ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Համաժողովի երկրորդ կեսին հարցեր կային, պատասխանող չկար

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերն այդպես էլ անպատասխան մնացին, քանի որ «Դեպի ազատ և թափանցիկ ընտրություններ» համաժողովի երկրորդ կեսին բացակայում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) և ոստիկանության ներկայացուցիչները: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին գտնելու փորձերը ևս ձախողվեցին:
Ներկա էր միայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, ով անընդհատ նշում էր, որ հնչող հարցերը չեն վերաբերում իրենց իրավասություններին:
«Մեր քննարկման թեման հետևյալն է՝ պարզաբանել իրավապահ մարմինների լիազորությունները ձեր համար, բայց այլ հարցերի պատրաստ ենք պատասխանել»,- ընտարական իրավունքի խախտումների կամ հնչող առաջարկությունների վերաբերյալ մեկնաբանելիս անընդհատ ասում էր Թամազյանը:
«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթենիկ Սեյրանյանը ցավով նշեց, որ բացակայում են համապատասխան մարմինների ներկայացուցիչները, բայց հնչեցրեց ՀՀ ընտրական օրենսգրքից տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվող մի քանի հոդվածներ, որոնց պետք է պատասխան տա ԿԸՀ-ն:
«Օրինակ 6-րդ հոդվածի 12-րդ կետը վերաբերում է ընտրությունների հրապարակայնությանը, որի համաձայն՝ ընտրական հարաբերության որոշ սուբյեկտներ իրավունք ունեն ընտրական տեղամասում իրականացնել լուսանկարահանում և տեսանկարահանում՝ չխախտելով ընտրողների գաղտնիության իրավունքը: Պարզ չէ՝ ինչ է նշանակում գաղտնիության իրավունքը չխախտել կամ ընտրողը կարո՞ղ է լուսանկարել իր ընտրաթերթիկը, թե՝ ոչ: Մեկ այլ խնդիր է՝ արդյոք խախտում արձանագրած տեսանյութը համարվելու՞ է հետագայում ապացույց, թե՝ ոչ»,- բարձրաձայնեց Սեյրանյանը:
Նույնկերպ անհասկանալի է, թե ինչ է նշանակում մեքենաների կուտակում, քանի՞ մեքենան ու ո՞ր տեսակի մեքենաների կուտակումն է խախտում համարվում ընտրության օրը: Մեկ այլ խնդիր է նաև այն, որ ԿԸՀ-ն կարող է համապատասխան կազմակերպությանը զրկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից, եթե պարզվի, որ դիտորդներից մեկն աջակցում է այս կամ այն կուսակցությանը: Սեյրանյանի կարծիքով՝ անհայտ է, թե ինչպես են աջակցությունը ու դրա չափանիշները որոշելու, առավել ևս անընդունելի է մեկի պատճառով սահմանափակել ամբողջ կազմակերպության գործառույթները:
«Սրանք հարցեր են, որոնց ԿԸՀ-ն պետք է պարզաբանում տա մինչև ընտրությունները»,- հայտարարեց Սեյրանյանը:
Կանխարգելե՞լ, թե խախտում իրականացնելուց հետո լուծումներ փնտրել
«Այս պահին, երբ մենք փորձում ենք սրտացավորեն հարցեր քննարկել, ընտրակեղծիքները սկսել են արդեն: Չնայած նրան, որ հանրապետությունում արտագաղթը բարձրացել է, ստեղծվում են նոր ընտրատեղամասեր, ու այս հարցին ոչ մի մարմին հետամուտ չի լինում: Դա արդեն իսկ մտահոգությունների տեղիք է տալիս»,- ասաց Սեյրանյանը:
Կանխարգելման մասին խոսեց նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ խորհրդի նախագահ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտակ Կիրակոսյանը: ՔՀԻ-ն մեծ փորձ ունի ընտրությունների հարցով, քանի որ ընտրությունների օրը 2007թ.-ից իրականացնում է «շտապ օգնության» մեքենաների ծրագիրը, որն ավելի շատ վերահսկող ու կանխարգելիչ ֆունկցիա է իրականացնում շրջող իրավաբանների, դիտորդների, ակտիվիստների ու լրագրողների օգնությամբ:
«Ընտրական իրավունքի վերականգնումն իրապես շատ բարդ է ու իրականանալի չէ խախտումներից հետո, ու դա է պատճառը, որ խախտումները կանխարգելելը շատ ավելի կարևոր է: Դատախազության մոտեցումն այս համաժողովի ընթացքում այն էր, որ իրենք իրավասու չեն փոքրիկ կանխարգելման քայլեր կատարել ու դրա պատճառով էլ ամբողջ քննարկումը որոշակի առումով դառնում էր անիմաստ: Այնպիսի տպավորություն էր, որ ամբողջ միջոցառումը կազմակերպված էր, որ ասեին, թե դատախազության վրա հույս մի դրեք՝ չենք դնի»,- ասում է Կիրակոսյանը:
Հարց հնչեցնողների մեջ էր նաև ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ում մտահոգում է, թե, ինչպես է պատրաստվում աշխատել դատախազությունն այն լրատվամիջոցների հետ, ովքեր հրապարակում են ընտրակեղծիքների մասին տեղեկություններ՝ առանց հղումների:
«Խնդիրը վերաբերում է, ոչ միայն ընտրություների վերաբերյալ խախտումներին: Վերջերս նման խնդիրներ ունեցանք զինվորական դատախազության հետ, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչները դժգոհություն էին հայտնել, որ իրենց կանչել են և լրատվության աղբյուրների մասին հարցեր ուղղել: Մենք պետք է նորից ուսումնասիրենք ԶԼՄ օրենքը ու ղեկավարվենք այդ օրենքի դրույթներով»,- դատախազին պարզաբանում տվեց նրա տեղակալ Թամազյանը:
Նոր աշխատանքային խումբ ու բաց դռներ դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն աշխատելու է մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման, դրանց նկատմամբ դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Այն նաև համակարգելու է համապատասխան դատախազությունների գործունեությունը:
Հնչեց առաջարկ, որ ՔՀԻ-ն ևս ներգրավվի այդ խմբի աշխատանքներում արդյունավետության համար, բայց հստակ պատասխան չեղավ այդ հարցին:
Counterpart International- Հայաստան ծրագրի ղեկավար Ալեքս Սարդարը ողջունեց դատախազության բաց համագործակցության միտքը, բայց նաև ավելացրեց. «Համագործակցության հարթակ ստեղծելու համար միայն պետք չէ ասել, որ ձեր դռները բաց են, դուք պետք է նաև հրավիրեք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ու կոնկրետ գրաֆիկ ստեղծեք հանդիպումների ու համագործակցության համար»:
Համաժողովի ընթացքում Սարդարի մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ պետական մարմինները չեն համագործակցում իրար հետ բոլոր մակարդակներում, ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ դրա պատճառով արդեն չեն կողմնորոշվում՝ ուր գնան, ում հետ խոսեն, որ իրենց բարձրացրած խնդիրները լուծում ստանան:
