ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քննադատությունը ՔԿՀ համակարգը կդարձնի թափանցիկ

«ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգը 2008 թվականին» հաշվետվություն (հայերեն, pdf, 5 Mb)
Անգլերեն տարբերակը կրճատումներով (pdf, 200 kB)
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգը 2008 թվականին» հաշվետվության ներկայացումը: Միջոցառումը բավականին մարդաշատ էր։ Ակնհայտ է, որ քրեակատարողական հիմնարկներն ու դատապարտյալների խնդիրները հայտնվել են հասարակության ուշադրության կենտրոնում։ Միջոցառմանը ներկա էին ոչ միայն ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների, այլև Հայաստանում գործող միջազգային կառույցների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի ղեկավար Արման Դանիելյանը ներկայացրեց Հայաստանում քրեակատարողական համակարգի ընդհանուր պատկերը՝ առանձնացնելով առաջնահերթության կարգով լուծման կարիք ունենցող մի շարք խնդիրներ։ Առաջին և ամենամեծ խնդիրն այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության հարցն է։ Կալանավորների թիվն ամսեկան աճում է մոտ 60 մարդով:
«Թիվ մեկ խնդիրը Նուբարաշենի գերբնակեցումն է։ Այստեղ վիճակը շատ ավելի վատ է քան մյուս տեղերում։ Խցեր կան, որտեղ նախատեսվածից շատ ավելի մարդ կա և մարդիկ հերթով են քնում։ Միայն Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում 350 կալանավոր ավել է»:
Որպես գերբնակեցմանը նպաստող հանգամանք Արման Դանիելյանը մատնանշում է մեկ այլ կարևոր խնդիր։ Դա դատապարտյալների վաղաժամկետ ազատման խնդիրն է։
«Այս հարցն այսօր հստակ կարգավորման կարիք ունի։ Դատապարտյալն ինքը չգիտի, թե ինչպես պետք է իրեն պահի, որպեսզի վաղաժամկետ ազատման կարգից օգտվի»։
Դանիելյանի խոսքով ստեղծվել են վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովներ, սակայն դրանց գործունեության արդյունքում կալանքից ազատվող դատապարտյալների թիվը մոտ 10 անգամ նվազել է։ Հանձնաժողովներն իրենց որոշումները կայացնում են սուբյեկտիվորեն, առանց հիմնավորման և մարդն արդյունքում չի հասկանում մերժման իրական պատճառները։ Այս իրողությունը հաստատող լավագույն օրինակը «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի դեպքն է, ով պարբերաբար դիմել և մերժվել է հիշյալ հանձնաժողովների կողմից։
Կարծիքը, թե համաներման արդյունքում դատապարտյալներից շատերը ազատվել են, Դանիելյանը չի կիսում։
Քրեակատարողական համակարգը 2008թ-ին զեկույցում անդրադարձ կա ազատազրկման վայրերում գտնվող անձանց իրավունքներին ու ամբողջ համակարգում տեղ գտած խնդիրներին. ազատազրկվածների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումներ, սանիտարահիգենիկ պայմաններ, սնունդ, բուժսպասարկում, կապն արտաքին աշխարհի հետ և այլն։
Իրավիճակի բարելավման նպատակով հասարակական վերահսկողության խումբը արդարադատության նախարարությանը ներկայացրել է ավելի քան 350 առաջարկություն, որոնք ուղղված են ինչպես համակարգային, այնպես էլ կոնկրետ հիմնարկների խնդիրների լուծմանը։ Ներկայացված հաշվետվության համաձայն' այսօր ՀՀ-ում համեմատաբար լավ վիճակում են գտնվում նոր կառուցված կալանավայրերը' Վանաձորի, Արթիկի, Վարդաշենի:
Սակայն քննարկմանը ներկա Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, մարտիմեկյան դեպքերով նախկին դատապարտյալ Վարդգես Գասպարին իր նկատառումները հայտնեց, թե զեկույցում տեղ են գտել կալանավայրերում առկա խնդիրների 5 տոկոսը միայն։ Վարդգես Գասպարին, ով ցանկություն է հայտնել անդամագրվել կալանավայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին, ներկաների ուշադրությունը հրավիրեց կալանավայրում եղած ժամանակ իր դիտարկումները։
Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանի գնահատմամբ դիտորդական խմբի հետ նախարարության համագործակցությունը արդյունավետ է։ Նա արձագանքեց նաև քննարկման ընթացքում հնչած քննադատություններին՝ մասամբ ընդունելով դրանք։ Հայաստանի Քրեակատարողական համակարգը գտնվում է բարեփոխումների փուլում, որի ընթացքում նախատեսվում է խորհրդային գաղութային համակարգից անցումը միջազգային պրակտիկայում ընդունված համակարգի։
«Որքան քննադատություն կա, այնքան համակարգն ավելի թափանցիկ է դառնում», իր տեսակետը ներկայացրեց Կալանավայրերում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի անդամ, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։
Ժաննա Ալեքսանյան
