Կուսակցությունները չեն ներկայացնում դատաիրավական բարեփոխումների մեխանիզմներ

5–րդ գումարման խորհրդարան ձգտող կուսակցությունների նախընտրական ծրագրերում ներկայացված է դատաիրավական բարեփոխումների իրականացումը՝ որպես կարևոր անելիք, սակայն ոչ բոլորն են առաջարկում հստակ մեխանիզմներ, թե ինչպես կարող են հասնել իրենց նպատակներին:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախաձեռնած «Դատաիրավական խնդիրների լուծումները քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում» թեմայով կլոր սեղանին Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցող 9 կուսակցություններից ներկա էին «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), Հայաստանի հանրապետական (ՀՀԿ), Հայաստանի կոմունիստական (ՀԿԿ),Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) և «Միավորված հայեր» (ՄՀԿ) կուսակցությունների ներկայացուցիչները։

«Մենք հաճախ լսում ենք քննադատություն իշխանությունների նկատմամբ այս արժեքները ոտնահարելու համար, գալիս են ընտրությունները, ու նրանք խոստումներ են տալիս, բայց ես 20 տարի լսել եմ այդ ամեն ինչը ու եկել եմ այն համոզման, որ կարևորը մեխանիզմներն են, ոչ թե ուղղակի խոստումները, որոնք այս ընտրությունների նախըտրական ծրագրերում չեմ տեսել»,- ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:

Իսկ մեխանիզմները, նրա համոզմամբ, առաջին հերթին իշխանության տարանջատումն ու սահմանափակումն է:

«Ընդհանրապես դատական իշխանությունը տվյալ պետության ողնաշարն է. եթե ունես անկախ դատական իշխանություն, կարող ես մարդու իրավունքի հարցերը լուծել ու տնտեսական զարգացման խթան հանդիսանալ»,- համոզված է Իշխանյանը:

ԲՀԿ ներկայացուցիչ Արթուր Թամազյանը նշեց, որ իրենց ծրագրերում ընդհանրապես չեն ներառել այդ խնդիրները, քանի որ կարևորում են սոցիալական, տնտեսական, բնապահպանական ոլորտները:

«Պետք չէ ընտրողներին ծանրաբեռնել, առավել ևս, որ նման ծրագրերն ըստ էության չեն էլ կարդացվում»,- կարծում է Թամազյանը:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը փաստեց, որ իրենք միշտ են կարևորել դատաիրավական բարեփոխումները ու միշտ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնություններով, որոնց մյուս կուսակցությունները միշտ դեմ են քվեարկել ԱԺ-ում:

«Այսօր էլ քրեակատարողական մարմիներում պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումները կամայական են ու չեն բխում օրենքից՝ չնպաստելով, որ դատապարտված անձը արագ վերադառնա հասարակություն: Դատական համակարգի ներկայացուցիչներն այսօր նոտարական գրասենյակի դերակատարություն ունեն, քանի որ հաստատում են գործադիր իշխանության ցանկությունները»,- համոզված է Փոստանջյանը:

Փոստանջյանը կարծում է, որ այսօրվա գործող դատավորների նկատմամբ «կիլոներով կոմպրոմատներ» կան ու այդ պատճառով դատավորները, եթե ուզեն էլ, չեն կարող արդար դատավճիռ կայացնել, քանի որ պետք եղած դեպքում այդ կոմպրոմատները նրանց դեմ կօգտագործեն:

«Պետք է վերցնել այդ կոմպրոմատները ու բարձրացնել դատավորների աշխատավարձը, որ նրանք չուզենան կորցնել այն և ազատ լինեն»,- առաջարկում է Փոստանջյանը:

ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը համաձայնվեց Փոստանջյանի վերջին առաջարկի հետ՝ նշելով, որ դատավորին աշխատանքից ազատելու դեպքում էլ հրապարակային քննարկումներ պետք է լինեն և ոչ թե ՀՀ արդարադատության խորհուրդը որոշում կայացնի փակ սենյակում:

Արդարադատության խորհրդի անդամները, Մինասյանի համոզմամբ, չպետք է նաև բարեկամ դատավորներ ունենան:

«Մենք առաջարկում ենք դատարան դիմելու վերաբերյալ պետական տուրքերի վերանայում, քանի որ կա անհամաչափություն ու անհամապատասխանություն, որը թույլ չի տալիս արդարադատության համակարգից մատչելի ձևով օգտվել»,- ասաց Մինասյանը:

«Միավորված հայեր» կուսակցության ներկայացուցիչ Սիմա Իսկանդարյանը նշեց, որ չեն կարևորել 103 ցմահ դատապարտյալների իրավունքները, քանի որ նրանք փոքր ընտրազանգված են կազմում: Բայց առաջարկություններ ունեն այլ ոլորտների համար.

«Այն պաշտոնատար անձը, ով իրեն անփոխարինելի է համարում մինչև 65 տարին ու օգտվում է անձեռնմխելիության ինստիտուտից, չի կարող չգտնվել այսպես կոչված «ռելաքսացիայի» մեջ ու կարող է զերծ մնալ պատասխանատվությունից: Այս կարգը պետք է փոխենք, նաև դատավորների ընտրության կարգը պետք է փոխել, պետք է լինեն ոչ թե նշանակովի այլ ընտրովի դատավորներ»,- կարծում է Իսկանդարյանը:

Նա առաջարկում է կալանքից բացի խափանման այլ միջոցներ ընտրվեն հանցագործությունը պատժելու համար, քանի որ հանցագործին, ենթարկվելով նյութական զրկանքների, 2 կարևոր գործ կլուծվի.

«Այդ միջոցները կգնան պետական բյուջե և կպակասի այսպես կոչված «ձրիակերների» ցանկը, որոնք քիչ չէ հանցանք են գործում, նաև ուտում են պետության հացը»,- զայրանում է Իսկանդարյանը:

ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչը նշեց, որ իրենք բարձրաձայնելու են խափանման միջոցն այլ ձևերով փոխարինելու և պայմանական վաղաժամկետ ազատման հարցերը:

Իսկ ՀԿԿ–ն պատրաստվում է վերականգնել մահապատիժը: ՀԿԿ համամասնական ցուցակի պատգամավորության թեկնածու Անդրանիկ Ղուկասյանը համոզված է, որ ցմահ դատապարտյալները կյանք են խլել, ուրեմն պետք է պատժվեն:

ՀԿԿ-ն ուզում է նաև, որ գործի միայն երկու դատարան՝ գերագույն ու ժողովրդական դատարաններ:

Թե որ կուսակցությունները կհայտնվեն 5–րդ գումարման խորհրդարանում, պարզ կդառնա մի քանի օրից։ Իսկ թե նրանցից քանիսը կհետևեն իրենց նախընտրական ծրագրերին և կգտնեն այդ ծրագրերն իրականացնելու մեխանիզմներ՝ կպարզվի մի քանի տարի հետո։