
չէ», - մտածում եմ: Չէ որ, իր շենշող ժպիտով ու Հայաստանի բարգավաճման «փաստացի»
վկայության` երկնիշ տնտեսական աճի հավաստում-ավետիսով ինձ քիչ առաջ տնից ճանապարհեց
հանրային հեռուստատեսություն հրավիրված բարձրաստիճան պաշտոնյան: Դե լավ, էդ որ
երկրում մուրացիկ չկա, - անախորժ զգացողությունս ցրելու նպատակով հորդորում եմ ինձ:
-Երևի ֆրանսիացիներն էլ իրենց կլոշարների ու սանկյուլոտների ձեռքն են կրակը
ընկել:Կամ ասենք, էդ նույն` աշխարհակուլ Ամերիկայում, ի՞նչ է, քի՞չ են «հոմլիսները»:
Թե` մեր «ավագ եղբայրն» է, որ լուծել է իր բոմժերի խնդիրը... Չէ, այ մարդ, երկրից
չէ, մարդուց է, մարդուց, - գլուխկոտրուկի բանալին գտածի պես եզրակացնում եմ ես ու
շարունակում ճանապարհս:
Քիչ անց հանդիպում եմ երբեմնի հարևանիս` միջին գործարար համարվող Գոքորին: Այս
անգամ իմ` ոչ այդքան հերթապահ «Ո՞նց ես» հարցին հետևեց` «Արտ ջան, գնում եմ»
ամփոփիչ պատասխանը:- Լսի, քեզ ինչ եղավ,- հարցնում եմ,- գործերդ կարծես լավ էին,
վիճակդ շտկվել էր,- շարունակում եմ: «Էլ ըստեղ չեմ դիմանում, հեսա դեսպանատան
հարցերն էլ լուծում եմ, գնամ ըստեղից: Գնամ` գործ անեմ: Ըստեղ մնալու տեղ չի, ըստեղ
խեղդում են, մաքսայինը մի կողմից, հարկայինը` մի: Բա մանր-մունրներն ինչքան շատ են`
էլ սանէպիդկայան, էլ «պաժարնի», էլ եսիմինչ...Մեծերին չէ, մեզ են խեղդում: Էդ էլ
ջանդամը, ամբողջ Եվրոպան կտրում-անցնում եմ տասը եվրո էլ չեմ ծախսում, հենց հասնում
եմ Հայաստան`վրա են տալիս: Դե, ես չեմ, դու ես, ասա, էդ ոնց է լինում, որ
Եվրոպայում քեզ իսկապես բիզնեսմեն ես զգում, հենց հասնում ես Հայաստան դառնում ես
քրեական հանցագործ, հը՞... Ապրելն անասելի դժվարացել է, թե մի բանի տեր դառնամ, էլի
ընդեղ դառնամ»,- տխուր ժպիտը դեմքին հրաժեշտ է տալիս ապագա տարագիրը:- Գոքորն էն
գլխից լավատես չէր,- վիճակն եմ փորձում շտկել ես: - Այ Գոքոր ջան, եթե դու ես
տրտնջում, բա մյուսներն ինչ ասեն,- իրավիճակի մեղավորների «պաշտպանությունն» եմ
ստանձնում ես ու տեղում ինձ բռնացնում, չգիտես որտեղից հիշողությանս մեջ առկայծած`
«Լավատեսները`վատ տեղեկացված վատատեսներն են» ձևակերպմանը համակարծիք լինելու մեջ:
«Էլի բորշչից են խոսում: Հերիք չի ճանապարհը էրկու ջիփերով փակել են, հըլա սրա-նրա
վրա էլ խեթ աչքով են նայում,- ստեղծված իրադրության մանրամասներն է ներկայացնում
խցանման պատճառը հասկանալու համար վիզը դուրս պարզած տաքսու վարորդը:- Տղա եք,
սրանց տարեք «պլաշչադկա», թե չէ, որ խեղճուկրակին էլ ասես`կտանեք,- տեսադաշտում
չերևացող պետավտոտեսուչին է դիմում նա, ապա շրջվելով դեպ ինձ շարունակում` - չէ,
ախպեր ջան, սա երկիր չի դառնա, մարդ գլուխն առնի ու փախչի էստեղից»: Ապա, իր` ոչ
առաջիկա մտադրության մասին ինձ հետ կիսվելուց հետո, ասես «կտավի» պակասող դեկորի
մասին մտաբերելով շարունակում` « Հո քաղաք չի, իսկը` «ստրոյպլաշչադկա»: Քանդում,
քանդում էիք, էնա միանգամից ամբողջ հանրապետությունը փակեիք պրծնեիք, թե դուք, թե`
մենք», - ընդհանուր դրվածքի մասին իր «նոու-հաույով» համեմված եզրափակիչ ելույթն է
ավարտում հինգհազարամյա նույնությունից անասելի հոգնած վարորդը:
«Իսկը պարտիզպանի շուն` ոչ իրենք են մաքրում, ոչ էլ թողնում են ուրիշները մաքրեն»:
Մայթին հայտնված պլաստիկե շշերն ու թղթերը փորձելով ոտքով մոտեցնել պռնկե-պռունկ
լեցուն աղբարկղին զայրացած ասում է պատկառելի արտաքինով, ալեհեր մազերով քաղաքացին,
դատելով արտաքինից`գիտաշխատող:»Կարելի է արդյոք այսքան ատել մեր քաղաքը:Հետաքրքիր
է, իրենց տանն էլ է վիճակն այսպիսին»,- բարկացկուն ելույթի ունկնդիրներին է ուղղում
խոսքը, ապա, առանց ժամանակ իսկ վատնելու «լծվում» խնդրի` լուսավորչական մասին: «Լեհերն
ասացին` մենք ձեր աղբը գնում ենք: Ասացինք` ոչ: Հետո էլ ճապոնացիները փորձեցին մեր
աղբը մեր «ձեռքից խլել»: «Մենք մեր սպիտակեղենը դուրս չենք տանում ու մեր աղբն էլ
ոչ մեկին չենք վաճառում, ասացինք: Մեր աղբն է, ինչ ուզենք, կանենք, հպարտորեն նրանց
իրենց տեղը ցույց տվեցին մեր պաշտոնյաները: Ամենուր նույն վիճակն է` բակերում,
փողոցներում, քաղաքներում ու գյուղերում: Արտասահման ես գնում, քեֆդ գալիս է, ամեն
ինչ կոկ ու մաքուր, փողոցներն են անգամ օճառով լվանում: Չէ, եղբայր, բախտներս
չբերեց նման մի երկրում ծնվեինք», - գլուխն օրորելով իր խոսքն ավարտեց նախանձը
սրտում «անթեղած» չստացված գաղթականը:
-Մեկ օրվա համար ասես շատ եղավ, - ստացած տպավորություններս եմ փորձում «մարսել»
արդեն երթուղայինում: «Բան չէի ուզի, մի հինգ րոպեով իշխանությունն ինձ տային», -
ասում է երթուղայինին մեծ արագությամբ վազանցելու փորձ արած, «շիկ» մեքենայի
դեռահաս վարորդի արարքից վրդովված ուղևորը: «Հինգ րոպեով, ոչ ավելին: Բոլորին
կգնդակահարեի: Դրանց բոլորին կկախեի...»
Ու նոր միայն, կողքիս նստածի ծածուկ փափագի բարձրաձայնումից հետո միայն հասկացա, որ
թողնել-գնալը` բանտում հայտնվելուց գերադասելն է խնդիրը, որ գաղթականության «հայրը»
ամեն օր քեզ ներկայացող այս դիլեման է...
