Թրաֆիկինգ կազմակերպողներն էլ են կանայք, տուժողներն էլ

«Մարդկանց առեւտուր-շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը,
փոխանցելը, թաքցնելը կամ ստանալու ուժի սպառնալիքով կամ դրա կամ հարկադրանքի այլ

միջոցների կիրառման, առեւանգման, խարդախության, խաբեության, իշխանության կամ վիճակի
խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի
համաձայնությունը ստանալու համար վճարումների կամ շահերի ձեւով կաշառելու
ճանապարհով: Շահագործումը նվազագույնը ներառում է այլ անձանց սեքսուալ
շահագործումը` մարմնավաճառություն եւ այլն, հարկադիր աշխատանքը կամ
ծառայությունները, ստրկությունը կամ ստրկության համանման երեւույթները, անազատ
վիճակը կամ մարմնի մասերը կորզելը»:

Միավորված ազգերի կազմակերպության «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ
պայքարի կոնվենցիայի» լրացում «Մարդկանց, հատկապես կանանց եւ երեխաների առեւտրի
կանխարգելման, արգելման եւ պատժի մասին» արձանագրություն


Մարդկանց առեւտուրը հատկապես մեծ ու ահագնացող ծավալներ է ստացել 20-րդ դարի
վերջում, 21-րդ դարի սկզբում: Այսօր աշխարհում ապրում է մոտ 30 միլիոն սրտուկ:
Ավելին. ման մարդկության պատմության որեւէ ժամանակաշրջանում: Թրաֆիկինգի զոհ են
դառնում հատկապես աղքատ երկրների բնակիչները: Հայաստանը, իր երկնիշ տնտեսական աճով
առայժմ չի հասել այն մակարդակին, որ ՀՀ քաղաքացիները չգայթակղվեն օտար ափերում
պայծառտ ապագայով: Հայաստանը ԱՄՆ պետքարտուղարության թրաֆիկինգի մասին
զեկույցներում առաջին անգամ հայտնվել է 2002 թվականին: Դրանից հետո այս, մեղմ ասած,
անցանկալի երեւույթի դեմ պայքարի հարթությունում բավականին աշխատանք է արվել: 2002
թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թրաֆիկինգի դեմ պայքարի միջգերատեսչական
հանձնաժողով: Այս հանձնաժողովի մշակած 2004-2006 գործողությունների ծրագրով
կազմակերպվել են ուսուցողական արշավներ, սեմինարներ: Աշխատանքներ են տարվել
թրաֆիկինգի կանխարգելման ներպետական կարողությունների հզորացման, իրավապահ
մարմինների կարողությունների զարգացման ուղղությամբ: Այժմ վերջնական տեսքի է
բերվում առաջիկա տարիների համար նախատեսված ծրագիրը: ՀՀ ոստիկանությունում, ազգային
անվտանգության ծառայությունում, դատախազությունում ստեղծվել են թրաֆիկինգի գործերով
զբաղվող ստորաբաժանումներ, նոր քրեական օրենսգրքով խստացվել է թրաֆիկինգի համար
սահմանված պատիժը: Պետական եւ միջազգային կառույցներին թրաֆիկինգի դեմ պայքարում
օգնում են հասարակական կազմակերպությունները: «Հույս եւ օգնություն» եւ ԱՄՔՈՐ
կազմակերպությունները հիմնել են մեկական ապաստարան, որտեղ թրաֆիկինգից տուժածներին
ցուցաբերվում է համակողմանի օգնություն` իրավական խորհրդատվությունից մինչեւ
առողջապահական օգնություն: Բացվել է թեժ հեռախոսագիծ:

Սրանով հանդերձ թրաֆիկինգը եթե ամբողջությամբ չվերացնելու, գոնե նվազագույնի
հասցնելու մասին դեռ պիտի երազենք: Ցավոք, շատ հաճախ հենց թրաֆիկինգից տոժածներն են
նախընտրում տեղի ունեցածի մասին լռել: 2003-2006 հատվածում ընդամենը 87 անձ է
համաձայնել ստանալ որակյալ մասնագետների օգնությունը: Ըստ այդ մասնագետների, այստեղ
դեր է խաղում մեր հասարակության ավանդապաշտությունը: Թրաֆիկինգից տուժածների 80
տոկոսը ենթարկվում է սեռական շահագործման եւ հայ կինը ավելի շուտ եւ առանց
վարանելու հրաժարվում է մասնագետի օգնությունից, քան համաձայնում իր գլխին եկածի
մասին պատմել:

Հայաստանը թրաֆիկինգի համար հիմնականում ծագման երկիր է: Հայաստանի քաղաքացիներին
հիմնականում տեղափոխում են արաբական երկրներ (առավելապես Արաբական միացյալ
էմիրություններ) եւ Թուրքիա. մարմնավաճառությամբ զբաղվելու: Շատ հաճախ ՀՀ
քաղաքացիներին հարավ են տեղափոխում հյուսիսով` Ռուսաստանով: Երբեմն Հայաստանի
տարածքը օգտագործվում է որպես թրաֆիկինգի համար տարանցիկ ճանապարհ: Վերջերս,
սակայն, արձանագրվել են դեպքեր, երբ Հայաստանը թրաֆիկինգի համար նպատակակետ`
վերջնական հանգրվան երկիր է եղել: Այլ խոսքով, Հայաստանում աճում է թրաֆիկինգի
ենթարկված անձանց ծառայությունների պահանջարկը, ինչը առավել քան մտահոգիչ է: Ստորեւ
բերվող թվերը շատ ավելի վառ եւ տեսանելի կդարձնեն թրաֆիկինգի պատկերը Հայաստանում:

Ինչպես ասվեց, թրաֆիկինգից տուժածների 80 տոկոսը ենթարկվում է սեռական շահագործման:
Սրա տրամաբանական շարունակությունն է այն, որ թրաֆիկինգից տուժածների գերակշիռ մաս
տառապում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանություններով, կամ ունենում
գինեկոլոգիական բարդություններ: Եվ թրաֆիկինգ կազմակերպողների` մարդկանց
հավաքագրողների եւ թրաֆիկինգից տուժածների մեծ մասը կանայք են: 2004 թվականին երկու
տղամարդ եւ 31 կին է ենթարկվել թրաֆիկինգի: 2005-ին` 1 տղամարդ, 20 կին: 2006-ին` 6
տղամարդ, 24 կին: 2007-ին` վեց կին: Տուժածների մեծ մասը` 44 տոկոսը 18-24 տարեկան
է: Այս կանանց 46 տոկոսը ամուսնալուծված են: Հավաքագրողների 72 տոկոսն է կին: Ի
դեպ, թրաֆիկինիգ արձանագրված դեպքերի 61 տոկոսի պարագայում հավաքագրողը եղել է
տուժածի ընկերը: Թեժ գծով էլ զանգահարում են առավելապես կանայք. գրանցված 3700
զանգահարողից 2100-ը կանայք են եղել` հիմնականում 30-50 տարեկան: Թեժ գծով
զանգահարողները հիմնականում աշխատանք են խնդրում, հետո` տեղեկատվություն, իրավական
խորհրդատվություն: Եղել են նաեւ թրաֆիկինգը կանխելու վերաբերյալ ահազանգեր: Ինչպես
եւ կարելի է ենթադրել, թրաֆիկինիգց տուժածների գերակշիռ մասը` 41 տոկոսը եւ
զանգահարողների մեծ մասը` 74 տոկոս Երեւանից են: