ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքները զինված ուժերում՝ ՀԿ–ների դիտարկմամբ
Գոյություն ունեցող իրավական մեխանիզմները հնարավորություն չեն տալիս պատշաճ քաղաքացիական վերահսկողություն իրականացնել ՀՀ զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և կանխարգելելու համար. այս եզրակացությանն է եկել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ)գրասենյակն իրականացրած ուսումնասիրության արդյունքում:
Ապրիլի 5-ին ՀՔԱՎ գրասենյակը հրապարակեց «Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական և հասարակական վերահսկողության հնարավորությունները Հայաստանում» զեկույցը, իսկ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն ներկայացրեց բանակում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ իր կատարած ուսումնասիրությունը:
«Զինված ուժերի համակարգում ոչինչ չի փոխվում, ցավոք սրտի: Այնքանով, որքանով գնում է ահազանգում, լուսաբանում, այնքանով իմիտացիա է արվում, իբր բան ենք փոխում, բայց իրապես համակարգային փոփոխություն չկա, օրենսդրական փոփոխություն չկա, նույնիսկ կադրային փոփոխությունները, որոնք իբր ուղղված են ինչ-որ բան փոխելուն, նույնպես տրամաբանություն չունեն: Փոփոխելու ցանկություն չկա, որովհետև ներկա վիճակը ձեռնտու է իրենց, որովհետև դա կոռուպցիայի մեծ աղբյուր է»,- www.hra.am –ին ասաց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հասարակական վերահսկողության իրավական հիմքերի բացակայություն, պաշտպանության ոլորտին վերաբերող տեղեկատվության գաղտնիություն, այդ թվում՝ բյուջեի, զինված ուժերում ներքին բողոքարկման մեխանիզմների բացակայություն և մարդու իրավունքների խախտման դեպքերի ուղղությամբ ոչ պատշաճ քննություն. ըստ հրապարակված զեկույցի՝ սրանք 2011թ. ԶՈՒ ոլորտում առկա հիմնական խնդիրներն են:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2011թ. բանակում գրանցված մահացությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է: «Բայց գրանցված դեպքերը չեն նվազել, պարզապես այդ դեպքերի արդյունքում ավելի քիչ մահեր են գրանցվել: Եթե 2010թ. եղել է 44 մահ՝ 25 միջադեպի արդյունքում, 2011թ. եղել է՝ 39 մահ՝ 26 դեպքի արդյունքում»,- նշում է Արթուր Սաքունցը: Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2005-2011թթ. զինված ուժերում գրանցվել է մահացության 325 դեպք, որից միայն 38-ն են եղել հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում:
Պաշտպանության նախարարին կից Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, որպես խնդրի լուծման մի տարբերակ, տեսնում է պայմանագրային ծառայությունը, որը կարող է դառնալ նախադրյալ հետագայում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար: «Մի բան է ունենալ զինվոր 18-20 տարեկան և մի միջավայր, որտեղ դեռ կա միմյանց հրմշտելու, ինքնահաստատվելու և միմյանց նկատմամբ առավելություններ ձեռքբերելու միտումներ, մեկ այլ բան է ունենալ 27-30-35 տարեկան արդեն կայացած տղամարդկանց, ովքեր գիտեն ինչի համար են այդտեղ գտնվում, նրանք աշխատում են և վարձրատրվում»,- կարծում է Հարությունյանը:
Արթուր Սաքունցը պայմանագրային ծառայության անցնելը փրկություն չի համարում. «Այն ձևով, որ հիմա դա արվում է, չի կարող իրավիճակը փոխել: Պայմանագրային զինծառայողները նույնիսկ չունեն պայմանագրի օրինակն իրենց ձեռքին, ինչի՞ մասին է խոսքը»,- նշեց նա:
«Բանակի ամենալուրջ խնդիրը մարդկային կորուստների խնդիրն է»,- ասում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը: «Պաշտպանության նախարարությունը փորձում է այդ խնդրի լուծման ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկել, իրենք ասում են, որ աշխատում են, բայց ինչո՞ւ մենք այդ աշխատանքի արդյունքը չենք տեսնում: Պաշտպանության նախարարը ընդունում է ծնողներին, լսում է, դա գուցե մարդկային տեսանկյունից ինչ-որ ուշադրություն է ծնողի նկատմամբ, սակայն ոչ մի արդյունք չի լինում»,- հավելում է նա:
Ժաննա Ալեքսանյանի խոսքերով՝ բանակում որդի կորցրած մայրերը մնում են միայնակ իրենց վշտի հետ, որին գումարվում են նոր խնդիրներ՝ ոչ արդար քննություն, որը ձգձգվում է տարիներով, փոխհատուցման բացակայություն, անտարբերություն կամ վատ, կոպիտ վերաբերմունք:
«Մենք միտում ենք տեսնում քննությունը ձգձգելու մեջ, դա արվում է, որպեսզի ծնողները հոգնեն դռնեդուռ դիմելուց, հիասթափվեն և չշարունակեն պայքարը: Նաև բազմաթիվ դեպքեր ինքնասպանություն են որակվում: Մենք կարծում ենք, որ դա արվում է պաշտպանության նախարարության վարկը և հեղինակությունը պաշտպանելու համար»,- ասում է նա:
Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ բանակում կատարվող հանցագործությունների բացահայտումը կարող է կանխարգելիչ դեր ունենալ և վերացնել անպատժելիության մթնոլորտը: Նա հուսով է, որ ՊՆ-ն կհամագործակցի հասարակական կազմակերպությունների հետ, որոնք փորձում են առողջացնել բանակը:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը զինված ուժերում խաղաղ պայմաններում մահացության 325 դեպքը սահմռկեցուցիչ թիվ է համարում և կարծում է, որ պետությունը պետք է «ցկյանս փոխհատուցի ծնողներին», քանի որ պատասխանատվություն և պարտականություն է կրում այդ կյանքերի համար:
Ա. Զեյնալյանի կարծիքով՝ պետք է քննության հրապարակայնությունը մեծացնել՝ իհարկե, ողջամտության սահմաններում, դատաբժշկական փորձաքննության ոլորտում լուրջ բարեփոխումներ անել, որպեսզի արդյունքները վստահություն ներշնչեն։
«Տուժողի իրավահաջորդները բարձրացնում են հարցեր, դրանք պատասխան չեն ստանում և մնում է կասկած ու կասկածի որդը մեզ ներսից ուղղակի կրծում է: Եթե պատասխան լիներ, գուցե փարատեր մեզ, բայց ինձ անձամբ չեն բավարարում այն պատասխանները, որոնք տալիս է դատախազությունը»,- նշում էԱրտակ Զեյնալյանը:
Զեկույցների հեղինակները նկատում են, որ միայն խնդիրներ բարձրացնելը բավական չէ փոփոխությունների հասնելու համար: «Մենք յուրաքանչյուր խնդրի ուղղությամբ աշխատել ենք, աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել: Բայց, ցավոք սրտի, սայլը տեղից չի շարժվում»,- իր խոսքը եզրափակեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
