ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ժամանակն է, որ այդ փտած համակարգի դռները բացվեն»

Մարիամ Սուխուդյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը վերջին մի քանի ամիսների ընթացքում փոփոխվել է մի քանի անգամ: Նրա նկատմամբ նախ մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 135 հոդվածի առաջին կետով' «զրպարտություն», ապա փոփոխվեց «սուտ մատնության»' 333 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ: Հոկտեմբերի 21-ին մեղադրանքը կրկին վերաորակվեց նախկին հոդվածով: Սուխուդյանի պաշտպան Նոնա Գալստայնի գնահատմամբ' մեղադրանքի վերաորակումը չի փոխել գործի էությունը: «Սա մեղմացում կարելի է համարել միայն քրեական պատասխանատվության մասով», - մեզ հետ զրույցում ասաց պաշտպանը:
Քրեական օրենսգրքի 135 հոդվածի առաջին մասը /Զրպարտություն/ պատիժ է նախատեսում տուգանքի տեսքով, իսկ օրենսգրքի 333 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով նախատեսված մեղադրանքը /Սուտ մատնություն/ պատժվում է ազատազրկմամբ' առավելագույնը 5 տարի ժամկետով:
Բովանդակության մասով մեղադրանքը որևէ փոփոխություն չի կրել' ասում է Սուխուդյանի պաշտպանը: «Մեղադրանքը կառուցված է նույն մոտեցման վրա, որ Մարիամ Սուխուդյանի դրդմամբ է գիշերօթիկ դպրոցի սանուհին հայտնել այդ տեղեկությունը, իսկ հետագայում քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում իրականությանը»:
Մարիամը, հիշեցնենք, մեղադրվում է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրինության դեմ սուտ մատնության մեջ: Այս դպրոցում նա մասնակացել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող կամավորական ծրագրերից մեկին և խմբի այլ անդամների հետ ահազանգել դպրոցում տիրող վիճակի մասին' վատ սննունդ, թերի ուսուցում, հակասանիտարական վիճակ, նաև' սաների նկատմամբ ոտնձգություններ ուսուցիչների կողմից: Այս փաստերի առիթով իրավապահ մարմինները քրեական գործ չհարուցեցին, փոխարենը սուտ մատնության հատկանիշներով մեղադրանք առաջադրվեց Մարիամի նկատմամբ:
Քրեական գործը հարուցվել էր Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութի հիման վրա, որտեղ դպրոցի երկու սանուհիներ պատմում են ուսուցչի սեռական ոտնձգությունների մասին: Հետագայում նրանցից մեկը հրաժարվեց իր ցուցմունքից, իսկ քրեական գործը' սուտ մատնության հատկանիշներով, հարուցվեց Մարիամ Սուխուդյանի նկատմամբ:
«Եթե դատարան կանչեն, սուտ կխոսամ»
Նախորդ տարեվերջին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութերի հեղինակը Սյուզան Սիմոնյանն է, ով գործով որպես վկա է անցնում: Նա էլ իր հերթին է նշում, որ ռեպորտաժները պատրաստել է իր նախաձեռնությամբ: Նախ' հանդիպել է դպրոցի աշակերտուհիներից մեկին, զրուցել նրա հետ, պատրաստել տեսանյութը, որի հեռարձակումից հետո մայրն աղջկան արգելել է շփվել լրագրողի հետ: Սյուզանի խոսքով' դրանից հետո իրեն դիմել է նույն դպրոցի մեկ այլ աշակերտ' արդեն իր կամքով և պատմել իր հետ կատարաված նմանատիպ գործողությունների մասին: Երկրորդ աշակերտի պատմությամբ եթեր է հեռարձակվել մեկ այլ տեսանյութ: «Հարցաքննվել են այդ երկու աղջիկները: Նրանցից առաջինը հրաժարվել է իր ցուցմունքներից, ինչպես մենք հասկացանք ծնողի ճնշման տակ, երկրորդը պնդել է մինչև վերջ,նույնիսկ ուսուչի հետ առերես հարցաքննության ժամանակ ասել է, որ եղել է այդպիսի բան և չի հրաժարվել իր ցուցմունքներից», ասաց Սյուզան Սիմոնյանը:
Այս ցուցմունքների վրա, սակայն, նախաքննական մարմինը ուշադրություն չի դարձրել: Սա հարուցում է Սուխուդյանի պաշտպանի տարակուսանքը. «Ինչու՞ է վարույթն իրականացնող մարմինը քրեական գործի հարուցման և մեղադրանքի առաջադրման հիմքում դրել միայն առաջին տեսանյութը, ինչու՞ իրավական որևէ գնահատական չի տրվել երկրորդ տեսանյութին»:
Իրավական գնահատականներ չեն տրվել նաև Մարիամի հետ կամավորական նույն ծրագրին մասնակցած երիտասարդների ցուցմունքներին, ովքեր այս գործով որպես վկաներ են անցնում: Նրանց փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով' վկաների ցուցմունքները նախաքննական մարմնի կողմից կամ ուշադրության չեն արժանացել, կամ արժանահավատ չեն համարվել: Գործի նյութերին ծանոթանալուց հետո կամավորները հանցագործության մասին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին:
«Այնքան ակնհայտ է հակասությունը, որ իրենց ընկերոջն օգնելու, նրան զորավիգ լնելու համար կամավորական խմբի անդամները հանացագործության մասին հաղորդմամբ դիմել են դատախազություն, որ քրեական պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, ովքեր աղավաղել են փաստերն ու ազդել նախկին աշակերտուհու տված տեղեկությունների վրա»:
Նախաքննական մարմինը արժանահավատ չի համարել ոչ միայն Մարիամի հետ կամավորական նույն խմբում ընդգրկված երիտասարդների, այլ նաև դպրոցի նախկին սաներից չորսի ցուցմունքները, ովքեր նույնպես վկայել են իրենց նկատմամբ կատարված նամանտիպ դեպքերի մասին ու ուսուցչի հետ առերեսման ընթացքում էլ պնդել դա: «Ավելի քան պարզ են դեպքերը. կա մեկ վկա, որը ցուցմունք է տվել Մարիամ Սուխուդյանի դեմ, կան բազմաթիվ վկաներ, որոնք հակառակ ցուցմունքն են տվել, բայց դրանք արժանահավատ չեն համարվել: Բայց այդ մեկ վկայի' Դ.Ա.-ի ցուցմունքի առնչությամբ կամավորները հեռախոսային զրույցի ձայնագրություն են տրամադրել նախաքննական մարմնին»:
Կամավորներից Արման Ղարիբյանի և նույն սանուհու հեռախոսազրույցը ձայնագրվել ու հանձնվել է քննչական մարմնին: Այդ զրույցի ընացքում Դ.Ա.-ն ասում է, որ իրեն հեռարձակված տեսանյութից շատերը ճանաչել են, իր խոսքով' «խայտառակ է եղել ծանոթների շրջապատում», նաև նշում է, որ իրենց տուն եկել է մի մարդ ու խոսել իր մոր հետ: Այդ պատճառով ինքը ստիպված է լինելու հրաժարվել նախորդ ցուցմունքներից ու ճիշտը չասել: Ձայնագրության մեջ, որը կամավորները ներկայացրել են նաև լրագրողներին, պարզ լսվում են հետևյալ բառերը. «Եթե դատարան կանչեն, սուտ կխոսամ»: Հեռախոսազրույցի վերածանման արձանագրության մեջ այս բառերը բացակայում են : Ձայնագրությունը ոչ միայն ապացույց չի ճանաչվել, այլև վերծանվելիս, Սուխուդյանի պաշտպան Նոնա Գալստյանի պնդմամաբ, կեղծվել է:
Գործի նյութերին ծանոթանալուց հետո պաշտպանները նոր միջնորդություններ պիտի ներկայացնեին, սակայն նոյեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Մարիամի նկատմամբ քրեական գործը դատարան գնալու փոխարեն վերադարձվել է նախաքննության մարմնին: Գործի օրինականությունը հսկող դատախազ Գրիգորյանը ցուցում է տվել Էրեբունու ոստիկանության քննիչ Վիգեն Մեսրոպյանին գործի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար որոշ քննչական գործողություններ կատարել։
«Լայն լուսաբանումը եւս իր արդյունքն ունեցավ, որովհետեւ քննիչը պատրաստ էր գործը դատարան ուղարկել, սակայն դատախազը գործը հետ ուղարկեց, սա նշանակում է, որ իրենց համակարգում եւս ընդունում են, որ գործը թերի է, սա հազվադեպ է պատահում», ասում է փաստաբան Նոնա Գալստյանը:
«Մեզ իմպուլս տվեցին»
Մարիամին հարցրի, թե այն ժամանակ, երբ սկսեց խոսել թիվ 11 դպրոցում տիրող վիճակի մասին, ենթադրու՞մ էր, որ գործը կարող է նման ընթացք ստանալ: «Ինչ-որ չափով ենթադրում էի, անգամ որպես մեղադրյալ ներգրավվելու ծանուցագիրն էր սպասելի: Այսինքն, այն ակտիվությունը, ընդհանուր' որպես քաղաքացիական ակտիվություն, սպասում էի, որ մի օր նկատի են առնելու: Թեև եթե անգամ այդ ակտիվությունն էլ չլիներ, սա միայն բավական էր: Որովհետև համակարգի դեմ ես դուրս գալիս, որովհետև տեսնում եմ' գնալով հանցագործների ցուցակը ավելանում է. մեկը մյուսին է պաշտպանում, երրորդը կեղծում է: Մեծ համակարգ է, հեշտ չի»:
Հարցրի նաև, թե եթե կարճվի իր դեմ հարուցված գործը, կշարունակի՞ էլի պայքարել.
«Եթե ինձ միայն մեղադրյալի կարգավիճակից դուրս գալը պետք լիներ, կհամաձայնեի իրենց առաջարկին. ոստիկանությունում կավարտեինք այս գործը, համաներումով դուրս կգայի ու նման գլխացավանքի մեջ չէինք ընկնի: Սրանից հետո պետք է մինչև վերջ գնալ: Անգամ իրենք իմպուլս մեզ տվեցին, ու իրենց ինչ-որ առումով շնորհակալություն եմ ասում»:
Մարիամի համոզմամբ' խնդիրը միայն Նուբարաշենի դպրոցին չի վերաբերում: «Մենք համոզված ենք, որ հատուկ դպրոցներում նմանատիպ բազմաթիվ դեպքեր են լինում, ու հիմա արդեն ժամանակն է, որ այդ նեխած, փտած համակարգի դռները բացվեն»:
Լուսինե Վասիլյան
Հ.Գ. Իր վերջին ասուլիսներից մեկի ընթացքում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, բնապահպանական շարժման երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի գործին անդրադառնալով, նշեց, թե գործի նյութերը հիմնավոր են, իսկ ի պաշտպանություն Մարիամի անցկացվող բողոքի ակցիաները' անիմաստ: Ոստիկանապետի ասուլիսը հաջորդում էր բողոքի այն ակցիաներին, որոնք, ի պաշտպանություն Մարիամ Սուխուդյանի, կազմակերպել էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանն էլ օրերս հայտարարեց, թե «լուրջ, մանրակրկիտ քննություն է տարվել' պարզելու գործի հանգամանքները»:
