ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գոնե զգուշացնեն քաղաքացիներին
Ամեն անգամ, հատկապես վերջին շրջանում, վերջին ամիսներին, երբ տեղի է ունենում աղմկոտ որեւէ իրադարձություն` Հարկային ծառայության օպերատիվ հետախուզության պետի սպանություն, Բարգավաճ Հայաստանի կուսակցական գրասենյակների պայթեցում, խաղաղ երթի մասնակիցների հանդեպ ուժի կիրառում, ընդդիմության երիտասարդական թեւի ներկայացուցչի հանդեպ տեղի ունեցած բռնություն, ապա իշխանությունն անմիջապես արձագանքում է ու փորձում փաստարկել, թե այդ ամենը չէր կարող ձեռնտու լինել իշխանությանը, որովհետեւ հատկապես նախընտրական շրջանում` լինի դա խորհրդարանի, թե նախագահի ընտրություն, այդ աղմուկը իշխանությանն ամենեւին էլ պետք չէ: Այդ պնդումը որոշակիորեն հիմնավորված է, թեեւ իհարկե փաստարկվում է բավական տարօրինակ ձեւով: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը վերջին բռնության հետ կապված հայտարարեց, թե ինքը նույնիսկ չգիտեր էլ, որ կա Նարեկ Գալստյան քաղաքական գործիչ, եւ կասկած էլ հայտնեց, թե հասարակությունը գիտե այդ գործչի մասին: Գուցե հասարակությունն էլ չգիտե, բայց արդյոք դա նշանակում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ու հասարակությունն իմանային այդպիսի գործչի մասին, ապա ծեծը կլիներ հիմնավոր: Կարծես թե հենց այդպես էլ նշանակում է` այ եթե ճանաչեինք, ուրիշ բան, կարելի էր քննարկել` մենք ենք ծեծել, թե ոչ:
Իրականում, բոլոր տեղի ունեցող բռնությունների, սպանությունների, ահաբեկումների եւ համանման գործողությունների դեպքում ամենից շահեկան վիճակում է հայտնվում հենց իշխանությունը: Այն անմիջապես կարողանում է իր վրայից շեղել մեղադրանքի սլաքը, ասելով, թե իրեն ամենից քիչն էր ձեռնտու աղմուկը, եւ դրա հետ միաժամանակ, նաեւ ունի հանցագործությունը բացահայտելու լծակներ, գործնականում ապացուցելով, որ կատարողն ու պատվիրատուն իսկապես կապ չունեն իշխանության որեւէ օղակի հետ: Առաջին քայլը իշխանությունը մշտապես կատարում է անհապաղ, որն այս դեպքում նշանակում է անմիջապես: Իշխանությունն անմիջապես հերքում է իր կապը տեղի ունեցածի հետ եւ ասում, թե ինքն ամենից քիչն էր շահագրգռված, որ այս կարեւոր ժամանակահատվածում լիներ աղմկոտ միջադեպ: Որոշակիորեն կատարվում է նաեւ հաջորդ քայլի նախադրյալը, այսինքն ակնարկվում է, որ տեղի ունեցող բռնությունը կարող է լինել իշխանության դեմ ուղղված սադրանք: Բայց ահա մյուս քայլը, որ տրամաբանորեն պետք է կատարվեր, որպես կանոն բացակայում է միշտ: Իշխանությունը, ունենալով կատարվածը բացահայտելու բոլոր լծակները, որեւէ սադրանքի հեղինակի չի բացահայտում:
Առաջին իսկ հիմնավոր եզրակացությունն այդ դեպքում կարող է լինել այն, որ իշխանությունն իրականում չունի սադրիչներին բացահայտելու ցանկություն կամ կարողություն: Եթե չունի կարողություն, ապա այստեղ առաջանում է իրավապահ համակարգում կադրային լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն: Այլապես վտանգավոր է, երբ երկրի որեւէ քաղաքացի կարող է օրվա ցանկացած պահին դառնալ սադրանքի զոհ, անկախ նրանից, թե ով է սադրիչը: Այսինքն, փաստացի երկրում ստեղծվում է մի վիճակ, երբ տեղից ելնողը կարող է սադրել երբ ուզենա, ումով ուզենա, ինչով ուզենա եւ որտեղ ուզենա: Այսինքն, պետք է իշխանությունը գոնե զգուշացնի քաղաքացիներին, որ երկրում կան սադրիչներ, որոնք արտաքնապես ոչնչով չեն տարբերվում սովորական մարդկանցից եւ գործում են իշխանության անունից: Քաղաքացիներն էլ պետք է զգուշանան իշխանության որեւէ ներկայացուցչից: Օրինակ, ով կարող է երաշխավորել, որ փողոցում վարորդին մոտեցող պետավտոտեսուչը չի կարող լինել դիմակավորված, ոստիկանի համազգեստով քողարկված սադրիչ, որ կարող է տեսուչի իր փայտիկով հարվածել քաղաքացուն, կամ սուլիչով սուլել այնքան, որ քաղաքացին խլանա: Ամեն ինչ հնարավոր է, եթե հնարավոր է լինում պետական բարձրաստիճան պաշտոնյայի սադրիչ սպանություն, լրագրողի կամ երիտասարդի սադրիչ ծեծ, խաղաղ ցուցարարների սադրիչ ձերբակալություն:
Շատ հավանական է, որ իշխանության վերին օղակներում իսկապես տեղյակ էլ չեն այդ ամենից, այնտեղից չեն իջնում հրահանգները: Պարզապես պատժիչ համակարգի աշխատանքն այնքան է կատարելագործվել, որ անգամ ինչ որ մի պաշտոնյայի, օլիգարխի կամ թաղային հեղինակության թիկնազորում կարող է կայացվել որեւէ մի քաղաքացու պատժելու որոշում, քանի որ այդ թիկնազորը վստահ է, որ չի լինելու որեւէ պատասխանատվություն, անգամ ներքին կարգով, այլ իշխանությունն ընդամենը հանդես է գալու տեղի ունեցածն իրեն ձեռնտու չլինելու հայտարարությամբ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
