ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
1. Դեռևս նախընտրական քարոզչության ընթացքում, տարբեր քաղաքական ուժերի հրապարակային գործունեությունը հանգեցրեց հասարակությունում անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, ինչպես նաև Պաշտպանի հանդուրժողականության կոչերը, ցավոք սրտի, մնացին անարձագանք: Ավելին, անհանդուրժողականության մթնոլորտը մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո վերաճեց փոխադարձ ատելության:
2. Մարտի 1-ի իրադարձությունները սկսեցին Ազատության հրապարակում խաղաղ նստացույցը բռնի կերպով դադարեցնելուց: Ըստ պաշտոնական մոտեցման` Ազատության հրապարակում զենքի կուտակում է եղել, իսկ ոստիկանները փորձել են ընդամենը խուզարկել և կատաղի դիմադրություն են ստացել:
Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ իշխանությունները պետք է պատասխանեն որոշակի հարցերի: Մասնավորապես, ո՞վ, ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է որոշում կայացրել խաղաղ նստացույցը մարտի 1-ի վաղ առավոտյան ուժի գործադրմամբ հարկադիր դադարեցնելու վերաբերյալ, արդյոք նստացույցի մասնակիցներին ներկայացվել է խուզարկություն իրականացնելու հրապարակային պահանջ և արդյոք քաղաքացիները հրաժարվել կամ դիմադրություն են ցուցաբերել, արդյոք ուժի կիրառումը համարժեք է եղել ստեղծված իրավիճակին:
Վերոհիշյալ հարցադրումները պայմանավորված են ցուցարարների այն հայտարարությամբ, որ վաղ առավոտյան առանց նախազգուշացման նրանք ենթարկվել են հարձակման և դաժան ծեծի: Մեզ համար դժվար է իրականությունը բացահայտել, բայց մեկ հարց մնում է անպատասխան: Ինչն էր պատճառը, որ Ոստիկանությունը խոչընդոտեց լրագրողների մասնագիտական գործունեության իրականացմանը, ինչը հնարավորություն կընձեռեր ստանալ լիարժեք և անաչառ տեղեկատվություն: Իսկ այն, որ իրենց լրագրողական գործունեությանը խոչընդոտել են, պաշտոնապես հայտարարել են "Երկիր Մեդիա" և "ԱԼՄ" հեռուստաընկերությունները:
3. Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված մարդիկ մեր հասարակության մի մասն են, նրանք ավազակներ և թալանչիներ չեն, այլ` իրավապահ մարմինների կողմից, իրենց պատկերացմամբ, ապօրինաբար բռնության ենթարկված ՀՀ քաղաքացիներ:
Ոստիկանությունը առաջարկել է երթ կազմակերպել և Մատենադարանի մոտ հանրահավաք անցկացնել: Ինչն էր պատճառը, որ մարդիկ, ովքեր կարող էին ուղղորդել ցուցարարներին, չարեցին դա, այլ վերջին պահին հայտարարեցին, որ ցուցարարները իրենց չեն ենթարկվում: Վերջին հաշվով ինչով էր պայմանավորված ցուցարարների անհամաձայնությունը թե իրավապահների, թե Լեվոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչներ հետ: Գուցե, դրա պատճառը հենց առավոտյան տեղի ունեցած իրադարձություններն էին: Թերևս այդ անհամաձայնության հետևանքն էր, որ եղան բազմաթիվ վիրավորներ և 8 զոհեր:
Պաշտպանն իր խորը վշտակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:
4. Ներկայումս առնվազն տարակուսանք է առաջացնում որոշ ԶԼՄ-ների, առավելապես հեռուստաընկերությունների` ատելության մթնոլորտի շիկացմանն ուղղված գործունեությունը: Մասնավոապես, հեռուստատեսության եթերից շարունակաբար հնչում են իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները բացառապես ցուցարարների շարքից մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, պատժելու վերաբերյալ: Ինչու չի քննարկվում իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից հնարավոր ապօրինությունների և նրանց պատասխանության ենթարկելու հարցը:
5. ՀՀ Նախագահի "Արտակարգ դրություն հայտարարելու մասին" 01.03.2008թ. հրամանագրով սահմանվել են Երևան քաղաքում մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների մի շարք ահմանափակումներ:
Այսպես, Հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում: Մինչդեռ Պաշտպանի կողմից ստացված տեղեկատվության համաձայն` "Ա1+", "Պանարամա", "Լրագիր" տեղեկատվական ինտերնետային կայքերի գործունեությունը դադարեցվել է: Այս կապակցությամբ, ԱԱԾ ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել է, որ այդպիսի ծայրահեղ միջոց ձեռնարկելու պատճառը` համապատասխան տեղեկատվական ինտերնետային կայքերի պրովայդերների հանրապետությունից դուրս գտնվելն է: Վերջիններս, ըստ ԱԱԾ ղեկավարի հայտնած տվյալների, զգուշացվել են Նախագահի հրամանագրով նախատեսված սահմանափակումների մասին, սակայն հրաժարվել են պահպանել դրանք` պատճառաբանելով, որ իրենք գտնվում են սեփական պետության օրենսդրության գործողության ներքո:
ՀՀ Նախագահի վերոնշյալ հրամանագրի 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսվել է իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակման և զննության իրականացման հնարավորություն: Պաշտպանի կողմից ստացված դիմում-բողոքները վկայում են այն մասին, որ մեջբերված դրույթին տարածական մեկնաբանություն տալու հետևանքով անհամաչափ սահմանափակվում է, մասնավորապես, Երևան քաղաք մուտք գործելու քաղաքացիների իրավունքը:
Բացի այդ, Պաշտպանի գրասենյակ ստացվում են հաղորդումներ քաղաքացիների զանգվածային ձերբակալումների և ոստիկանության բաժանմունքներ նրանց բերման ենթարկելու վերաբերյալ, ինչը, ըստ դիմումատուների, զուգորդվում է քրեադատավարական նորմերի խախտումներով: Այս հարցի կապակցությամբ Պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի հետ, որը պատրաստակամություն է հայտնել Պաշտպանի գրասենյակ ներկայացնել բոլոր ձերբակալված անձանց ցուցակը:
Այդուհանդերձ, իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչներ խոչընդոտներ են ստեղծում Պաշտպանի կողմից իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար: Այսպես, նման դեպք է տեղի ունեցել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքում:
6. Մեր կարծիքով, ստեղծված իրավիճակը պայմանավորված է կոշտ կառավարման համակարգով, իշխանության գերկենտրոնացմամբ, հակակշիռների ձեվական բնույթով, սոցիալական և տնտեսական բևեռացմամբ, բիզնեսի և իշխանության միահյուսմամբ, իշխանության նկատմամբ հասարակության վերահսկողության բացակայությամբ, քաղաքացիական ազատությունների ոչ լիարժեք լինելով: Այսինքն, սա այն իրավիճակն է, որի կապակցությամբ ես, որպես Մարդու իրավունքների պաշտպան, բազմաթիվ անգամ նշել եմ` մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ունենք համակարգային խնդիրներ: Այս ամենը բերել է նրան, որ հասարակության մի ստվար զանգված իրեն օտարված է զգում իշխանությունից, տոտալ անվստահություն ունի հանրային ինստիտուտների, ընտրական մեխանիզմների, արդարադատության և ԶԼՄ-ների նկատմամբ:
Քաղաքական ուժերի մի հատված փորձեց օգտվել ստեղծված իրավիճակից և այն օգտագործել իր նեղ քաղաքական շահերի համար` գնալով ոչ թե երկխոսության, այլ` առճակատման ճանապարհով: Ձևավորված իրավիճակում, իհարկե, մեղքի իրենց բաժինն ունեն նաև իշխանությունները:
Այս իրավիճակի լուծման երկու ճանապարհ կա` ոչ իրավական` փակուղային և իրավական: Փակուղայինը կլինի, եթե քաղաքական դաշտը ամայացվի և տոտալ վախի մթնոլորտ ձևավորվի: Մյուս ճանապարհը` իրոք հիմնվել ժողովրդավարության մեխանիզմների վրա, անկյունաքար վերցնել մարդու իրավունքները` որպես բարձրագույն արժեք և գնալ երկխոսության և համագործակցության ճանապարհով:
Հուսադրող է, որ հենց այս ճանապարհին է նախապատվություն տվել նորընտիր նախագահը: Դա ցույց է տալիս, որ նոր ձևավորվող իշխանությունը փորձում է գնալ իրավական ճանապարհով: Հատկանշական է, որ համագործակցության առաջարկ է անում մի քաղաքական առաջնորդ, որի գլխավորած քաղաքական ուժը Ազգային ժողովում մեծամասնություն է կազմում:
Համոզված եմ, որ նույնիսկ այս իրավիճակում դեռևս չեն սպառվել երկխոսության և խնդրի քաղաքական ճանապարհով խաղաղ լուծման հնարավորությունները:
