ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Human Rights Watch. «Սերժ Սարգսյանը պետք է վերականգնի մարդու իրավունքները»
Ապրիլի 9-ին իր պաշտոնամուտից հետո Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հետաքննի անցած ամսվա բռնությունները եւ այլ վճռական քայլեր ձեռնարկի երկրում
մարդու իրավունքների ոլորտում առկա ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Նման կարծիք
է երեկ հայտնել Human Rights
Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Կազմակերպությունը Հայաստանի միջազգային գործընկերներին կոչ է արել օգնել
Հայաստանին` կատարելու իր միջազգային պարտավորությունները եւ կանգնելու
ժողովրդավարական զարգացման ճանապարհին:
«Հայաստանի նոր ղեկավարի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած», - հայտարարել է
Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հոլի Քարթները: -
«Նա պետք է վճռական քայլեր ձեռնարկի` հետաքննելու ոստիկանության կողմից անհամարժեք
ուժի գործադրումը եւ վերացնելու հավաքների ազատության սահմանափակումները»:
«Սա Հայաստանի խաթարված իմիջը վերականգնելու հնարավորություն է, եւ Սարգսյանը չպետք
է բաց թողնի այն», - ընդգծել է Քարթները:
Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված ճգնաժամի հաղթահարման նպատակով Human
Rights Watch-ը, մասնավորապես, առաջարկում է` հետաքննել մարտի 1-ի
իրադարձություների ընթացքում ոստիկանության կողմից անհամարժեք ուժի գործադրման
մասին պնդումները; ապահովել այդ հետաքննության համապատասխանությունը Մարդու
իրավունքների եվրոպական կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորություններին;
դադարեցնել կամայական ձերբակալությունները եւ բոլոր ձերբակալվածների համար
երաշխավորել ընթացակարգային բոլոր իրավունքները; քննել ձերբակալությունների ժամանակ
եւ ոստիկանության բաժիններում վատ վերաբերմունքի մասին բոլոր պնդումները եւ ազատ
արձակել ապօրինի ցույցերին ենթադրյալ մասնակցության համար կամայականորեն
ձերբակալվածներին; վերացնել հավաքների լայնածավալ սահմանափակումները` չեղյալ
համարելով հավաքների մասին օրենքում կատարված փոփոխությունները, այդ օրենքը
համապատասխանեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ առաջնորդվել
Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ
մարդու իրավունքների գրասենյակի կողմից համատեղ արված առաջարկներով; դադարեցնել
մամուլի եւ ընդդիմության կողմնակիցների հետապնդումները, այդ թվում
ձերբակալությունները, պարբերական հարցաքննությունները, աշխատանքից ազատելը եւ
հարկային աուդիտը որպես ճնշման քաղաքական գործիք օգտագործելը:
Իրավապաշտպան կազմակերպությունը գտնում է, որ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը
եւ Հայաստանի մյուս միջազգային գործընկերները պետք է հստակ ուղենիշներ առաջադրեն
երկրի նոր ղեկավարությանը` «ձեռնարկելով վերոհիշյալ քայլերը որպես ապագա համագործակցության եւ օժանդակության նախապայմաններ»:
