ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի
Սեպտեմբերի 1-ին «Առավոտ» օրաթերթը ծանուցում է ստացել Երեւանի քաղաքացիական դատարանից։ Դատարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին դատարանի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ոստիկան Արթուր Գագիկ Ղեւոնդյանի դիմումը ընդդեմ «Առավոտ» օրաթերթի։ Արթուր Ղեւոնդյանը պնդում է, որ թերթը զանգվածային լրատվամիջոց թերթը իր՝ ՀՀ քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկություններ է տարածել եւ պահանջում է հերքել դրանք։ Սույն գործով դատավորն է Կարինե Պետրոսյանը։
Մեզ հետ զրույցում «Առավոտ» օրաթերթի իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանը ասաց, որ խոսքը վերաբերում է «Առավոտում» հունիսին 25-ին տպագրված «Երբ հարեւանդ ոստիկան է» հրապարակմանը։ Արթուր Ղեւոնդյանը իր հարեւան Գայանե Մարկոսյանի հետ վեճ ունի, ինչի մասին էլ գրել է Ռուզան Մինասյանը։ «Արթուր Ղեւոնդյանը իր հայցադիմումում գրել է, թե հոդվածագիրը ջանք ու եռանդ չի խնայել իմ անձը ներկայացնել ամենաբացասական կողմերով, արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը։ Բայց հոդվածը ամբողջությամբ դատական ռեպորտաժ է, այսինքն դատարանի դահլիճում հնչած փաստերն են, փաստաթղթերն են, փաստաբանների միջնորդություններն են», նկատեց Ռուզան Մինասյանը։ Ըստ լրագրողի, մինչ այս լրագրողների գործողությունները քրեականացվում էին, այս տարի սա առաջին դեպքն է, երբ պատվի եւ արժապատվության հարցով հայցադիմում է ներկայացվել քաղաքացիական դատարան։ «Սակայն զարմանալին այն է, որ ոստիկանը չի ասում, թե ինչպես է արատավորել իր արժանապատվությունը, դա ինչ հետեւանք է թողել։ Կարող եմ միայն գուշակել, որ հետեւանքը եղել է այն, որ հրապարակումից հետո ինքը չի կարողանում դուբինկա վերցնել եւ մարդ ծեծել», հայտարարեց Ռուզան Մինասյանը։
Այժմ «Առավոտ» օրաթերթը իր առարկություններն է պատրաստում, որոնք կներկայացվեն դատարան։ Առարկություն չներկայացնելը համարվում է հայցվորի ներկայացրած փաստերի ընդունում։
