ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Քարերի սիմֆոնիան» կրկին ոչնչացվում է
Գառնիում կրկին ոչնչացվում են «Քարերի սիմֆոնիա» անվանմամբ հազվագյուտ քվադրերը: Ինչպես հայտնի է դարձել ԱրմԻնֆո-ի թղթակցին, արդեն երկու օր է շարունակվում է Ազատ գետի կիրճում` I դարի Գառնիի հեթանոսական տաճարի մոտ գտնվող բնության մեջ եզակի հուշարձանի` «Քարերի սիմֆոնիայի» հատումը: Դեռ երկու տարի առաջ ԱրմԻնֆո-ին հաջողվել էր ժամանակին ահազանգել համանման փաստի մասին և կանխել յուրօրինակ, ոչ մի տեղ չհանդիպող քվադրերի ոչնչացումը:

Այն ժամանակ Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը խոստացել էր քարերի գոտին ներառել Խոսրովի արգելոցի վարչական տարածքի մեջ, սակայն տեղական իշխանությունները, սեփական նկատառումներից և շահերից ելնելով, թույլ չեն տվել դա: Այսօր տեղի որոշ բնակիչներ, գյուղապետարանի հավանությամբ, շարունակում են զբաղվել իսկական բարբարոսությամբ` շինանյութի նպատակով «հատելով» բնության կողմից ստեղծված` ուղղաձիգ դեպի կիրճը իջնող և բազմաթիվ զբոսաշրջիկների հետաքրքրությունը շարժող հոյակապ բազալտե քվադրերը: Ցանկացած գործողության համար ողջ պատասխանատվությունը կրում է Գառնիի գյուղապետը, ով չի ցանկացել այլևս գործ ունենալ մամուլի հետ: Կմիջամտի՞ արդյոք կառավարությունն այդ գործին`հայտնի չէ, սակայն փաստ է, որ բարբարոսներն արդեն «քարը քարի վրա» չեն թողել: Հարյուր հազարավոր տարիներ բնության կողմից մշակված բազալտե քվադրերը գյուղի «գործարարներին» անհրաժեշտ է վաճառքի համար: Տաշած որմնաքարերն այնքան կատարյալ են իրենց ձևով, որ դրանք կարելի է առանց մշակման օգտագործել առանձնատների շինարարության նպատակով: Չճշտված լուրերի համաձայն, քարերի հատման «իրավաբանական» թույլտվություն տվել է Գառնիի գյուղապետ, ով անհասանելի է լրագրողների հեռախոսազանգերի համար:
