ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փաստաբանի պնդմամբ՝ խոշտանգելով ինքնախոստովանական ցուցմունք են կորզել

Փաստաբան Ստեփան Ոսկանյանը հայտարարում է, որ գողության մեջ մեղադրվող իր պաշտպանյալ Ֆելիքս Գևորգյանն իրականում չի կատարել ոչ մի գողություն, իսկ ինքնախոստովանական ցուցմունքը կորզել են խոշտանգումների միջոցով:
2011թ. նոյեմբերից Ֆելիքս Գևորգյանը մեղադրվում է 2011թ. տարբեր ժամանակահատվածներում երեք տարբեր գողություններ կատարելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով):
Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Դավիթ Բալայան) ընթանում է Ֆելիքս Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը:
Նախաքննության ընթացքում պարզվել է որ երեք գողություն է կատարվել՝ տարբեր ժամանակահատվածներում մեղադրվողը գողացել է 50 մետր երկարության 10 հատ պղնձյա մալուխ, էլեկտրական շարժիչ և մեկ այլ դեպքում՝ 13 հազար դրամ արժողությամբ պղնձյա մալուխներ:
Ոսկանյանը տեղեկացրեց, որ Գևորգյանը խոշտանգման միջոցով ինքնախոստովանական ցուցմունք է տվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ու հետագայում ՀՀ դատախազություն բողոք ներկայացրել իր նկատմամբ խոշտանգումներ կիրառելու համար:
«2011թ. սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան, երբ Գևորգյանը գտնվել է իրենց տանը՝ Զովունի գյուղում, եկել են Մաշտոցի քրեական հետախուզության պետ Արթուր Գևորգյանը և նրա տեղակալ Արկադիկ Սահակյանը և ևս 5-6 աշխատակիցներ ու առանց որևէ փաստաթղթի Ֆելիքս Գևորգյանին բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Այստեղ նրա նկատմամբ խոշտանգում է եղել, քանի որ նրան դաժանորեն ծեծել են, որից հետո շիկացած երկաթով այրել են ոտքը, ծեծի արդյունքում ոտքը ուռել է, սևացել, և ոտքի եղունգներից մեկը վնասվել-հեռացվել: Այս ամենն արվել է, որ նա իր վրա վերցնի գողությունների մեղքը»,- պատմում է փաստաբանը:
Փաստաբանի խոսքերով՝ Ֆելիքս Գևորգյանին փորձել են համոզել, որ իր վրա վերցնի 2008թ. մարտի 1-ի սպանություններից որևէ մեկը, ինչից նա հրաժարվել է: Ֆելիքս Գևորգյանը և իր հայրը Հայ ազգային կոնգրեսի ակտիվ անդամներ են, իսկ Գևորգյանը արդեն մեկ անգամ դատապարտվել է մարտի մեկի գործով ապօրինի զենք ձեռքբերելու և պահելու մեղադրանքով ու համաներմամբ ազատ արձակվել:
Փաստաբանը համոզված է, որ փորձում են քաղաքական ճնշման ենթարկել իր պաշտպանյալին և որ նախաքննության ընթացքում բազմաթիվ ապօրինություններ են եղել:
Գործով ընթերականերից Մանուկ Գյուլշադյանը հայերենին չի տիրապետում, ինչի մասին դատարանում ցուցմունք է տվել, ինչպես նաև չգիտի Երևանի որևէ տեղանուն, բայց ցուցմունքում հստակ շարադրված է, թե ուր են գնացել և որ երթուղիով: Բացի այդ, ընթերակա Մանուկ Գյուլշադյանը փորձարարությանը կից լուսանկարներում պատկերված է Գևորգյանի հետ ձեռնաշղթայված: Այս հանգամանքը փաստաբան Ոսկանյանի համար ևս տարօրինակ է, քանի որ Գյուլշադյանն ընդամենն ընթերակա է և ոչ ոստիկանության աշխատակից:
«Իսկ մյուս ընթերական Մաշտոցի բաժնում բազմիցս է ընթերակա եղել ու նա դա չի էլ թաքցնում»,- ասում է Ոսկանյանը:
Մանուկ Գյուլշադյանը դատարանում ցուցմունք է տվել, որ երբ առաջին անգամ Ֆելիքս Գևորգյանին տեսել է Մաշտոցի բաժնում, նա կաղալով է բարձրացել աստիճանները ու գտնվել է ճնշված վիճակում: Իսկ Գևորգյանը կաղացել է, քանի որ, ինչպես փաստաբանն է պնդում, ոտքը վնասվել է խոշտանգման հետևանքով: Խոշտանգման մասին Գևորգյանը հայտնել է դատախազությանը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին, բայց բժշկական փորձաքննությունը, Ոսկանյանի համոզմամբ, միտումնավոր կերպով ուշացրել են, որ հետագայում կոծկեն խոշտանգումը:
«Անգամ այդ օրը, երբ փորձագետը եկավ մարմնական վնասվածքներն ակնհայտ երևում էին՝ ոտքի ուռածությունը, այրվածքի սպին, մատի եղունգը չկար։ Բայց թե ինչո՞ւ եզրակացություն տվեցին, որ պարզ չէ կա, թե՝ չկա վնասվածք, եթե եղել է, ե՞րբ է եղել ու նման պատճառներ բերեցին, ինձ համար անհասկանալի է»,- ասում է Ոսկանյանը:
Ոսկանյանը նաև հակասություններ է նշում կոնկրետ գողությունների առնչությամբ: Նա պնդում է, որ Գևորգյանը չէր կարող միայնակ բարձրանալ շենքի բարձր պարիսպով, անցնել ճաղավանդակները հետո ծանր գողոնով նորից հետ գնալ: Չէր կարող նաև առանց օգնության գողանալ 60-70 սմ երկարությամբ մեծ շարժիչը, ինչպես նաև 500-600 կիլոգրամանոց մալուխները:
Բացի այդ, այն մարդիկ, ումից գողություն է արվել, չեն կարողանում հստակ ժամկետներ նշել, թե երբ է կատարվել գողությունը, իսկ երբ փաստաբանը հարցրել է, թե հնարավո՞ր է դրանք արված լինեն օրինակ 2009թ., նրանք չեն բացառել:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 14-ին՝ ժամը 12:00-ին:
Լուսանկարում՝ փաստաբան Ստեփան Ոսկանյանը
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
