Արդար դատավարության սկղբունքին լուրջ վտանգ է սպառնում

Այս
հոդվածը անգլերեն

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովը ընդունեց «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որը դատավորին իրավունք է վերապահում առանց ամբաստանյալի ներկայության դատական նիստ անցկացնել: Ըստ արդեն օրենք դարձած եւ մարտի մեկից ուժի մեջ մտնող նախագծի, ամբաստանյալի կողմից դատական նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու, նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքում դատարանը կարող է ամբաստանյալին հեռացնել դահլիճից եւ գործի քննությունը շարունակել ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան: Ըստ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, նախագծի հեղինակները նպատակ ունեն բարելավելու դատաիրավական ոլորտը, իսկ ամբաստանյալներին դատարանի դահլիճից հեռացնելու պրակտիկան կիրառվում է աշխարհի մի շարք երկրներում: Ըստ Դանիելյանի` ամբաստանյալին դահլիճից հեռացնելու դեպքում դատավարությունը կշարունակվի պաշտպանի ներկայությամբ: Իսկ եթե պաշտպանն էլ հրաժարվի ներկա գտնվել դատավարությանը, ապա նրա փոխարեն այլ մարդ կնշանակվի պաշտպան:

Մեկ այլ նախագծով կառավարությունն առաջարկում է դատական օրենսգրքում կատարել փոփոխություն եւ զենք կրելու իրավունք տալ դատական կարգադրիչներին։ Մինչ օրս գործող օրենսդրությամբ՝ դատական կարգադրիչներն ինքնապաշտպանության նպատակով կարող են ունենալ ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ։ Հիմա կարգադրիչները նաեւ հրազեն կունենան: Ըստ Գեւորգ Դանիելյանի, դատական կարգադրիչների վրա դրված են այնպիսի գործառույթներ, որոնց լիաժեք իրականացումը կապված է զենք կիրառելու իրական հնարավորության հետ, այդ առումով զենք հատկացնելը պետք է համարել իրավաչափ։ Ըստ նրա, Հայաստանի Հանրապետությունում հատուկ ծառայությունների փորձը ցույց է տալիս, որ հրազենի առկայությունն առանձին դեպքերում պարտադիր է, հակառակ դեպքում՝ վտանգվում են մարդկանց կյանքը եւ առողջությունը։ Ըստ նախագծի, զենք կրելու իրավունք կունենան այն դատական կարգադրիչները, ովքեր իրականացնում են արտաքին պահպանության եւ ներքին անվտանգության գործառույթներ։

Ու թեեւ Գեւորգ Դանիելյանը հայտարարել է, որ ներկայացված փոփոխությունները պայմանավորված չեն այսօրվա քաղաքական իրադրությամբ, շատերը հակված են մտածել, որ այս փոփոխությունները կապ ունեն մարտի մեկի գործերի, մասնավորաբար` «Յոթի գործի» հետ: Օրինակ

ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ կառավարության ներկայացրած նախագիծը «Յոթի գործով» իրավիճակային լուծում է ենթադրում: Ըստ Դալլաքյանի` դատավորը կարող է սուբյեկտիվ գտնվել եւ կամայականորեն ամբաստանյալին հեռացնել դատարանի դահլիճից: «Ես վտանգներ եմ տեսնում, որ դատավորը կարող է ցուցադրել կամայական մոտեցում», հայտարարել է Վիկտոր Դալլաքյանը:

Կառավարության նախաձեռնած փոփոխություններին դրական չեն վերաբերվում նաեւ իրավապաշտպան կազմակերպությունները: Քաղաքացիական հասարակության ինստիտուտի մարդու իրավունքների բաժնի ղեկավար Լիլիթ Պետրոսյանի կարծիքով, կառավարության փոփոխությունները հետընթաց քայլ են, որովհետեւ «մենք պայքարի արդյունքում ենք հասել այն վիճակին, երբ օրենսդրությամբ ամրագրված է, որ ամբաստանյալի բացակայության դեպքում դատական նիստ չի կարող լինել ու հիմա հակառակն են անում»: Ըստ Լիլիթ Պետրոսյանի, պարզ է, որ մասնավորաբար «Յոթի գործով» փակուղային վիճակ է, բայց այս փոփոխությունները այդ փակուղուց լավագույն ելքը չեն, այլ լուծում է պետք: «Սա շատ վատ տարբերակ է: Մարդու հիմնարար իրավունքներից մեկը արդար դատաքննության իրավունքն է, որը այս փոփոխությունների արդյունքում զգալիորեն տուժելու է»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նկատեց, որ հատկապես Հայաստանում, երբ դատարանը, նույնիսկ քաղաքական հնչեղություն չունեցող գործերում

իր պահվածքով, իր կեցվածքով ապացուցում է, որ անկախ չէ` առանց ամբաստանյալի քննություն անելը «ամբողջացնում է տոտալիտար համակարգի ձեւավորումը արդեն օրենսդրական մակարդակում»: Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոնվենցիան մարդու ազատությունների սահմանափակում է նախատեսում միայն դատարանների հեղինակության հարցում: «Բայց անկախ դատարանի հեղինակության մասին է խոսքը: Հայաստանի կամ ցանկացած այլ տոտալիտար երկրի համար նման որոշումը փակ դատական նիստեր անելու հնարավորություն է», հայտարարեց Արթուր Սաքունցը: Դատական կարգադրիչներին հրազենով զինելու որոշումը եւս այս տրամաբանության մեջ է, փորձում են մարդուն ենթարկեցնել ագրեսիվ եւ ոչ անկախ դատարանին, համոզված է Արթուր Սաքունցը: Մյուս կողմից կարգադրիչներին զենք տալով փորձում են ահաբեկել դատարանում հավաքվող մարդկանց: Արթուր Սաքունցը չի հիշում մի դեպք, երբ դատական նիստերի դահլիճում մարդիկ իրար կամ կարգադրիչների վրա հարձակված լինեին` «այս փոփոխությունների անհրաժեշտությունը չկար, իրական հիմքեր չկային»:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հարցը դիտարկում է դատական իշխանության նկատմամբ վստահության հարթությունում: Ըստ նրա, դատարանի դահլիճում, բնականաբար պետք է պահպանվեն անվտանգության բոլոր նորմերը, բայց անվտանգության ապահովումը չպետք է արվի այնպես որ դատարանը ընկալվի որպես պատժիչ մարմին, որից մարդիկ պետք է վախենան. «անվտանգության միջոցառումները պետք է անտեսանելի լինեն հասարակությանը, իսկ կարգադրիչներին զենք տալը ահաբեկման ձեւ է եւ դրա արդյունքում ոչ միայն դատարանի նկատմամբ հարգանքը չի աճի, այլ դատարանից վախեցողների քանակը կավելանա»: Առանց ամբաստանյալների դատավարություն անելու օրեսդրական փոփոխությունները ըստ Ավետիք Իշխանյանի հարցեր են առաջացնում: Օրինակ` ինչպես կընկալվի եւ կմեկնաբանվի դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը. «Հայաստանում օրենսդրության ցանկացած դրույթ կամայական մեկնաբանությունների է ենթարկվում, կախված իշխանություն ունեցողների քմահաճույքից»: Ավետիք Իշխանյանը հասկանում է, որ կարող է պատային-փակուղային իրավիճակ ստեղծվել դատարանում, ինչպես «Յոթի գործով» դատավարության ժամանակ: «Ես երեւույթի մասին եմ խոսում: Ոչ իրավական պետության պարագայում, ինչպիսին Հայաստանն է, ինձ ավելի շատ մտահոգում է օրենքի կամայական մեկնաբանության հնարավորությունը, երբ փաստաբանի ցանկացած վիճաբանություն կարող է որակվել անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ»: