«Հանցավորության դեմ պայքարի ժամանակ չկա»

Շաբաթ` հոկտեմբերի 25-ին Սպիտակ եւ Ստեփանավան քաղաքներում զինված բախումներ
են եղել: Սպիտակում կա չորս զոհ, Ստեփանավանում` երեք վիրավոր, որոնցից մեկը`
քաղաքապետն է: Այս դեպքերի մասին է մեր զրույցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի
Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:




Հայաստանում, ցավոք, սովորական են դարձել օրը ցերեկով, հրապարակավ, նաեւ
մարդաշատ վայրերում զինված բախումները: Սրանց արդյունքում նաեւ անմեղ մարդիկ,
պատահական անցորդներ են զոհվել: ՉԷի ուզի անտակտ երեւալ, բայց արժե՞ ուրախանալ, որ
հերթական զինված բախումը պատահական մարդկանց սպանության պատճառ չի դարձել:




Նման մոտեցումը առնվազն անլուրջ վերաբերմունք կլիներ, որովհետեւ այդ բախումները
գալիս են ցույց տալու մեր երկրում գոյություն ունեցող մի քանի մտահոգություններ:
Առաջին հերթին` այս բախումները նշանակում են, որ ռեժիմը, տեղական ինքնակառավարման
ընտրությունների ժամանակ նախնական կեղիծքներ չարեց, բայց ՏԻՄ ընտրությունների
ժամանակ հարաբերություններում արձանագրվեցին այն մոտեցումները, որ գոյություն ունեն
ողջ քաղաքական համակարգում: Այսինքն անվերահսկելի գործընթաց է եղել եւ հենց այդ
անվերահսկելիության հետեւանքով նման դեպքեր եղան: Մեկ ամսում հնարավոր եղավ
նախագահի աշխատակազմի ղեկավարին ընտրել պատգամավոր, հետո հեռացնել Տիգրան
Թորոսյանին եւ նրա տեղը նստացել Հովիկ Աբրահամյանին: Այսինքն կառավարելի գործըթաց է
եղել: Իսկ տեղական մակարդակում նույն երեւույթները ուղեկցվում են կրակոցներով,
որովհետեւ իշխանություններն են սնուցել այդ կրակող ուժերին, նրանց տվել
դերակատարում ունեցող գործոնի կարգավիճակ: Ու ստանում են այն ինչ ցանել են:



Իր ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ նշեց ուժով հարցերը լուծելու
անընդունելի լինելը: Դրանից մեկ ամիս էլ չի անցել եւ հարցերը ուժով լուծելու
միանգամից երկու դրսեւորում: Նախագահի խոսքը արժեք եւ կշիռ չունի՞, թե՞ նախագահն
ինքը անկեղծ չէր ուղերձում:




Նախագահը ինչպես միշտ ձեւական հայտարարություն է արել, եթե իհարկե Սերժ Սարգսյանի
պարագայում թույլատրելի է նախագահ բառը օգտագործելը: Իմիտացիոն մոտեցումներ են եղել:
Բայց եթե հավատանք էլ, թե անկեղծ է եղել, ապա չենք կարող մոռանալ, որ այն
գործոնները եւ հիմքերը, որոնց վրա հենված է ինքը, իրենց բնույթով ուժային են,
քրեական եւ անօրինական: Սպիտակի դեպքը զուտ կրիմինալ էր, ընտրությունների հետ կապ
չուներ: Այս դեպքերից առաջ, վերջին 15 օրվա ընթացքում ես ահազանգեր էի ստանում, որ
բոլոր այն քաղաքացիներին, ում մարտի մեկի դեպքերի հետ կապված տարել էին
ոստիկանություն, խուզարկել նրանց բնակարանները, նորից են տանում ոստիկանություն,
այսպես ասած □հրավիրում□ ոստիկանություն եւ տարաբնույթ հարցեր տալիս, ինչով եք
զբաղվում, սեփական բիզնես ունեք, թե ոչ, ովքեր են գրանցված ձեր տանը եւ այլն:
Այստեղից էլ հարց. եթե ոստիկանությունը զբաղված է ընդդիմության ներկայացուցիչներով
կամ համակիրներով, ապա բնական է, որ ժամանակ չի ունենա կատարելու իր
պարտականությունները` վերահսկել օպերատիվ վիճակը, ոչ միայն բացահայտել, այլ` կանխել
քրեական դրսեւորումները: Զինված բախումները մասնակիցները պատահական մարդիկ չեն:
Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Կարաքեշիշյանը տարիներ առաջ մեկ անգամ արդեն եղել է
հրազենի կիրառմամբ բախման մասնակից: Սպիտակի բախման մասնակիցներն էլ վաղուց հայտնի
են հանրությանը: Բայց քաղաքական ուժերով զբաղված ոստիկանությունը ժամանակ չունի այս
հարցերով զբաղվել:



Զինված բախումների պատմությունը վկայում է, որ մասնակիցները չեն պատժվում,
չհաշված մեկ-երկու խիստ մեղմ պատիժները: Մարտի մեկին 10 զոհ ենք ունեցել, բայց այս
պահին սպանության մեղադրանք ոչ ոքի առաջադրված չէ: Այս 10 սպանությունների համար ոչ
ոք պատասխանատվություն չի կրելու: Սա որքանո՞վ է պարարտ հող ստեղծում հարցերը ուժով
լուծելու կողմնակիցների համար:




Համակարգը ուզում է ցույց տալ, որ անօրինական ուժ գործադրելու մենաշնորհը իրենն է:
Անպատժելիությունը, մեղավորներին չբացահայտելը, ուժով հարցերը լուծողներին
հովանավորելը շատ լավ օրինակ են նրանց համար, ովքեր քրեականն ու քաղաքականը խառնել
են իրար եւ տեղերում հարցեր են լուծում: Ուժի կիրառման դրսեւորում է նաեւ Բջնի
գործարանի նկատմամբ ճնշումները: Իսկ նման ուժային գործընթացների դադարեցման համար
ձեւական հայտարարություններ չէ, որ պետք են:



Արամ ԶԱՔԱՐՅԱՆ