ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մահ, որ ստվեր է գցում ոստիկանության բոլոր աշխատակիցների վրա
Հուլիսի 10–ին ժամը 11։00–ին, Քրեական գործերով ՀՀ
Վերաքննիչ դատարանում լսվելու է ՀՀ դատախազության բողոքը ընդդեմ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշման Լեւոն Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ
Լեւոն Գուլյանը 2007 թվականի մայիսի 12-ին որպես վկա կանչվել է ՀՀ ոստիկանության
Շենգավիթի բաժին, հետո տեղափոխվել ՀՀ ոստիկանության շենք: Ըստ ոստիկանության վկա
Լեւոն Գուլյանը փախուստի փորձ կատարելիս ընկել է երկրորդ հարկից ու մահացել: Ըստ
Գուլյանի հարազատնների, նրան ծեծել, խոշտանգել են ոստիկանները: Այս գործում
շոշափվում են մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ:
Լեւոն Գուլյանի գործը նախ քննել էր դատախազությունը, հետո` հատուկ քննչական
ծառայությունը եւ 2008 թվականի մարտի 12-ին կարճել` հանցակազմի բացակայության
պատճառով: Իսկ դատախազությունն էլ 2008 թվականի մարտի 26-ին մերժել էր Գուլյանի
իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությունը` վերսկսել գործի քննությունը:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2008
թվականի հունիսի 6-ին բավարարեց գործի քննությունը վերսկսելու միջնորդությունը:
Դատախազությունից հետաքրքրվեցինք. ինչու է վերաքննիչ բողոք բերվել: ՀՀ գլխավոր
դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը մեզ ասաց, որ մեղադրող դատախազը բողոք
բերելու հիմքեր տեսել է, իսկ թե որոնք են դրանք, կներկայացվի դատարանում:
Լեւոն Գուլյանի, մեղմ ասած, հանելուկային մահվան հարցին անդրադարձել են մի շարք
միջազգային, տեղական հեղինակավոր կազմակերպություններ` ԱՄՆ Պետդեպարտամենտը,
Human Rights Watch, Amnesty International, Մարդու
իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) եւ այլն, այդ թվում եւ` Քաղաքացիական հասարակության
ինստիտուտ հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության փոխնախագահ Արման
Դանիելյանը մեզ ասաց, որ հետեւելով Լեւոն Գուլյանի մահվան գործի հետ կապված
զարգացումներին, այդ թվում նաեւ միջազգային արձագանքներին, դատավարությանը, խիստ
դրական գնահատեցինք դատարանի կողմից ընդունված որոշումը` Լեւոն Գուլյանի մահվան
կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության վերսկսման վերաբերյալ: «Հատկանշական
է, որ դատարանը մատնանշել է բազմաթիվ թերացումներ, թե դատախազության, թե
ոստիկանության աշխատանքներում, հատկապես նախաքննական մարմինների
գործողություններում: Այս որոշումը նշանակում է, որ քննություն իրականացնողները չեն
փորձել լիարժեք բացահայտել Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքները: Թվում էր թե այս
որոշումից հետո դատախազությունը, որ վերջերս խոսում է իր լիակատար անկախության,
մարդու իրավունքների պաշտպանության եւ հասարակության մոտ վստահություն ձեռք բերելու
մասին, ամենայն լրջությամբ կմոտենա այս հարցին եւ չնայած կորցրած ժամանակին, կփորձի
բացահայտել գործը եւ հանրությանը բացատրել թե ինչպես է լինում, որ ՀՀ քաղաքացին
առողջ վիճակում ինքնակամ մտնելով ոստիկանության շենք, այնտեղ մահանում է: կարծում
էինք նաեւ, որ կբացահայտվեին եւ խստագույնս կպատժվեին Լեւոն Գուլյանի մահվան բոլոր
մեղավորները: Դրանով իսկ լուրջ քայլ կարվեր հասարակության վստահությանը արժանանալու
ուղղությամբ: Արդյունքում մենք ունենք իրավիճակ, երբ մի կողմից դատարանը 17 կետով
հիմնավորում է որ գործը պատշաճ քննություն չի ունեցել եւ կարճվել է անհիմն, մյուս
կողմից դատախազությունը հաշվի չառնելով բերված ակնհայտ փաստարկները, չի ուզում, որ
վերսկսվի գործի քննությունը: Սա առավել եւս անհասկանալի է, հաշվի առնելով, որ այն
դեպքում երբ Մատաղիսի գործով, որտեղ մեղադրվում էին սովորական քաղաքացիներ, Վճռաբեկ
դատարանը հիմնավորված չհամարելով ներկայացված մեղադրանքը, գործը ուղարկեց լրացուցիչ
քննության, իսկ դատախազությունը կրկին մեղադրում է նույն մարդկանց, նույն
հանցագործության մեջ: Հուսով ենք, որ դատախազությունը կգտնվի այնքան սկզբունքային,
ինչքան որ հռչակվում է, կվերանայի իր մոտեցումները եւ վերջապես կբացահայտի Լեւոն
Գուլյանի մահվան բոլոր հանգամանքները: Մահվան որ մեկ տարուց ավելի է ստվեր է գցում
ոսստիկանության բոլոր աշխատակիցների վրա», մեզ հետ զրույցում ասաց Արման Դանիելյանը:
