ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լեւոն Գուլյանի գործով քննությունը կվերսկսվի
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք–Մարաշ համայնքների ընդահուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, բավարարեց 2007 թվականի մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության շենքում մահացած Լեւոն Գուլյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչներ՝ Հրայր Ղուկասյանի եւ Արամ Կարախանյանի բողոքը, ինչը նշանակում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կվերսկսի Լեւոն Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։
Լեւոն Գուլյանը որպես վկա կանչվել է Ոստիկանության Շենգավիթի բաժին, հետո նրան տեղափոխել են ՀՀ ոստիկանության շենք, ուր եւ նա մահացել է։ Ըստ ոստիկանության, նա փախուստի փորձ կատարելիս ընկել է երկրորդ հարկից ու մահացել, ըստ հարազատների, Լեւոնին ծեծել են ոստիկաննները։
Լեւոն Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը նախ քննել էր ՀՀ դատախազությունը՝ դատախազ Հրանտ Չախոյան, ապա գործը տեղափոխվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Գաբրիել Պետրոսյանի վարույթ։ 2008 թվականի մարտի մեկին Գաբրիել Պետրոսյանը կարճել էր գործը հանցակազմի բացակայության պատճառով, իսկ ՀՀ դատախազությունն էլ այս որոշման դեմ Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը մերժել էր ապրիլի մեկին։ Հիմա դատախազությունը 10 օր ժամանակ ունի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Վճռաբեկ բողոք ներկայացնելու։
Իսկ դատարանի այսօրվա որոշումից հետո Լեւոն Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանը հայտարարեց, որ դատարանի որոշումը դրական քայլ է, բայց վերջնական արդյունքի հասնելու համար բավարար չէ. «սա նոր սկիզբ է եւ պիտի ամեն ինչ անենք, որ վերսկսկվող նախաքննությունը պատշաճ հունով ընթանա։ Հուսով եմ դատախազությունը եւ քննչական մարմինները ճիշտ կընկալեն այս որոշումը»։
