ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երևանի քաղաքացիներն իրավունք չունեն ընտրել Երևանի քաղաքապետին
2005թ. ՀՀ Սահմանադրության փոփոխության արդյունքում մայրաքաղաք Երևանը ստացավ
համայնքի կարգավիճակ, հետևաբար` քաղաքապետի պաշտոնը դարձավ ընտրովի: Սակայն
միլիոնից ավելի բնակչություն ունեցող Երևանում քաղաքապետին ընտրելու են ոչ թե
հարյուր հազարավոր չափահաս, գիտակից քաղաքացիները, այլ կուսակցությունների
համամասնական ցուցակներից Երևանի ավագանու անդամներ ընտրված մի քանի տասնյակ մարդիկ:
Փաստորեն` երևանցին իր քաղաքապետին ընտրելու է ոչ թե ուղղակի, ինչն ամենաբնական ու
ճիշտ ձևն է, այլ միջնորդավորված կերպով` իր կողմից ընտրված ավագանու անդամների
միջոցով: Ահա այս, ըստ իս, անթույլատրելի ու ոչ ճիշտ մոտեցումն է ամենավիճահարույց
կետը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմնի և տարածքային կառավարման
մասին» օրենքում:
Օրենքի կողմնակիցները, ի դեմս իշխանությունների, առաջին հայացքից թվում է`
տրամաբանված փաստարկ ունեն միջնորդավորված տարբերակի օգտին, այն է` քանի որ
ավագանու անդամների ընտրություններում բացարձակ մեծամասնություն հավաքած
կուսակցության կամ դաշինքի առաջին համարը մեխանիկորեն դառնում է Երևանի քաղաքապետ,
ուրեմն` քաղաքացիները թող նախապատվությունը տան այն քաղաքական ուժի համամասնական
ցուցակին, որը գլխավորող առաջին դեմքին իրենք կուզենան տեսնել որպես քաղաքապետ:
Սակայն այդ պնդումը քննադատության չի դիմանում, որովհետև, նախ` ոչ ոք իրավունք
չունի մեզ` քաղաքացիներիս, զրկել ընտրություն կատարելու մեր իրավունքը այս կամ այն
քաղաքական, գաղափարական կամ որևէ այլ շարժառիթով պայմանավորելու ցանկությունից,
երկրորդ. որպես ավագանու նախընտրելի անդամներ` քաղաքացին իր նախապատվությունը կարող
է տալ մի ուժի, որի առաջին համարը, սակայն, որպես քաղաքապետ, իր համար բնավ
ընդունելի չլինի, և երրորդ (նախորդի հակառակը). տվյալ քաղաքական միավորի ցուցակում
առաջին համարի տակ նշված անձը քաղաքացու համար կարող է ընկալվել որպես քաղաքապետի
հարմար թեկնածու, բայց նույն ցուցակի հաջորդող անդամներին նա չցանկանա տեսնել
ավագանու կազմում… Այս նշվածներն են նաև լուրջ ու անաչառ այն պատճառները, որոնք
լուրջ անհրաժեշտություն են առաջացնում Երևանի քաղաքապետի ընտրությունն անցկացնելու
քաղաքացիների ուղղակի ընտրության միջոցով:
Դեկտեմբերի 10-11-ին ԱԺ-ում կազմակերպված` Երևան քաղաքի մասին օրենքի վերաբերյալ
խորհրդարանական լսումներում (օրենքն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, իսկ
երկրորդ ընթերցումը կկայանա դեկտեմբերի 23-ին, ԱԺ արտահերթ նիստում) այս հարցը
բոլորից շատ քննարկման առարկա դարձավ: Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության
պատգամավորները և արտախորհրդարանական մի քանի կուսակցությունների ղեկավարները
անընդունելի էին որակում քաղաքապետի ընտրության վերոնշյալ միջնորդավորված
տարբերակը` առավել քան հիմնավորված համարելով քաղաքացու անմիջական ձայնով ուղղակի
ընտրության ձևը: Սակայն լսումների ընոացքն ու տրամաբանությունը հուշում էր, որ այդ
մոտեցումները, ցավոք սրտի` մեծ հավանականությամբ, կմնան լոկ որպես «ձայն բարբառո
անապատի»…
Օրենքի վիճահարույց հաջորդ կետը, այսպես կոչված` բոնուսային տարբերակն է, որը
նույնպես կոպտորեն խախտում է քաղաքացու ընտրական իրավունքը: Խոսքն այն մասին է, որ
կուսակցություններից կամ դաշինքներից որևէ մեկը եթե չստանա բացարձակ
մեծամասնություն (50 տոկոս + 1 ձայն, որի դեպքում այդ ուժի առաջին համարը
մեխանիկորեն դառնում է քաղաքապետ), սակայն հավաքի 40 տոկոսից ավելի ձայն, ապա
վերջինիս բացարձակ մեծամասնությունն ապահովելու համար պակասող քվեները վերցվելու են
ավագանու անդամների մանդատներն ապահոված մյուս ուժերից… Թե որքանով է բոնուսային
նման սիստեմը համապատասխանում ժողովրդավարության չափորոշիչներին, թերևս հայտնի է
միայն հայրենի իշխանություններին: Իսկ շարքայիններիս համար պատկերը հետևյալն է. եթե
մեր քվեների արդյունքում որևէ քաղաքական միավոր հավաքի, դիցուք, 32 տոկոս ձայն,
մյուսը` 24, իսկ ահա երրորդը` 41 տոկոս, ապա իշխանությունը, իրացնելով սույն
օրենքով նախատեսված իր իրավունքը, առաջին երկու ուժերից ՎԵՐՑՆՈՒՄ է համապատասխան
թվով ձայներ (ենթադրենք` 6 ու 4 տոկոս) և դրանք պարզապես նվիրում է 41 տոկոս
հավաքածին, որպեսզի վերջինս ունենա մեծամասնություն… Ահա ևս մի ցայտուն օրինակ, թե
իշխանություններն ինչպես են պատրաստվում «օրենքի սահմաններում» վերաբաշխել տասնյակ
հազարավոր քաղաքացիների սկզբունքների ու համոզմունքների արգասիք հանդիսացող
ձայն-քվեները: Եվ այդ ամենը` շատ մոտ ապագայում, 2009 թվականին…
Այժմ անդրադառնամ օրենքում ներառված «ճկուն» կետերից ևս երեքին` դրանք դիտարկելով
միևնույն տրամաբանության համատեքստում: Վերջինիս էությունը կայանում է հետևյալում:
Ենթադրենք, չնայած իշխանությունների գործադրած բոլոր «ջանքերին», Երևանի ավագանու
անդամների մեծամասնությունը (հետևաբար` նաև քաղաքապետը) ընտրվում են
ընդդիմությունից, և հենց այդ «չնախատեսված» դեպքի համար էլ, թերևս, իշխանությունն
օրենքում ամրագրել է «պրոբլեմը հանգուցալուծող» սույն դրույթները.
1) Ավագանուն իրավունք է տրված` 22 հոգով քաղաքապետին անվստահություն հայտնել:
Ակնհայտ է, որ ընդդիմադիր քաղաքապետին անվստահություն հայտնող ավագանու 22 անդամ
գտնելը բարդ գործ չէ իշխանության համար:
2) Ավագանու ցանկացած որոշում խմբակցություններից յուրաքանչյուրն իրավունք ունի
վիճարկել վարչական դատարանում: Պարզ է, որ իշխանություններին ոչ ձեռնտու`
առանցքային նշանակության «ընդդիմադիր» որոշումները առ ոչինչ կհամարվեն մեր «անկախ»
դատարանների կողմից (ընդ որում` այս դեպքում «սուրը երկսայրի» է, քանի որ իշխանական
մեծամասնության և քաղաքապետի պարագայում նշյալ դրույթը վարչակարգին կապահովի
ժողովրդավարի, փոքրամասնության իրավունքները հաշվի առնողի իմիջով):
3) Կառավարությանը իրավունք է վերապահված` պարտադիր և պատվիրակված
պարտականությունների ոչ պատշաճ կատարման հիման վրա արձակել Երևանի ավագանին: Կրկին
ակնհայտ է, որ ընդդիմադիր ավագանու և քաղաքապետի պարագայում կառավարությունը
(իշխանությունը) իր նախընտրած պահին շատ հեշտությամբ «կգտնի» ոչ պատշաճ հիմքերը և
կարձակի ավագանուն (ընդ որում, նույնը կարող է տեղի ունենալ նաև այն ժամանակ, երբ
իշխանական ավագանին ու քաղաքապետը հանկարծ դուրս գան «վերահսկողությունից»...):
Ի դեպ, նշյալ երեք կետից այս վերջինը ամենատարօրինակն ու, որոշ չափով, զավեշտալին
է, քանզի ստացվում է, որ նշանակովի մարմին կառավարությունը իրավունք է ստացել
արձակել (լուծարել) մի քանի հարյուր հազար քաղաքացիների կողմից ընտրված մարմինը…
Հակիրճ անդրադառնամ իշխանամետ սցենարով գրված ևս մի կետի. ավագանին իրավունք ունի
տարին մեկ անգամ անվստահություն հայտնել քաղաքապետին: Սրանով իշխանությունն իր
համար ստեղծել է Երևանի քաղաքապետին «հնազանդ» պահելու լրացուցիչ լծակ:
Ամփոփելով ողջ վերոգրյալը` ընդգծեմ, որ Երևանի մասին օրենքում ամրագրված հիմնարար
դրույթներից վերոնշյալներն ուղղակիորեն ոտնահարում են մարդու և քաղաքացու մեր
իրավունքները (քաղաքապետին ուղղակի ընտրելու իրավունք չունենալը, բոնուսային
տարբերակի կիրառման դեպքում հազարավոր ձայների նվիրատվությունը, մեր ընտրած
ավագանուն լուծարելու կառավարության իրավունքը և այլն): Որպես հետևություն`
ենթադրում եմ, որ ՀՀ ղեկավարները ձգտելու են 2009 թվականին երևանցիներիս «հրամցնել»
իշխանական ավագանի և քաղաքապետ: Եվ մեր` պետականության և վաղվա սերնդի ապագայով
իրապես մտահոգ բոլոր քաղաքացիներիս արդար իրավունքն ու պարտականությունն է
պայքարելը, որ հերթական անգամ չոտնահարվեն մարդկային և քաղաքացիական, ընտրական ու
բարոյական մեր իրավունքները` հանուն արդարության և իրավունքի Հայաստան ժառանգելու
գալիք սերնդին:
