Ստեղծագործում են անչափահաս դատապարտյալները

«Երբ սիրով ու սրտով ես ստեղծագործում ու աշխատանքիդ մեջ հոգի ես դնում, ազատությունը քեզ համար դառնում է քո աշխատանքը, իսկ արդյունքում հաճելի է, երբ գործդ բոլորը հավանում են։ Ես հույս ունեմ, որ կշարունակեմ խեցեգործությամբ զբաղվել, երբ այստեղից դուրս գամ»,- ասում է անչափահաս Վահե Ղալթախչյանը։

Նա արդեն 2 տարի է՝պատիժ է կրում Աբովյան քերակատարողական հիմնարկում, ու այդ տարիների ընթացքում հասցրել է պատրաստել 35-40 խեցե իրեր։ Դեռ մեկ տարի 7 ամիս նա պետք է անցկացնի ճաղերի ետևում, բայց հուսով է, որ իրեն ազատ կարձակեն ներում շնորհելով։

Վահեի պատրաստած խեցե կուժերն ու ամաններն այսօր ցուցադրված էին ժողստեղծագործողության պետական թանգարանում։ Նրա գործերը մասնակցում էին Մշակույթի նախարարության «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնի» կազմակերպած փայտի գեղարվեստական փորագրության և  խեցեգործական աշխատանքների ցուցահանդեսին։

«Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնը» ստեղծվել է 2005թ-ին։ Նպատակը՝ հիմնարկում պահվող անչափահասներին արվեստների և ավանդական արհեստների ուսուցանումն է։ Կենտրոնը Երևանում դեռևս շենք չունի, փոխարենը 2009-ի հունիսին տրամադրվեց «Աբովյան» քհկ-ի տարածքում գտնվող նախկին կաթսայատունը, որը հիմնանորոգան կարիք ունի։

Կենտրոնը ստեղծվել է դիզայներ Թեմիկ Խալափյանի հիմնադրած «Տրտու» մշակութային հ/կ-ի 8-ամյա աշխատանքի արդյունքում։ Սա միակ դեպքն է, երբ ՀՀ կառավարությունը պետական մոտեցում ցուցաբերեց և կարևորելով հ/կ-ի սկսած գործը՝ստեղծեց   Մշակույթի նախարարության  «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Թեմիկ Խալափյաը համոզված է, որ կենտրոնը կնպաստի  բանտից ազատվելուց հետո արդեն չափահաս դարձած երեխաների ապագան կարգավորելուն ու սեփական ուժերով հաց վաստակելուն։

«Պատկերացրեք ինչ կկատարվի մեր երկրում, եթե վաղը բանտում մեծացած տղան իր հայրենիքը չսիրելով գնա բանակ ծառայության։ Ես հարյուր տարի էլ ապրելու ու պայքարելու եմ, որ կենտրոնը գործի՝ անկախ պետության աջակցությունից»,- ասում է Խալափյանը՝ հավելելով, որ որբությունը մորից է գալիս, ոչ թե պետությունից ու լավ կլինի, որ իրենց հոգեպես աջակցող մարդիկ նաև ֆինանսապես ձեռք մեկնեն՝ գնեն երեխաների գործերից, իսկ ցուցահանդես-վաճառքի արդյունքում գումարը տրվի շենքի վերանորոգմանը։

Գրողների միության անդամ Հովիկ Հովեյանը «Աբովյան» ՔԿՀ-ի գրադարնին նվիրեց իր բանաստեղծությունների ժողովածուն՝ ասելով, որ աշխարհում ոչ ոք չի որոշել՝ ով է դահիճը, ով զոհը, իսկ ցուցադրված արվեստի գործերը  չեն կարող  խամրած գեղեցկություն համարվել միայն այն պատճառով, որ փշալարերից այն կողմ են արված։

Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն էլ ողջունեց երեխաներին՝ ասելով, որ նրանց համար օրը տոն է և որ նրանք, ովքեր զբաղվում են արվեստով՝ անգամ ազատամիտ լինելով չեն կարող  հանցանք գործել հետագայում։ Նախարարի խոսքով՝այս տարիներին սովորած արվեստը երեխաների համար գոյությունը պաշտպանելու լավագույն միջոցն է լինելու, իսկ կազմակերպված ցուցահանդեսը գալիս է  ապացուցելու, որ պետք չէ անտարբեր լինել։

Քրիստինե Վարդանյան