Դատախազությունը պատասխաններ չունի

Երեւանի Կենտրոն եւ Նորք–Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Լեւոն Գուլյանի իրավահաջորդ Աշոտ Գուլյանի ներկայացուցիչների բողոքը քրեական վարույթը կարճելու մասին դատախազության որոշման դեմ։ Դատական նիստը սակայն հետաձգվել է։ Լեւոն Գուլյանի իրավահաջորդ Աշոտ Գուլյանի ներկայացուցիչները հավաստի տեղեկություններ ունեն, թե դատախազությունը, որ պարտավոր էր ժամանակին գործը ներկայացնել դատարան, չի արել. «դատախազությունը հերթական անգամ չի կատարել իր պարտականությունը եւ դատավորը հնարավորություն չի ունեցել ծանոթանալ գործին»։

Հիշեցնենք, որ Լեւոն Գուլյանը 2007 թվականի մայիսի 12-ին որպես վկա հրավիրվել է ոստիկանություն, որից հետո հարազատներին ասել են, որ նա փախուստի փորձ կատարելիս ընկել է երկրորդ հարկից ու մահացել։ Ոստիկանությունը կարճել էր Լեւոն Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով, այս որոշման դեմ Գլխավոր դատախազին ուղղված բողոքը մերժվել է։ Հենց այս որոշման դեմ էլ դատարան բողոք են ներկայացրել Լեւոն Գուլյանի իրավահաջորդ Աշոտ Գուլյանի ներկայացուցիչները։ Նրանք մասնավորաբար ցանկանում էին պարզել, թե ում ցուցումով է Լեւոն Գուլյանը մայիսի 12-ին տարվել ոստիկանություն։ Այս հարցին իրավապահներից ոչ ոք պատասխան չտվեց։ Բայց դատախազության ներկայացուցիչ Զելիմ Թադեւոսյանը բողոքը մերժել է ասելով, որ ոստիկանների գործողությունները հիմնված են «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքի վրա, սա այն դեպքում, երբ այն պահին նման օրենք Հայաստանում չի եղել։ Փաստաբանների այս դիտարկմանն ի պատասխան, դատախազության ներկայացուցիչը ասել է՝ ես նկատի եմ ունեցել «Ոստիկանության մասին» օրենքը։ Բայց դատախազը չի կարող չիմանալ այդ օրենքների տարբերությունը եւ բացի դրանից, «Ոստիկանության մասին» օրենքում չկան նման սահմանումներ։ Լեւոն Գուլյանի իրավահաջորդների փաստաբան Արամ Կարախանյանի կարծիքով, դատախազությունն ու ոստիկանությունը «փորձում են նկարչություն անել, ստեղծել մի բան, որ չկա»։

Ինչպես նշում է Արամ Կարախանյանը, դատարանում դատախազության ներկայացուցիչ Պետրոսյանը ընդունեց, որ ոստիկանությունում գնտվող անձի կյանքի եւ անվտանգության համար պատասխանատու է ոստիկանությունը։ «Ինչու պետք է վկան փորձեր փախնել ոստիկանությունից, եթե չի փորձել փախնել՝ նրա նկատմամբ բռնություն են կիրառել կամ դիտավորությամբ մահ են պատճառել։ Բոլոր մեկնաբանությունները ի վնաս իրենց են», ասաց Արամ Կարախանյանը։