ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թեկնածուներն այդպես էլ չեն բացատրում՝ ինչպե՞ս են իրագործելու իրենց խոստումները
Նախընտրական շրջանում
լրագրողներն ավելի շուտ արձանագրողի դեր են տանում՝ ԱԺ պատգամավորության թեկնածուներին
չտալով այնպիսի հարցեր, որոնց պատասխաններից պարզ կդառնա՝ ինչպես են իրականացնելու
իրենց նախընտրական ծրագրերը. այս եզրակացության են եկել Կովկասի ինստիտուտի մասնագետները՝
ամփոփելով 2012թ. ՀՀ խորհրդարանական ընտրությունների
մոնիտորինգի առաջին փուլի արդյունքները:
Նույն ուսումնասիրության
համաձայն՝ երբեմն թեկնածուները տալիս են այդ պատասխանները, սակայն լրագրողները տեղյակ
չլինելու կամ սուբյեկտիվ պատճառներով չեն ներկայացնում ընտրողի համար կարևոր այդ հարցի
պատասխանը:
«Մենք վերցնում ենք ամբողջական
ձայնագրություններն ու համոզվում ենք, որ լրագրողները գրում են թեկնածուների ոչ այդքան
կարևոր խոսքերի մասին, որոնք այդպես էլ կոնկրետ հարցի պատասխան չեն պարունակում»,-
ասում է Կովկասյան ինստիտուտի պլանավորման բաժնի ղեկավար Նինա Իսկանդարյանը:
Կովկասյան ինստիտուտի դիտարկման
համաձայն՝ գրեթե բոլորի ծրագրերում ներառված է երեխա ունենալուց հետո հետծննդաբերական
շրջանի նպաստի, ծերության թոշակի բարձրացման
հարցը, խոստանում են համակարգչով ապահովել յուրաքանչյուր առաջին դասարանցու: Բայց ոչ ոք չի նշում, թե ինչպես ու
չկա որևէ ծրագիր, որը կարելի է լավագույնը կոչել, քանի որ բոլորն էլ ունեն թերություններ:
Իսկանդարյանը չի հասկանում, թե
ինչու լրագրողներն չեն տալիս օրինակ նման հարցեր՝
եթե թեկնածուն պատրաստվում է նվազեցնել հարկերը, ապա ինչպես է գումարներ բերելու պետական
բյուջե, չէ՞ որ պետական աշխատողների աշխատավարձի բարձրացումը պայմանավորված է հենց
դրանով:
«Կամ ինչպե՞ս են պատկերացնում
բանակի խնդիրների լուծումը, որն այդքան արդիական է այսօր: Եթե աշխատատեղեր եք ավելացնելու,
ինչի՞ հաշվին՝ հանքարդյունաբերության: Իսկ բնապահպանական խնդիրներն այդ պարագայում
ինչպե՞ս եք լուծելու»,- հարցնում է Իսկանդարյանը:
Համեմատելով նախորդ տարիների
թեկնածուների նախընտրական ծրագրերը՝ ինստիտուտի դիտարկմամբ նոր ծրագրերը որոշ չափով
ավելի կոնկրետ են դարձել, քանի որ այնտեղ կուսակցությունները միայն արտաքին քաղաքականությանը
չեն անդրադառնում, այլ նաև երկրի ներքին խնդիրներին:
Կովկասյան ինստիտուտի աշխատակիցները
նշում, են որ ծրագրերը նաև մատչելի չեն շարադրված. կամ համառոտ են ու ոչինչ չասող,
կամ շատ երկար են:
