ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դեպի ընտրություններ` օրենքը լիարժեք կիրառելու տրամադրվածությամբ

Այսօր մենք ունենք բոլոր նախադրյալները՝ անցկացնելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 23-ին կայացած «Դեպի ազատ և թափանցիկ ընտրություններ» քննարկման ժամանակ:
Վարչապետի կարծիքով՝ այդ նախադրյալներն են քաղաքական կամքը և պատրաստակամությունը, քաղաքացիական հասարակության վերահսկողությունը, որը հնարավոր է դարձել նաև տեղեկատվական նոր տեխնոլոգիաների շնորհիվ, բարեփոխված օրենսդրական դաշտը և իրավապահ մարմինների ձեռքբերած նոր գիտելիքներն ու հմտությունները:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր խոսքում կարևորեց իրավապահ մարմինների դերն ընտրական գործընթացում: «Իրավապահ ոլորտի դերակատարումն այս գործընթացներում առանցքային է: Համոզված եղեք, որ հանցագործության մասին յուրաքանչյուր հաղորդում՝ լինի դա հին մեթոդով, թե ԶԼՄ միջոցով, քննության առարկա է դարձվելու: Եվ ոչ միայն Հայաստանում, այլ Երկիր մոլորակի վրա ապրող ցանկացած ոք կարող է ինտերներտի միջոցով հետևել այդ հաղորդման գրանցմանը, ընթացքին և կայացված որոշմանը»,- նշեց գլխավոր դատախազը:
«Մենք ողջունում ենք իշխանությունների հավաստիացումները ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման վերաբերյալ, բայց ակնակալում ենք լսել նաև հստակ պարտավորություններ, որոնք կհաստատեն պատրաստակամությունը ընտրախախտումները պատճաշ ձևով քննելու և մեղավորներին պատժելու վերաբերյալ»,- իր խոսքում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Նա վստահեցրեց, որ ԱՄՆ–ն վերջին տարիներին աջակեցել է և առաջիկայում շարունակելու է աջակցել ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված գործընթացներում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքում տեղի են ունեցել էական և արմատական փոփոխություններ: Նրա կարծիքով ամենակարևոր դրույթներից է քաղաքացիների դիմումների, բողոքների ստացման, դրանց լիարժեք քննման և որոշումների կայացման բարելավված ընթացակարգը, որը նախկին օրենքում հստակորեն ամրագրված չէր:
«Ըստ էության, առաջին անգամ վարչական վարույթի և վարչարարության հիմնական սկզբունքն իր արտացոլումը ստացավ նաև ընտրական օրենսդրության մեջ, ինչը էական երաշխիք է ցանկացած դիմումի լուծումը հրապարակային, թափանցիկ և լիարժեք կազմակերպելու, պատճառաբանված և հիմնավորված որոշումներ կայացնելու համար»,- կարծիք հայտնեց Մուկուչյանը:
Նա կարծում է, որ ընտրությունները լինելու են արդար և թափանցիկ, որովհետև «մենք ունենք և՛ լավ օրենք, և՛ տրամադրված ենք լիարժեք կիրառելու լավ օրենքը»:
Ընտրակաշառքը՝ որպես ընտրական գործընթացի «խորհրդանիշ»
Խոսելով ընտրակաշառքի հայտնաբերման մասին՝ ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի ավագ դատախազ Արթուր Ղամբարյանը կարևորեց ոստիկանության կողմից օպերատիվ հետախուզական աշխատանքները:
Նա նաև առաջարկեց փոփոխություններ անել Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածը, որը վերաբերում է կաշառքին. «Երբ կաշառք ստացողն իրավապահ մարմիններին հայտնում է, որ իրեն ընտրակաշառք են տվել, մենք պետք է իրավական հիմք ունենանք նրան ազատելու քրեական պատասխանատվությունից, որպեսզի կաշառք ստացողները համագործակցեն իրավապահների հետ: Ցավոք, պատասխանատվությունից ազատելու որևէ հիմք չկա, և կարծում եմ, որ օրենքի կատարելագործման խնդիր ունենք»,- նշեց Ղամբարյանը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը պարզաբանեց. «Օրենսդիրը թույլ է տալիս դատախազին միջին և թեթև ծանրության հանցագործությունների դեպքում անձին ազատել քրեական պատասխանատվությունից՝ գործուն զղջալու հիմքով (հոդված 72)»:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը կարևորեց օպերատիվ կանխարգելիչ միջոցառումները ընտրակաշառքի հայտնաբերման ուղղությամբ: «Չեմ կարծում, որ դրանք չբացահայտվող դեպքեր են, պարզապես նման խնդիր չի դրվել ոստիկանության առջև՝ աշխատանքներ տանել ընտրակաշառք բաժանելու «որջերը» գտնելու ողղությամբ, որտեղից ամեն ինչ կազմակերպվում է»,- նշեց Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ ինքը չի հիշում ոստիկանության կամ հատուկ քննչական ծառայության կողմից ընտրակաշառի որևէ դեպքի կամ փաստերի հայտնաբերում և կանխում:
ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանն իր պատասխանում նշեց այն գործողությունները, որոնք ձեռնարկում են ոստիկանները ընտրախախտումների հայտնաբերման համար: «Ընտրակաշառքն այնպիսի հանցագործություն է, որի մասին մենք տեղեկանում ենք ավելի շատ մարդկանց հաղորդումներից: Սակայն դա չի նշանակում, որ մենք նստում ենք և սպասում ենք, որ մեզ դիմեն: Ձեռնակվելու են օպերատիվ հետախուզական միջոցներ, դրանք կանխարգելելու համար»,- նշեց Պետրոսյանը:
Կարծիք հնչեց նաև, որ մարդիկ խուսափում են ընտրակաշառքի մասին իրավապահներին հայտնել, քանի որ շատ դեպքերում ապացույցներ չեն ունենում և վախենում են սուտ մատնության (Քր.օր. 333 հոդված) մեջ մեղադրվելուց: Արամ Թամազյան հիշեցրեց, որ սուտ մատնությունը կանխամտածված և ուղղակի դիտավորությամբ անձին վարկաբեկելն է: Իսկ եթե նա պարզապես «բարեխիղճ մոլորության» մեջ է եղել, քրեական պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող: «Թող որևէ մեկը մտահոգություն չունենա, որ եթե իր հայտնաբերած փաստը հետագայում չապացուցվեց, ինքը կենթարկվի պատասխանատվության»,- ասաց գլխավոր դատախազի տեղակալը:
