Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի տարածքում հայկական խաչքարերի ոչնչացումը մշակույթի հարցերի համաեվրոպական կազմակերպության ուշադրության կենտրոնում է

ԱրմԻնֆո: Ադրբեջանցի զինվորների կողմից Հին Ջուղայի տարածքում հայկական հինավուրց խաչքարերի ոչնչացման փաստերը կներկայացվեն «Europa Nostra» մշակույթի հարցերի համաեվրոպական կազմակերպության ամսագրում: Այդ մասին հաղորդել է ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանն այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել դեկտեմբերի 3-5-ը Դելիում կայացած Ազգային հիմնադրամների XII միջազգային համաժողովի ժամանակ: Վերջինիս շրջանակներում տեղի ունեցած «Մշակութային ժառանգության պահպանությունը բնական աղետների և հակամարտության գոտիներում» թեմայով նստաշրջանի ժամանակ հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հին Ջուղայի հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի բարբարոս քաղաքականության մասին զեկույց: Բացի այդ, նստաշրջանի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին բաժանվել են ռեժիսոր Տիգրան Կարապետյանի «Ջուղա» վավերագրական ֆիլմի կրկնօրինակները: Գ. Գյուրջյանի խոսքով, դրական արդյունք կարելի է համարել նաև այն, որ հայկական կողմի զեկույցից հետո նորաստեղծ «Ազգային թրաստեր» միջազգային կազմակերպությունը (INTO), որի մեջ ընդգրկված է 12 երկիր, որոշել է պատմամշակությաին հուշարձանների ոչնչացումը գնահատել որպես մարդկության դեմ հանցագործություն: Այսպիսով`արդեն բարբարոսության փաստերի նկատմամբ միջազգային փորձագետների ավելի լուրջ ուշադրության նախադրյալներ կան: