ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ետընտրական արեւմտյան մոտեցումները
Ապրիլի կեսին միաժամանակ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում քննարկվեցին Հայաստանում ետընտրական գործընթացները։ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը եւ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը լուրջ քննադատության ենթարկեցին Հայաստանի իշխանություններին։
Ապրիլի 17-ին ընդունվեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» ԵԽԽՎ զեկույցը` 93 կողմ, 8-ական դեմ եւ ձեռնպահ ձայներով:
Զեկույցը, որ համահեղինակել են ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն, հորդորում է Հայաստանին վերջ դնել ներկա ճգնաժամին եւ իրականացնել հետեւյալ հրատապ բարեփոխումները. անցկացնել անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննություն մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, հանել ընտրություններից հետո ձերբակալված ընդդիմադիրներին եւ նրանց կողմնակիցներին այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացված բոլոր մեղադրանքները` եթե այդ մարդիկ հանցանք չեն կատարել, ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր ձերբակալվել են ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով, անհապաղ փոխել հանրահավաքների, երթերի, ցույցերի մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունները, որոնք հակասում են եվրոպական չափանիշներին: Որպես հնարավոր պատժամիջոց նշվեց Հայաստանին ԵԽԽՎ–ում ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը։
Մյուս կողմից, ծայրահեղական ընդդիմությանը Եվրոպան հորդորեց ընդունել ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, իսկ անհամաձայնության դեպքում, բողոքարկել այն մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Նմանատիպ մոտեցումներ ձեւավորվեցին նաեւ ԱՄՆ–ում։ Որպես հիմնական մեղադրող այստեղ ընտրվել էր բոլորին հայտնի Մինսկի խմբի համանախագահ, փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան, որը ընտրություններից հետո ստանձնել է «չար ոստիկանի» դերը. «Մենք շարունակում ենք խստորեն քննադատել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը` ազատությունները սահմանափակելու առումով»։
Եվրոպական եւ ամերիկյան քննարկումները հայկական հասարակության համար ոչ մի նորություն չէին ներկայացնում։ Փաստացի, իշխանություններին ներկայացված բոլոր մեղադրանքները ակնհայտ են, եւ դժվար էր սպասել ուրիշ բանաձեւերի եւ արտահայտությունների։ Տարօրինակը այն է, որ Արեւմուտքի վերջին հայտարարությունները դժվար են համընկնում փետրվարյան ընտրություններին տրված գնահատականների հետ։ Դիտորդները հայտարարեցին, որ ընտրությունները հիմնականում համապատասխանում էին միջազգային չափանիշներին եւ դրան զուգահեռ արձանագրեցին բազմաթիվ կոպիտ խաղտումներ։ Նման մոտեցումը տեղիք տվեց մտածելու, որ քաղաքական շահերը գերիշխեցին տվյալ դեպքում իրական պատկերը ներկայացնելու նպատակահարմարությանը։
Տվյալ պահին որպես պատժամիջոց առաջարկված Հայաստանին ԵԽԽՎ–ում ձայնի իրավունքից զրկելը ոչ մի հարցի լուծում չէ. դա հասկանում են բոլորը։ Դա լավ հասկանում են ինչպես Ստրասբուրգում, այնպես էլ Երեւանում։ Այդ իսկ պատճառով էլ նման «վտանգը» գրեթե միշտ մնում է պարզապես սպառնալիք։ Եթե այն իրագործվեր, Ադրբեջանը, ուր, օրինակ, բանտերում են գտնվում գրեթե բոլոր լուրջ ընդդիմախոս լրագրողները, վաղուց զրկված կլիներ իր ձայնից։ Նմանապես կարելի է դատել Վաշինգտոնի կողմից հնարավոր մոտեցումների կոշտության մասին։ Առավել խիստ մոտեցումները պարզապես կբերեն Արեւմուտքի համար Հայաստանի կորստի՝ Երեւանին ավելի հեշտ կլինի լիովին կենտրոնանալ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։ Հատկապես, որ Մոսկվայում ուշադրություն չեն դարձնում այնպիսի գաղափարների վրա, ինչպիսիք են մարդու իրավունքները եւ նմանատիպ այլ բաները։
Հայաստանյան դեպքերը ակնհայտորեն ցույց տվեցին, որ միջազգային հանրությունը ամորֆ եւ խիստ քաղաքականացված համակարգ է։ Հատկապես, եվրոպական կառույցները չափազանց բազմատեսակ են։ Այսպես, ԵԽԽՎ–ում Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցությունը հերթական անգամ բերում է Հայաստանին վերաբերող հարցի շուրջ քննարկումների կարգավիճակի եւ ոճի անկման։
Սակայն պետք է նաեւ տեսնել տարբերությունը Ստրասբուրգի եւ Վաշինգտոնի մոտեցումների միջեւ։ Ի հակառակ եվրոպական կառույցների, ուր կարծիքների եւ մոտեցումների բազմազանությունը թույլ է տալիս յուրաքանչյուր հարց վերածել լղոզված կամ չիրականացվող բանաձեւերի, ամերիկյան մոտեցումները ցուցադրում են քաղաքական ռեալիստական մոտեցումներ։ Քննարկումների ընթացքը ցույց է տալիս, որ այստեղ պատրաստ չեն իրականությունը կորցնել դեմագոգիայի մեջ։ Ուրիշ հարց է, որ ԱՄՆ–ի մոտեցումները թելադրվում են քաղաքական նպատակահարմարությամբ։ Այսօրվա իրավիճակը, երբ Ռուսաստանը շարունակում է լինել գերիշխող ուժ ոչ միայն Հայաստանում, ուր դա անթաքույց է, այլ նաեւ ողջ Հարավային Կովկասում, պահանջում է Վաշինգտոնին չդիմել կտրուկ քայլերի։
Սպիտակ տունը միանշանակ ցույց տվեց հայաստանյան իշխանություններին, որ, չնայած կոշտ քննադատությանը, պատրաստ է շարունակել աշխատել Երեւանի հետ նպատակահարմար ուղղությամբ։ Իհարկե, եթե Հայաստանը պատրաստակամ է վերջին տարիներին նշմարված արեւմտյան կառույցների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությանը հավատարիմ մնալ։ Պարզ է, որ ԱՄՆ–ի համար տվյալ պահին ձեռնտու չեն խիստ քայլերը Հայաստանի իշխանությունների դեմ, քանի որ դա կարող է դրդել Երեւանին ավելի ռուսամետ քաղաքականություն վարել, քանի որ դեռ դրա համար պաշարներ մնացել են։ Մյուս կողմից, վերջին իրադարձությունները լավ պատրվակ են Հայաստանին չափավոր ճնշելու եւ խորացնելու Երեւանի կախվածությունը։
Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները Արեւմուտքից չափազանց մեծ ազդեցության տակ են հայտնվել։ Եվ հնարավորության դեպքում ձգտում են գնալ զիջումների։ Սա լավ երեւաց ցույցերի մասին օրենքում հապճեպ մտցրած փոփոխությունները արտահայտված քննադատություններից հետո նույն հապճեպությամբ ետ փոխելու պատրաստակամությամբ։
Այսպիսով, կարելի է սպասել, որ պաշտոնական Երեւանը կաշխատի հնարավորին գնալ արեւմտյան պահանջներին ընդառաջ՝ ձգտելով նվազագույնի հասցնել ներքաղաքական ճնշումները։ Առավելեւս, որ իշխանությունները չունեն կայացած կառույցներ, որոնք կարող են մտածված եւ շարունակական հակաժողովրդական գործընթացներ իրականացնել։ Հայաստանի ռեֆլեկտիվ արտաքին քաղաքականությունը բավականին լուրջ գործոն է Եվրոպայի եւ ԱՄՆ–ի համար, եւ Արեւմուտքը կցանկանա նույն ոճով փորձել պահել Երեւանը իր ազդեցության տակ մոտակա տարիներին։
Հայաստանի իրադարձությունները եւ դրանց արձագանքը Արեւմուտքում լուրջ անդրադարձ կունենան նաեւ Ադրբեջանում այս անշանը կայանալիք նախագահական ընտրությունների վրա։ Չնայած վերջին ներքաղաքական իրադարձությունների, ակնհայտ է, որ հարեւան հանրապետությունում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հետ կապված շատ ավելի վատ վիճակում է եւ այտեղ իշխանությունների ճնշումները շատ ավելի համակարգված են եւ մարտավարական բնույթ չեն կրում։ Մյուս կողմից, մինչեւ այս պահը Արեւմուտքը ձգտում էր հավասարակշիռ մոտեցումներ ցուցաբերել Երեւանի եւ Բաքվի հանդեպ։ Սակայն, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը եւ ներկա էներգետիկ շահերը տարածաշրջանում Ադրբեջանին դարձնում են ավելի խոցելի արտաքին ճնշման հանդեպ։ Չի բացառվում, որ մոտակա ապագայում մենք ականատես կդառնանք շատ ավելի կոշտ մոտեցումների ադրբեջանական իշխանությունների նկատմամբ։ Եվ Հայաստանի դեպքերից հետո ձեռք բերած փորձը կդառնա Արեւմուտքի համար նախադեպ եւ պատճառաբանություն հետագայում մյուս երկրների հանդեպ մոտեցումների փոփոխության համար։
