ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Շաբաթվա ամփոփում
21-27 հուլիսի, 2008
Անցած շաբաթվա քննարկման հիմնական թեման բնականաբար հուլիսի 21–ին կայացած Սերժ Սարգսյանի
մամլո ասուլիսն էր։ Ասուլիսը հրավիրված էր Սերժ Սարգսյանի կողմից նախագահի պաշտոնը
ստանձնելու հարյուր օրվան։ Ընդդիմադիր լրատվամիջոցներից ասուլիսին հրավիրված էր միայն «Ա1+»–ը։
Հարցազրույցին անդրադարձել են գրեթե բոլոր լրատվամիջոցները՝
Ա1+–ը ,
Ազատություն ռադիոկայանը,
Regnum–ը,
Arminfo–ն ,
Panorama.am-ը
եւ ուրիշները։
«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այդ առթիվ թերթի հունիսի 23–ի
խմբագրական հոդվածում
գրել է «(Ընդդիմադիր մամուլի) փոխարենը Սերժ Սարգսյանի ասուլիսին մասնակցում էին
երիտասարդներ, որոնք ներկայացել էին որպես «հայ բլոգերներ»
(...)
Նրանց տված հարցերը չափազանց յուրահատուկ էին: «Բլոգերներին»,
ըստ էության, հետաքրքրում էր. ա/ ինչո՞ւ իշխանությունը բռնություն չի կիրառում
Հյուսիսային պողոտայում նստացույց անողների դեմ, բ/ ինչո՞ւ իշխանությունը
բռնությամբ չի խոչընդոտում Մատենադարանի մոտ անցկացվող ընդդիմության
հանրահավաքներին: Համաձայնեք, նման հարցեր կամաչեր տալ նույնիսկ «Հայլուրի»
թղթակիցը»։
Հուլիսի 21–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (դատավոր՝
Մանուշակ Պետրոսյան), անփոփոխ թողեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների
ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Լեւոն Գուլյանի
մահվան առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
վերսկսելու վերաբերյալ, մերժելով դատախազության վերաքննիչ
բողոքը։ Հուլիսի 22-ին 5 իրավապաշտպան կազմակերպություններ
նամակ հղեցին ՀՀ Հատուկ քննչական
ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, որում պահանջեցին «ՀՀ Հատուկ քննչական
ծառայությունից ողջամիտ ժամկետներում իրականացնել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ
քննություն եւ բացահայտել հանցագործությունը, ինչի արդյունքում պատասխանատվության
կենթարկվեն մեղավոր անձինք»։
Հուլիսի 22–ին Երեւան ժամանեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը: Նա հանդիպումներ է ունեցել
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների, «Ժառանգություն» խմբակցության,
Ազգային ժողովի խորհրդարանական մեծամասնության, մարտի 1-2-ի իրադարձությունները եւ
դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամների
հետ: Լուիս Մարիա դե Պուչը հանդիպել է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին,
հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Եվրախորհրդի անդամ երկրների
դեսպանների եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Հուլիսի 24-ին դե Պուչը
«Ազատություն» ռադիոկայանին տված
բացառիկ հարցազրույցում ասել
է, որ եթե Հայաստանը չկատարի ԵԽԽՎ-ի թիվ 1609 եւ
1620 բանաձեւերի պահանջները, ապա «սկանդալային իրավիճակ կստեղծվի», «Եվրոպայի
խորհրդի մոնիտորինգի հանձնաժողովում, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում
տեղի ունենալիք քննարկումները կարող են աղետալի լինել Հայաստանի համար» եւ «շատ
արագ սանկցիաներ կկիրառվեն»: Ինչպես
հայտնում է Regnum
գործակալությունը. Լուիս Մարիա դե
Պուչը հայտնեց նաեւ, որ Եվրոպայի Խորհուրդը հարգանքով է վերաբերվում հայ ժողովրդի
ընտրությանը եւ դիմում է ընդդիմությանը խնդրանքով՝ ճանաչել ընտրությունների
արդյունքները։ Լեւոն Տեր–Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժման
ներկայացուցիչները հայտարարեցին, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի
նախագահ Լուիս Մարիա դե Պուչը նման բան չի ասել։
