Արդյո՞ք Հայաստանում վերացել է արտակարգ դրությունը

Այս
հոդվածը անգլերեն



Այս հոդվածը
ռուսերեն

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի դադարեցման առաջին իսկ օրը ցույց տվեց, որ
երկրում քիչ բան է փոխվել։ Չնայած այն բանի, որ ընդդիմադիր մամուլը սովորական
ռեժիմով աշխատելու հնարավորություն է ստացել, արտակարգ դրության վերջին օրերին ՀՀ
Ազգային ժողովի կողմից ընդունված «Հանրահավաքների եւ երթերի մասին օրենք»–ում
լրացումները նոր հնարավորություն են ստեղծել առկա մթնոլորտն անփոփոխ պահպանելու
համար։

Հանրահավաքների եւ երթերի փաստացի արգելքն, ընդդիմության աջակիցների շարունակվող
կալանավորումների եւ ձերբակալությունների պարագայում, միայն նպաստեցին բողոքող
քաղաքացիների եւ իրավապահ մարմինների առճակատման նոր ալիքի բարձրացմանը։ Սա ակնհայտ
դարձավ մարտի 21–ին, երբ ոստիկանությունն ընդհարվեց բողոքի լուռ շարքի մասնակիցների
հետ Երեւանի կենտրոնում։ Երեւանի կենտրոնը նորից լցվեց վահաններով եւ մահակներով
զինված ոստիկաններով, իսկ միջոցառման մասնակիցներից շատերը հայտնվեցին ոստիկանական
բաժիններում։

Մարտի 1–ի իրադարձությունների եւ ընդդիմադիրների ու հանրահավաքների մասնակիցների
հանդեպ հետագա բռնությունների /ընդդիմության տվյալների համաձայն, հարյուրավոր
քաղաքացիներ ենթարկվում են հարցաքննությունների եւ տուգանքների/ մասին պատմող
բազմաթիվ հրապարակումները սաստկացնում են հասարակության բողոքը։ Իրենց լուման այս
գործընթացում ներ են դրել նաեւ իշխանամետ հեռուստաալիքները, որոնք շարունակում են
ինֆորմացիոն հալածանքն ընդդիմադիրների եւ հանրահավաքների մասնակիցների հանդեպ։

Անկասկած, երկրի իշխանությունները հասարակության մեջ նկատում են այս միտումները։
Նկատելի է, որ նրանց հատկապես անհանգստացնում է իրավիճակը Հայաստանի մարզերում,
որտեղ քաղաքացիների ակտիվությունը յուրահատուկ ձեւ է ստանում։ Որպես օրինակ կարող է
ծառայել «Գալա» հեռուստաալիքի օգտին կազմակերպված զանգվածային ակցիան Գյումրիում,
ուր բնակչությունն անցած մի քանի օրերի ընթացքում կազմակերպել էր դրամահավաք՝ այդ
կամակոր ինֆո–ստրուկտուրան փակելու իշխանությունների փորձը կանխելու նպատակով։ Այդ
նպատակով կազմակերպված հեռուստամարաթոնը, փաստորեն, վերածվեց իշխանությունների դեմ
ուղղված բողոքի զանգվածային ակցիայի։ Ակնհայտ դարձավ, որ քաղաքացիները մտադրված չեն
համակերպվելու հետընտրական բռնությունների հետ։

Պետք էր ակնկալել, որ ընդդիմության հետ բանակցություններ վարելու մտադրություն
չունեցող Հայաստանի իշխանությունները կփորձեն իրենց աջակցող լրացուցիչ ռեսուրսներ
փնտրել։ Դա արտահայտվեց երկու կարեւորագույն քաղաքական գործողությունների միջոցով։
Առաջինը՝ մարտի 21–ին շտապ կերպով ձեւավորվեց նոր իշխանամետ կոալիցիա, որը բաղկացած
էր չորս խորհրդարանական կուսակցություններից /Հանրապետական, Բարգավաճ Հայաստան,
Օրինաց երկիր եւ Դաշնակցություն/։ Անկասկած, գործող եւ նորընտիր նախագահին
անհրաժեշտ էր քաղաքական աջակցություն երկրի ներսում՝ շարունակվող ներքաղաքական
ճգնաժամը կարգավորելու համար։ Այս նպատակով ոչ մի նոր բան չստեղծվեց՝ առաջարկվեց
իշխանության բաժանում բոլոր ցանկացողներին։

Երկրորդը՝ վարչապետ Սերժ Սարգսյանը կատարեց իր առաջին հետընտրական այցը Ռուսաստանի
ղեկավարությանը։ Այդ դեպքում էլ անկասկած կարեւորը աջակցություն ստանալն էր։ Դա
ակնհայտ էր Մոսկվայում Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունից, այն մասին,
որ Հայաստանը «կարիք ունի հետագայում էլ զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի
հետ», «Մենք միշտ կարեւորել ենք ձեր օգնությունը նաեւ նախընտրական գործընթացում»։

Որքանով էր նման հայտարարությունն էթիկական եւ տեղին, դժվար է ասել։ Սակայն այն, որ
Ռուսաստանի ղեկավարությունը ոչ մի կերպ չէր ցանկանա կիսել Հայաստանում վերջին
ներքաղաքական իրադարձությունների պատասխանատվությունը, երեւում է Ռուսաստանի գործող
նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերից. «Ես գիտեմ, որ Հայաստանի քաղաքական
գործընթացները բարդ են։ Սակայն մենք ակնկալում ենք, որ անկախ Հայաստանի
ներքաղաքական զարգացումներից, այն ամենը, որ ձեռք է բերվել նախորդ տարիների
ընթացքում, կպահպանվի եւ զարգացում կունենա ապագայում»։ Անզեն աչքով էլ երեւում է,
որ Ռուսաստանի ղեկավարությունը խորհուրդ է տվել իր հայ գործընկերոջն ինքնուրույն
լուծել հարցերը իր տան մեջ։

Այլ բան չէր էլ կարելի սպասել այն պայմաններում, որոնք ստեղծվել են Հայաստանի շուրջ
միջազգային ոլորտում։ Ռուսաստանը հազիվ թե լուրջ է գնահատում Հայաստանի ներսում
Սերժ Սարգսյանին աջակցության աստիճանը։ Նոր կոալիցիայի քաղաքական կշիռը կասկածելի
է, եթե հաշվի առնել, որ վարչապետին աջակցող չորս կուսակցություններից երեքը վերջին
խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին ձայներ են հավաքել ընդդիմադիր
հայտարարությունների հաշվին։ Ավելին, ակամայից միակ ընդդիմադիր առաջնորդ դարձած
առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանը չի ցուցաբերում ստեղծված իրողության հետ
համակերպվելու պատրաստակամություն։

Եթե հաշվի առնել նաեւ այն, որ արեւմտյան հանրությունը, առաջին հերթին ԱՄՆ–ն,
շարունակում են խստացնել իրենց դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, չմոռանալով նաեւ
հայ–ռուսական հարաբերությունների ոլորտը, ապա դժվար թե Ռուսաստանը բաց առճակատման
գնա միջազգային հանրության հետ հանուն Հայաստանի ղեկավարության խնդիրների։
Նամանավանդ, որ նման առճակատումը պետք չէ Ռուսաստանին նաեւ Հայաստանի հասարակության
հետ։ Առանց այն էլ, Ռուսաստանի չհայտարարված աջակցությունը Հայաստանի
իշխանություններին վերջերս ազդեցություն է ունեցել «ավագ եղբոր» հանդեպ հայ
հասարակության համակրանքի վրա։

Այսպես թե այնպես, նույն արտաքին քաղաքական պայմանները ստեղծել են տարբեր խնդիրներ
եւ տարբեր ռեսուրսներ Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության համար։
Արդյունքում, յուրաքանչյուր կողմ յուրովի է օգտագործում այդ պայմանները։ Նրանց
մտադրությունների ընդհանրությունը կայանում է նրանում, որ արտաքին գործոնները
առաջին հերթին օգտագործվում են երկրի ներսում աջակիցներին մոբիլիզացնելու համար։
Սակայն, արտաքին խնդիրները բավականին ծանրակշիռ են եւ կարող են գերազանցել
ներքիններին։ Անկասկած, Հայաստանի ներքին խնդիրները լուրջ միջազգային իմաստ են
ստացել։ Եվ հնարավոր է Հայաստանում առաջին անգամ Ռուսաստանի գործոնը երկրորդական է
թվում՝ չափազանց սկզբունքային եւ համապարփակ է արեւմտյան գերտերությունների
դիրքորոշումը։

Այն, որ ԱՄՆ–ն ամենայն լրջությամբ է վերաբերվում Հայաստանի ղեկավարության հետ իր
հարաբերությունների հեռանկարներին, երեւում է ոչ միայն Սերժ Սարգսյանի հասցեին
ուղղված շնորհավորանքների բացակայության փաստից, այլ նաեւ հաճախակի դարձած
խոսակցություններից այն բանի մասին, որ մտադրություն կա պատժամիջոցներ կիրառել
Հայաստանի հանդեպ։ Այդուհանդերձ, դժգոհություններ են առաջադրվում Հայաստանում առկա
բոլոր քաղաքական խնդիրների կապակցությամբ։ Եթե նույնիսկ մի կողմ դնել արդեն իսկ
հնչած ամերիկյան պաշտոնյաների զգուշացումները, որոնք տարածվել են մարտի 18–ին «Stratfor»
հայտնի կենտրոնի կողմից, ինչը այդ մտադրությունների լրջության կարեւոր նշան է։ Այս
կարծիքը հետաքրքրական է հայ–ռուսական հարաբերությունների կոնտեքստում։

Դրանում կարելի է համոզվել՝ ծանոթանալով հետեւյալ հատվածին. «...Ներկա իրավիճակում
Ռուսաստանը շահագրգռված է իրավիճակի էսկալացիայի մեջ /Լեռնային Ղարաբաղում/։
Մոսկվան հասկանում է, որ Արեւմուտքը, մասնավորապես ԱՄՆ–ն, Հայաստանի եւ Ադրբեջանի
միջեւ ռազմական գործողությունների վերսկսման կողմնակից չեն։ ...Իր հերթին, ԱՄՆ–ն
օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները՝ էսկալացիան կանխելու համար։ Նրանք կարող
են պատժամիջոցներ կիրառել, նույնիսկ քաղաքական ճնշում կիրառել։ ԱՄՆ–ն մի քանի
միջոցներ ունի դրա համար... Հայաստանում ներքաղաքական իրավիճակի սրացումը եւ այն,
որ երկու կողմերը սկսել են մտածել պատերազմի մասին, օրակարգ է ետ բերել Երեւանի դեմ
պատժամիջոցների կիրառման հարցը։ Վաշինգտոնի կարծիքով, Հայաստանի դեմ պատժամիջոցների
կիրառումը, հաշվի առնելով, որ վերջինս անհամեմատ աղքատ է հարեւան Ադրբեջանի համեմատ,
մի փաստարկ է, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ։ ...Սպիտակ Տունը հատկապես
անհանգստացած է Ռուսաստանի վերահսկման տակ տարածաշրջանի անցումով եւ Հայաստանին
ավելի շատ դրամական միջոց տալով՝ ձգտում է վերադարձնել նրան։ ...Ամերիկացիները
սպասում են, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Դրանից հետո նրանք կամ
պատժամիջոցներ կմտցնեն՝ կրճատելով օգնությունը, կամ էլ հակառակը, կավելացնեն այն։
Ամեն ինչ կախված է հայկական պետության պատասխանից, Ադրբեջանի հանդեպ ագրեսիայի
դադարեցումից եւ երկրի արեւմտյան ուղղվածությունից»։

Մարտի 1–ի իրադարձությունների հետաքննության խնդրի առջեւ կանգնած Հայաստանի
ղեկավարությունը ստիպված է հաշվի նստել վերոհիշյալ արտաքին քաղաքական գործոնների
հետ։ Երկրի ներսում Հայաստանի ընդդիմությունը պահանջում է միջազգային
հետաքննություն, ինչպես նաև չեղյալ համարել ընտրությունների արդյունքները։
Միջազգային հանրությունը, փաստորեն, կասկածում է, որ Հայաստանի ղեկավարությունը
մտադիր է վերսկսել ռազմական գործողություններն Ադրբեջանի հետ՝ ուշադրությունը
ներքին իրավիճակից շեղելու համար։

Իրավիճակը իհարկե բարդ է։ Ընդդիմադիր շարժումը ճնշելու Հայաստանի իշխանությունների
շարունակվող ուղղությունն այդ պարագայում միայն բարդացնում է իրավիճակը։ Ենթադրել,
որ իշխանությունները կարող են վերանայել իրենց մոտեցումներն այդ ճգնաժամի
կարգավորման վերաբերյալ, առայժմ չի կարելի։ Համենայնդեպս, նման գնահատականների
նախապայման չկա։ Հնարավոր է, հույսեր կան նորաստեղծ կոալիցիայի արդյունավետության
վերաբերյալ։ Չնայած այդ նոր իշխանամետ կոալիցիայի ճակատագիրը միանշանակ չէ՝
չափազանց տարբեր են այդ կոալիցիան կազմող ուժերի մոտեցումները, եւ չափազանց
միանշանակ չեն կուսակցությունների անդամների կարծիքները։ Սակայն մի բան պարզ է՝ այս
ձեւաչափին ապավինող Հայաստանի ղեկավարությունը դժվար վերանայի իր ուղղությունը։