ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Իմպիչմենթը» որպես պոստմոդեռնիստական նախագիծ
1. Սիտուացիոնիստները և «Իմպիչմենթը»
1957-72 թթ գործող «Սիտուացիոնիստական ինտերնացիոնալը» իրենից ներկայացնում էր
քաղաքական և արտիստական ավանգարդների սինթեզ, հիմնված վերափոխված հասարակական
պատկերացման վրա: Սիտուցիոնիստները գործում էին այնպիսի պայթյունավտանգ քաղաքական
իրադրությունում, որը նման էր ներկա հայաստանյան իրավիճակին: «Հին ձախերը»`
սոցիալիստները և կոմունիստները այլևս անկարող էին արձագանքել նոր իրողություններին
և այս առումով սիտուացիոնիստները եկել էին փոխելու նաև քաղաքական պայքարի ձևերը:
Շարժման ղեկավար Գի Դեբորը գրում է. «Սիտուացիոնիստական շարժումը հառնում է և' իբրև
մի արտիստական ավանգարդ, և` իբրև ազատության գաղափարի վրա կառուցված մարդկային
կյանքի նախագիծ, և` , ի վերջո, հեղափոխական նոր բողոքի տեսական և գործնական
կառույցի մեջ արվող մի նոր ներդրում»...«Ի նպաստ գոյատևման քննադատության» /Եր.;
2005Մ.Բ. Ռասմուսսեն «Սիտուացիոնիստական ինտերնացիոնալ», էջ 69/:
Սիտուացիոնիստները չէին բավարարվում բարենորոգումներով, նրանց նշանաբանն էր` «ամեն
ինչ, կամ ոչինչ»: Ըստ նրանց, միայն ամբողջական և անմնացորդ սոցիալական
քննադատությունը իմաստ ունի, որ արմատական պահանջներին արվող մասնակի և
առաջադիմական զիջումները միայն ամրապնդում են հակահեղափոխական դինամիկան: Նման
տոտալ դիրքորոշման օրինակ է նաև «Իմպիչմենթը». կամ իմպիչմենթ, կամ ոչինչ:
Ենթատեքստում սա ընկալվում է որպես երկակի բացառում, որ ավտորիտար ռեժիմի նախորդ
հակառակորդները իրենց քաղաքական պայքարով միայն ամրապնդել են ներկա իշխանությունը:
Գի Դեբորի ամենահայտնի գիրքը «Հանդիսանքի հասարակությունն» է: Եթե ամփոփենք նրա
տեսական հայացքները, ապա կարող ենք ասել, որ, ըստ նրա արդի աշխարհում մշակույթը և
կապիտալը միախառնվել են ձևավորելու համար ապրանքի նոր ձևը` հանդիսանքային ապրանքը,
վաճառելով «ազատություն» և «ժողովրդավարություն» կերպարները երևակայության իսկական
պատկերների փոխարեն: Հայաստանում իշխանությունները շոու բիզնեսի միջոցով հրամցնում
են «զարգացում», «բարգավաճում», «պետություն», «ազգ», «ցեղասպանություն» և այլ կեղծ
պատկերներ, որը նշում է նաև դեմոկրատական և բռնապետական հանդիսանքի
հասարակությունների միջև տարբերությունը: Ազատությունը և ժողովրդավարությունը
Հայաստանում անարժեք են և չեն կարող դառնալ հանդիսանքային ապրանք: Իշխանությունները
և ընդիմությունը ըստ էության օգտվում են նույն հանդիսանքային ապրանքներից,
վերածվելով ավտորիտարիզմը հավերժացնող ու փոխլրացնող գործոնի:
Սիտուացիոնիստների և «Իմպիչմենթի» գեղագիտական ընկալումի մերձությունը կարելի է
ցուցադրել նաև այս օրինակով. «Արվեստի հանդիսատեսը, որը սովորաբար պասիվորեն դիտում
է նկարները, պետք է ակտիվանար և գրոհեր քաղաքական տարբեր գործիչների դիմապատկերները,
նրանց, ովքեր սիտուացիոնիստների կարծիքով կիսում էին պատասխանատվությունը աշխարհում
տիրող իրադրության համար…: Քաղաքական ղեկավարներին իբրև թիրախներ փակցնելով պատերին,
նրանք ցուցադրում էին քաղաքական իսթեբլիշմենթի տեսանելիության պաշտամունքը, այն
փաստը, թե քաղաքականությունը ավելի շուտ էկրաններին հայտնվող քաղաքական գործիչների
պատկերներին է վերաբերվում, քան նրանց տեսակետներին: Խրուշչովին և Քենեդուն
ցուցադրելով կողք կողքի, սիտուացիոնիստները դեն էին շպրտում սառը պատերազմի անհաշտ
թշնամիներին և նրանց միջև ընտրություն թելադրող դիսկուրսը»/ նույն տեղում, էջ 77/:
2. Պոստմոդեռնիզմը և «Իմպիչմենթը»
XX-րդ դարի սկզբում առաջացան նոր քաղաքական մտածողություն և նոր քաղաքական
շարժումներ-քաղաքական մոդեռնիզմը: Դրանք ոչ միայն տարատեսակ բանվորական և
ֆաշիստական, այլ նաև ազգային ազատագրական շարժումներն էին: Քաղաքական առումով
մոդեռնիստ էին, ասենք, Լենինը, Մուսոլինին, Աթաթուրքը, Ստալինը և այլն :
Եվ ընդհակառակը, քաղաքական պոստմոդեռնիզմը սկսվում է Չե Գեվարայից և ընկեր Մաոյից`
«Նոր ձախերից»: Երբ ընկեր Մաոն հռչակեց «կուլտուրական հեղափոխության» կարգախոսը,
արևմտյան բազմաթիվ ինտելեկտուալներ` Դելյոզինը, Կրիստևան, Սոլերսը, Նեգրին և
ուրիշներ, էլ չեմ ասում Սարտրի մասին, դարձան մաոիստներ և տեսական բարձր մակարդակի
հասցրեցին Նավավարի` Մաոյի գաղափարները: Քաղաքական պոստմոդեռնիզմը առաջին հերթին
հակատոտալիտար է:
Հայաստանյան քաղաքական մշակույթը կրում է ստալինիզմի չվերացող ազդեցությունը:
Մարդիկ նույնիսկ առանց գիտակցելու վերարտադրում են տոտալիտար մտածողության
կաղապարները:
Ստալինյան տեսությունը դասակարգային պայքարի մարքսիստական սկբունքի, բանվոր
դասակարգի հեգեմոնիայի գաղափարի և նացիզմի տեսաբան Կառլ Շմիդտի «արտակարգ
իրադրության» սկզբունքի սինթեզն էր: Այստեղից Ստալինի կողմից «դասակարգային պայքարի
սրման» կարգախոսը և «ժողովրդի թշնամիներին» արտակարգ կարգով «տրոյկաներով» դատելու
պրակտիկան: Հայաստանում «արտակագ դրությունը» իր «թավշե» տարատեսակով պահպանվում է
Ղարաբաղյան հակամարտության եւ Ցեղասպանության ճանաչման գործոնների շնորհիվ: Կարևորը
վերոհիշյալ բոլոր օրինակներում բազմազանության, անկախ ինքնությունների առկայության
բացասումն էր: Այդպիսի ինքնությունների օրինակ կարող են լինել երիտասարդական
կոնտրկուլտուրան, ֆեմինիզմը, կրոնական աղանդները և այլն, այն բնագավառները, որ
անվանում են «մարդու իրավունքների» ոլորտ:
Օրինակ, Նեգրին գրում է. «Ֆեմինիստական շարժումը իր կոմունիզմով և սեպարատիզմով,
քաղաքական իշխանության և նրա դրսևորման քննադատությամբ, նրա խորին անվստահությամբ
«ընդհանուր ներկայացուցչությանը», նրա սերը բազմազանության հանդեպ, նմանվում
շարժման նոր փուլի արքետիպին: Այն 70-ականների կեսերի իտալական պրոլետարական
երիտասարդության համար հանդիսանում է ներշնչանքի աղբյուր» (ըստ Дж. Катсификас
«Ниспровержение политики». Волгоград - 2002.): «Իմպիչմենթը» ևս այդպիսի
ներշնչանքի աղբյուր է, քանզի օժտված է Նեգրիի նշած քաղաքական բարեմասնությունների
տարրերով: Արևմտյան նոր ձախերը մերժում էին կուսակցական հին` առաջնորդի շուրջ
կազմակերպվող համակարգը, նրանում տեսնելով ստալինյան և ֆաշիստական բռնապետության
քաղաքական մշակույթը: «Հին» ընդդիմության «վախճանը» Մայիսի 12-ի նոր քաղաքական
ռազմավարության անհրաժեշտության մասին է խոսում:
Հին տիպի քաղաքական շարժումները հիմնված էին ներկայացուցչական սկզբունքի վրա: Կար
առաջնորդ և կար ժողովուրդ: Այդպիսին է նաև մեր «հին ընդիմությունը»: Առաջնորդը,
օրինակի համար, Ա. Գեղամյանը գնում է դեպի ժողովուրդ, հմայում նրան, և ժողովուրդը
նրան ընտրում է: Այս պրոցեսում հաճույքը ստանում են միայն ընտրյալները` էլիտան:
Ասենք, նույն Ա. Գեղամյանը շոյված էր իրեն զգում ժողովրդական սիրուց:
Ինքնասիրահարված քաղաքական գործիչներին պոլիտտեխնոլոգները առաջարկում են իմիջը
«կարկատելու» եղանակներ, բայց դա ընդմիշտ չէ: Պոլիտտեխնոլոգիան կարող է հետաձգել
քաղաքական տապալումը, բայց չի կարող այն չեղյալ հայտարարել:
Առաջին անգամ հայաստանյան իրականությունում «Իմպիչմենթը» բերեց նոր սկզբունք`
քաղաքական պրոցեսից հաճույք պետք է ստանան բոլորը: Այսինքն Էլիտար
քաղաքականությունը փոխարինվում է մասնակցային քաղաքականությամբ: Այսպես եմ ես
հասկանում «1+1+1+…» սկզբունքը: Ով ներկա է եղել «Իմպիչմենթի» միտինգներին, կարող է
վկայել. իսկապես հաճախ այնտեղ բոլորն էլ հաճույք են ստանում:
Նոր ձախերը կարևորեցին ինքնության խնդիրները, ցույց տվեցին, որ դրանք
կոնստրուկցիաներ են, այսինքն կազմաքանդեցին, կազմալուծական քննադատության`
դեկոնստրուկցիայի ենթարկեցին այն: Օրինակ վերցնենք հայկական ազգային ինքնությունը:
Եթե հարյուր տարի առաջ հայը կարծում էր, որ ինքը եվրոպական ժողովուրդ է, բախտի
բերմամբ ընկած արևելյան բարբարոսների մջավայր, և Եվրոպան պետք է օգնի նրան
վերադառնալ Եվրոպա, ապա այժմ կարծում է, որ ինքը մերձավորարևլյան հնագույն
ժողովուրդներից է, ուրարտացի, արիացի կամ շումեր: Համապատասխանաբար, եթե 100 տարի
առաջ դաշնակները մարտական մարզանքները անց էին կացնում Բուլղարիայում և կարծում, որ
հայերը եկել են Բալկաններից, ապա այժմ նրանց հենակետը Սիրիան և Լիբանանն են, իսկ
նրա գաղափարախոսները ներշնչում են, որ հայերը տեղաբնիկ են: Աստված չանի, որ վաղը
դաշնակները հաստատվեն Յակուտիայում, նրանք կպարտադրեն, որ մենք մտածենք, որ հայերի
բնօրրանը գտնվում է Չուկոտիայում: Առավել ևս, որ կան բազմաթիվ հնագիտական և
մշակութային փաստեր այս վարկածի օգտին: Ինքնությունը չի կարող մերժողական
քննադատվել, այն պետք է փոխարինվի այլ ինքնությամբ: Դա էլ հենց կազմալուծող
քննադատությունն է:
Մենք գալիս ենք ստալինիզմից, մեր կուսակցությունները անգիտակցաբար հանդիսանում են
ստալինիստական քաղաքական կաղապարների կրողներ: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում
պոստմոդեռնիզմը և կազմալուծող քննադատությունը դեռ անելիքներ ունեն:
3. Մշակութային պոստմոդեռնիզմ
Կա՞ արդյոք Հայաստանում մշակութային պոստմոդեռնիզմ: Խոսքը տամ երիտասարդ հայ
հեղինակին: «Ի տարբերություն ինտելեկտուալի համար ստեղծված պոստմոդեռնիստական
տեքստի, ԱԼՄ արտադրանքը ստեղծվում է երևակայական «տգետի» համար, բայց այն դիտում և
հասկանում է նաև ինտելեկտուալը իրեն նսեմացված չզգալով: Պոստմոդեռնիստական արվեստի
հետ ԱԼՄ-ի հարազատությունը արտահայտված է նաև իլյուզիաների և ցիտատների
առատությամբ, որ հղում են Սովետին: ԱԼՄ-ն վերադարձնում է մարդկանց կորցրած Սովետը
ոչ թե հուշի, այլ երազանքի տեսքով: ...ԱԼՄ-ն ցույց տվեց ժողովրդի դեմքը առանց
շպարի` տգեղ և գերիրական, բոլոր հնարավոր աղավաղումներով: ԱԼՄ-ն ջարդեց հայ
ժողովրդի տաղանդավորության միֆը, որ խանգարում էր մեզ տեսնել և սիրել մեզ այնպիսին,
ինչպես մենք կանք: Ոմանց` սնոբներին և քաղքենիներին, հազիվ թե երբևէ դա հաջողվի:
Օգտագործելով զանգվածային մշակույթի տեխնոլոգիաները,ԱԼՄ-ն չի հանդիսանում
զանգվածային մշակույթ` բառի բուն իմաստով, ինչպես, օրինակ, Երգի Պետական Թատրոնը:
Առաջինը` այստեղ չկան պրոֆեսիոնալներ, երգիչներից մինչև քաղաքական գործիչները
բոլորը սիրողներ են, երկրորդը` արտադրանքը ադապտացված չէ «միջին» հեռուստադիտողի
համար, հասցեատերը ինքն է` կատարողը: Երրորդ` այն չունի կուլտուրիզացիոն-կրթական
ֆունկցիա (Տ. Կարապետյանը բազմիցս հայտարարել է, որ հեռուստատեսության
նշանակությունը կրթելը չէ), մեր կենցաղ այն չի ներխուժում կպչուն հիթի նման, այլ
գոյություն ունի իրական կյանքին զուգահեռ աշխարհում: Եվ վերջապես` ԱԼՄ-ի արտադրանքը
կոմերցիոն չէ: Այն վաճառվում է միայն հեղինակի վրա (երգի ձայնագրությունը`
կատարողի, քաղաքական հաղորդման տեսագրությունը` քաղաքական գործչի և այլն): Սա
իսկական մարտահրավեր է սպառողական հասարակությանը: / Ա. Ոսկանյան «Արվեստը մեռավ,
կեցցե Մայիսի Մեկը»; «Գրեթերթ», #2(5)/: Մենք էլ կարող ենք ասել` ««Հին
ընդդիմությունը» մեռավ, կեցցե Մայիսի Մեկը»: Բայց, իհարկե, ԱԼՄ-ն իսկական բախտինյան
կառնավալի, դելյոզյան «քոչվորականության», կամ եթե կուզեք մաոիստական «կուլտուրական
հեղափոխության» սոսկ սիմուլյացիան է:
Պոստմոդեռնիստական չափանիշներով «Իմպիչմենթի» և համանման այլ խմբերի քաղաքական
ակցիաների մեջ ավելի շատ բարձր արվեստ կա, քան ՆՓԱԿ-ի «կոնցեպտուալիստ»
արվեստագետների պերֆոմանսներում: Նրանց արածը «լուրջ» պոստմոդեռնիզմ չէ, այդ
պատճառով էլ տպավորիչ և համոզիչ չէ:
Այդ լրջությունը կայանում էր նրանում, որ մարդիկ հասկացան իշխանական ուժերի ֆարսը
այն պատճառով, որ «Իմպիչմենթի» նման ուժերի ձեռնարկած կառնավալը, նրանց հումորը,
ծաղրը դեֆորմացրին օֆիցիոզը: Այլապես մարդիկ նրանց լուրջ կընդունեին:
Մ. Բախտինը տալիս է առավելություն խոսքին-արտահայտությանը: 10 տարի առաջ, երբ Արմեն
Շեկոյանը դեռ պոստմոդեռնիստ բանաստեղծ էր, գրել էր, որ ինքը ձգտում է իր գրավոր
խոսքը հասցնել բանավորի մակարդակին: Արտահայտությունը, ըստ Բախտինի, միշտ
կառնավալային է: Արտա-հայտված խոսքը դա չերաշխավորված խոսքն է, այն խոսքը, որ դուրս
է եկել արտաքին աշխարհ` հրապարակ և փողոց: Հ. Տեր-Աբրահամյանը, բնութագրելով նոր
իրադրությունը, գրում է. «Իրական քաղաքականությունը վերադառնում է փողոցներ և
հրապարակներ: Իշխանամետ և «ընդդիմադիր» խեղկատակների թագավորությունում հանկարծակի
հայտնվում է կենդանի խոսք ունեցող մի ուժ»/»Քաղաքականության վերադարձը» («Հայկական
ժամանակ», #92)/:
Բայց հենց «պոստմոդեռնիզմ» երևույթի մեջ է գտնվում ժամանակակից պայքարող
քաղաքականության ամլացումը: “Իսկականության” կոնցեպցիան դարձավ սարսափելի
ինտելեկտուալ հարձակումների թիրախ Ժիլ Դելյոզի և Ժակ Դերիդայի նման մտածողների
կողմից, որոնք վճռական ազդեցություն ունեցան պոստմոդեռնիզմի տեսության վրա:
Բոլտանսկին և Կյապելոն ասում են, որ այդ մտածողների կողմից “իսկականի” և “կեղծի”
միջև հակադրության ոչնչացումը նպաստեց նեոլիբերալիզմի հաղթանակին 80-ականներին եւ
90-ականների սկզբին. «Անսահման կուտակման տեսակետից ավելի ազդեցիկ էր խնդիրների
մասին լռելը, երբ մարդիկ իրենք իրենց համոզում են, որ այն ամենը, ինչ իրենց շուրջն
է, կեղծարք է /սիմուլյակր/, որ ճշմարիտ “իսկականը” աշխարհից վռնդված է և որ
“իսկականի” ձգտումը միայն խաբկանք է»: Յորքի համալսարանի պրոֆեսոր, տրոցկիստ Ալեքս
Կալինիկոսը գրում է.
«Բոդրիյարը, որը իսկականի կազմալուծման մունետիկն է, պնդում է, որ քննադատական
միտքը և քաղաքական պայքարը հնացած հասկացություններ են արդեն ոչ թե ներկայացման,
այլ սիմուլյացիայի հասարակությունում, եւ արդեն պատկերները ոչ թե ներկայացնում, այլ
կազմակերպում են իրականությունը:
Այդ պատճառով հակակապիտալիստական դիսկուրսի և շարժումների վերածնունդը նշանավորվում
է պոստմոդեռնիզմի գերիշխանության վերջը, որ նա վերջին երկու տասնամյակներին
հաստատել էր առաջադեմ մտքի վրա: Այդ մտավոր տեղաշարժի նշաններից է անհետացումը այն
համարյա սևեռուն կենտրոնացվածությունը մշակութային խնդիրների շուրջ, որ ընդգրկել էր
արմատական համալսարանական շրջանակները, և մատերալիզմի նկատմամբ հետաքրքրության
վերածնունդը»/ Каллиникос А.
Антикапиталистический манифест. — М.: Праксис, 2005/:
Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ կեղծիքի և իսկականի միջև տարբերություն չկա,
ուրեմն մարդիկ չեն նկատի նեոլիբերալիզմի բերած բևեռացումը, որ նա այլ օլիգարխների
հետ կարող է շարունակել անսահման կուտակման ընթացքը:
Այսօր հարկավոր է ավելի հեռուն գնալ: Հարկավոր է կանգնեցնել նեոլիբերալիստական
անսահման կուտակումը, ինչպես մեզ հուշում է բրիտանական տրոցկիստը, մեդիաների`
հատկապես «Հանրայինի» կամ «Արմենիայի» կողմից շոու բիզնեսի կողմից մարդկանց
ապուշացումը: Հո իզուր չէ՞, որ Սերժ Սարգսյանը ամեն անկյունում բաներներից
ազդարարում է, որ իր ուժը Աշոտ Ղազարյանը և Հայկոն են: Մշակույթը հարկավոր է փրկել
«մասխարայականացումից», իսկ մարդկանց` ճորտացումից:
Երբ Ծառուկյանը բաներներից մեզ ներշնչում է` «Ես ուզում եմ կառուցել, ես ընտրում եմ
«Բարգավաճ Հայաստանը», կամ «Ես ուզում եմ սովորել, ես ընտրում եմ «Բարգավաճ
Հայաստանը» և այլն, ապա նա նկատի ունի մի բան. Ծառուկյանը կարծում է, որ Հայաստանը
իր ձեռնարկություններից մեկն է, իսկ ժողովուրդը` իր վարձու բանվորները: Երբ
դաշնակները կամ «Հանրապետականը» գնում են մարդկանց ձայները, նրանք համարում են, որ
չկա ընտրողը` քաղաքացին, որ հարկավոր է 5000-ով վարձել ընտրողների, ինչպես վարձում
են «լալկան կանանց» հարուստ մեռելի վրա լացելու համար:
