Փաստաբանները պնդում են, որ խախտվում է իրենց պաշտպանյալների անմեղության կանխավարկածը

2011թ. փետրվարի 22-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Մոսկվա կինոթատրոնից խոշոր գումարներ գողանալու գործը, որի ժամանակ նոր դատավոր Մխիթար Պապոյանը մերժեց փաստաբանների միջնորդությունը կալանքից ազատ արձակել գործով մեղադրվող Ստեփան Հովակիմյանին և Վահրամ Քերոբյանին գրավի դիմաց:

Հիշեցնենք, որ 2010թ.-ի հունվարին է եղել գողությունը, և գողացվել է Մոսկվա կինոթատրոնից 5 մլն 80000 դրամ և 10000 ռուսական ռուբլի գումար: Մոսկվա կինոթատրոնի ղեկավարությունը և դատախազ Սամվել Հարությունյանը պնդում են, որ գողությունը կազմակերպվել է Սամվել Հովակիմյանի հսկողությամբ Վահրամ Քերոբյանի կողմից: Տղաների ծնողները և այլ վկաներ պնդում են, որ տղաները չեն արձանագրվել Մոսկվա կինոթատրոնի կողմից ներկայացված տեսաձայնագրություններում, որոնք մոնտաժված են եղել և ցույց են տալիս մի մարդու, ով հասակով ու տեսքով չի համընկնում Քերոբյանի հետ, բացի այդ շենքից դուրս գալիս նրա ձեռքերում չկա գումար, որը հաշվի առնելով իր խոշոր քանակի լինելը, պետք է զգալի տեսք ունենար: http://www.hra.am/am/hr-reviews/2011/02/16/moskva

Երկու փաստաբանների՝ Գիվի Հովհաննիսյանի և Տիգրան Սաֆարյանի ներկայացրած միջնորդությունների դեմ դատախազը առարկեց՝ չբացառելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 135 հոդվածի համաձայն՝ տղաները կարող են փորձել թաքնվել և խուսափել քրեական պատասխանատվությունից:

Դատավորը ընդունեց դատախազի առարկությունները՝ հաշվի չառնելով փաստաբանների կողմից ներկայացրած փաստարկները, որոնց մեջ նշված է, որ եթե տղաները հանցագործությունից հետո փորձ չեն արել թաքնվել, և իրենք են առաջինը շահագրգռված գործի օբյեկտիվ քննության մեջ:

Հովակիմյանը այդ առթիվ նշեց, որ եթե վախենում են, որ ինքը նոր հանցանք կգործի, որքանո՞վ կարող են համոզված լինել, որ ազատվելուց հետո էլ նա նոր հանցանք չի գործի, այդ դեպքում կարող են միանգամից ցմահ դատապարտել:

Եթե Հովակիմյանի դեպքի առթիվ դատարանը կարող էր հիմք ընդունել, որ նա արդեն մեկ անգամ քրեական պատասխանատվության է ենթարկվել մինչև այս գործը, ապա Քերոբյանն ընդհանրապես քրեական անցյալ չունի:

Քերոբյանի պարագայում էլ հաշվի առան դատախազի այն փաստարկը, որ նա հետախուզման մեջ է եղել և չի ներկայացել քննիչի մոտ, բայց նրա փաստաբան Հովհաննիսյանը և Քերոբյանի մայրը նշեցին, որ այդ փաստերը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ քննիչը և Քերոբյանի մայրը փոխանակվել են հեռախոսահամարներով, որ հետագայում քննիչը զանգի, բայց այդ զանգը այդպես էլ տեղի չի ունեցել, որին հաջորդել է իրենց որդու ձերբակալությունը:

Փաստաբանները համոզված են, որ դատարանը այս քայլով խախտում է ՀՀ օրենսդրության, ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային այլ որոշումները, ՀՀ քրեական օրենսգիրքը, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը և ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածը, որտեղ հստակ նշվում է, որ հիմնավոր կասկածի դեպքում պետք է կալանավորել մարդուն:

Փաստաբանները կարծում են, որ խախտվում է իրենց պաշտպանյալների անմեղության կանխավարկածը:

Դատավոր Պապոյանը միայն ընդունեց փաստաբանների այն միջնորդությունը, որի համաձայն նրանք պահանջում էին քրեական գործով տեսաձայնագրությունները և Մոսկվա կինոթատրոնի կողմից ներկայացրած այլ փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո միայն սկսել քննել մեղադրող կողմի վկաներին: Իսկ պաշտպանող կողմից առաջարկվող վկաների ցուցակը դատավորի կողմից դեռևս չհաստատվեց, բայց և չմերժվեց:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 9-ին՝ժամը 12:00-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Կարինե Իոնեսյան